Պոլիտեխնիկում վհուկների որս չի լինելու

Պոլիտեխնիկում վհուկների որս չի լինելու

Ռեկտորի ընտրություններն ավարտված են եւ կանխատեսելի էին, ինչպես հայաստանյան բոլոր ընտրությունները։ Երեք բուհերից երկուսում ընտրությունը մաքուր «բրեժնեւյան» էր։ Բժշկական համալսարանում եւ ԵՊՀ-ում ընտրվեցին միակ գրանցված թեկնածուները՝ գործող ռեկտորներ Միքայել Նարիմանյանն ու Արամ Սիմոնյանը, իսկ Պոլիտեխնիկում, որը կոչված էր «փրկելու» գործընթացի դեմքը, հաղթեց այլընտրանքային թեկնածուն՝ բուհի նախկին ռեկտոր, դաշնակցական Ոստանիկ Մարուխյանը, որն ընկալվում էր որպես իշխանության, մասնավորապես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ Պոլիտեխնիկի կառավարման խորհրդի վերջերս ընտրված նախագահ Սամվել Նիկոյանի աջակցությունը վայելող թեկնածու։



Թերեւս միակ անակնկալը, որ խորհրդի 32 անդամներից 12-ը (8 դասախոս եւ 4 այլ անձ) ձայն էր տվել Պոլիտեխնիկի նախկին ռեկտորին՝ Հովհաննես Թոքմաջյանին, ուրախալի էր։ Նշանակում է՝ Պոլիտեխնիկը, այնուամենայնիվ, շարունակում է մնալ Հայաստանի ամենադեմոկրատական բուհը։ Հիշեցնենք, որ Հովհաննես Թոքմաջյանի օրոք այստեղ պայքար էր գնում բուհի ղեկավարի դեմ․ ուսխորհրդի անդամներն էին բարձրաձայնում ճնշումների մասին, դասախոսներ էին հեռացվում։ Այժմ կարծես թե Թոքմաջյանի հեռանալու ժամանակն է։ Երեկ կեսօրին Պոլիտեխնիկի կուլիսներից լուրեր էին տարածվում, թե մի քանի դասախոսներ արդեն աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Նորընտրիր ռեկտորը պարզաբանեց, որ համալսարանում վհուկների որս չկա, որ ոչ մի դասախոս չի հեռացել, այլ դիմումներ են գրել նախկին ռեկտորի երկու խորհրդականները եւ աշխատակազմի ղեկավարը։ «Բնական է, որ նա իր հետ բերել էր երկու խորհրդականների։



Մեկը՝ Ռաֆայել Վահանյան, մյուսը՝ Էդիկ Ղազարյան։ Նրանք հենց շաբաթ օրն են գնացել Թոքմաջյանի մոտ եւ գնալու ցանկություն հայտնել։ Մյուսը Սամսոն Զատիկյանն էր՝ աշխատակազմի ղեկավարը, իր բերած անձը, նախկին ոստիկան, որը նույնպես դիմում է գրել եւ դուրս եկել։ Սա նրա թիմն էր, եւ ես բնական եմ համարում, որ նրանք հեռանում են։ Ես ունեմ իմ թիմը, իմ մարդիկ, որոշ երիտասարդ կադրեր կան, որոնց ես կբերեմ։ Ես ինչո՞ւ պետք է պարտադրված լինեմ նրանց հետ աշխատելու»,- ասաց արդեն իրեն տեր ու տնօրեն զգացող ռեկտորը։



- Իսկ Հովհաննես Թոքմաջյանի հետ կաշխատե՞ք։



- Նա ունի գիտական թեմա մեզ մոտ եւ կշարունակի աշխատել գիտական բազայի լաբորատորիայում։ Նա չի դասավանդել մեզ մոտ որեւէ առարկա, հետեւապես, կաշխատի միայն բազայի լաբորատորիայում, թեմայի վրա։



- Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հաղթանակին։



- Իսկական ժողովրդավարական ընտրություն էր։ Կարծում եմ՝ այսօրվա մրցակցային իրավիճակում բավականին լավ արդյունք է։ Մասնավորապես, եթե 32 հոգուց 19-ն ինձ կողմ են քվեարկել, սա բավականին լուրջ հաղթանակ է։



- Իսկ այն, որ մարդիկ ասացին, որ Ձեզ մի կերպ են անցկացրել, որ բոլորը գրում էին, որ նախարարի մարդն է հաղթել, եւ այսօր էլ են այդպես գնահատում, ինչպե՞ս եք սրան վերաբերվում։



- Հումորով։ Ճիշտ չեն գրում։ Եթե որեւէ մեկը լսել է իմ ծրագրի հիմնավորումը, պետք է ասեմ, որ բավականին հիմնավորված ծրագիր էր։
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին, որպես գիտական աշխարհը ներկայացնող կողմնակի անձի, խնդրեցինք գնահատել այն հանգամանքը, որ ռեկտոր դառնալու ցանկություն այժմ ոչ ոք չունի՝ միայն կանխավ հաղթող թեկնածուներն են առաջադրվում։ «Լավ չեմ գնահատում, իհարկե,- ասաց նա,- բայց երեւի թե իրենց՝ թեկնածուներին պետք է հարցնեք»։



Գիտության առաջատար տեխնոլոգիաների հիմնադրամի հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանն ավելի ընդհանրական գնահատական տվեց ռեկտորի կայացած ընտրություններին։ «Ի՞նչ պետք է փոխեն ընտրված ռեկտորները։ Նրանք բոլորն էլ նախկինում եղել են այդ պաշտոնում, սակայն Հայաստանի բուհերից որեւէ մեկն անգամ ԱՊՀ ռեյտինգավորված 200 լավագույն համալսարանների ցանկում չկա։ Ղազախստանի բուհերից կան, նույնիսկ Ադրբեջանի բուհերից, բայց Արամ Սիմոնյանի բուհը, օրինակ, որն այն ժամանակ ռեկտոր էր, չկա։ Եվ սա դեռ ռուսների կատարած ռեյտինգավորումն է։ Էլ ի՞նչ խոսենք համաշխարհային մակարդակի մասին»։



Ըստ նրա, Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրությունը զուտ քաղաքական էր, եւ այն պետք է դիտարկել ՀՅԴ-ին տրվող պորտֆելների շուրջ համաձայնության շրջանակներում, որպես ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ քաղաքական համաձայնության արդյունք։
Ոստանիկ Մարուխյանը, նաեւ մյուս երկու ռեկտորները կսկսեն պաշտոնավարել հինգշաբթի օրը, կառավարության նիստից հետո, որի ընթացքում կհաստատվեն նոր ռեկտորների նշանակումները։