Ռոբերտ Նազարյան․ «Եթե սակագինը մեկ լումայով իջեցնելու հնարավորություն գտնեինք, կանեինք դա»

Ռոբերտ Նազարյան․ «Եթե սակագինը մեկ լումայով իջեցնելու հնարավորություն գտնեինք, կանեինք դա»

Հանրային ծառայությունների սակագները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը քիչ առաջ պատասխանեց «Հրապարակի» հարցին, թե հնարավոր է արդյոք, որ հանձնաժողովն այնուամենայնիվ փոխի իր որոշումը։



- Ես արդեն ասել եմ, որ մենք այսօր էներգետիկ համակարգը կայուն պահելու խնդիր ունենք, հուսալի, անվտանգ շահագործելու խնդիր ունենք, և սա ոչ միայն «Ցանցերին» է վերաբերում, այլ նաև կայաններին։ Ասել եմ նաև, որ հարցի գինը սա է։ Բոլոր լսումների ժամանակ, որոնց ես մասնակցել եմ, այդ հարցն ինձ ուղղել են, և ես ասել եմ՝ կարելի է, եթե երկու աղբյուր լինի։ Մեկը՝ եթե երկարաժամկետ, արտոնյալ վարկ ճարեք, բերեք-դնեք և տարիների ընթացքում մարեք, և բեռը թեթևանա, մյուսն էլ՝ սակագնի բարձրացումն է։ Մենք 5 հոգուց կազմված կոլեգիալ մարմին ենք և մեր դիրքորոշումը հայտնել ենք։ Եթե որևէ մեկն այդ գումարը կգտնի և կասի՝ տալիս եմ ձեզ և տեղադրեք, ոնց որ եղավ ժամանակին գազի սակագնի հետ, երբ մեզ ասեցին՝ սպառողի վրա ոչ թե 270 դոլար հաշվեք, այլ 189, բնականաբար, կվերանայենք։ Բայց այդ գումարը չկա, աղբյուրը չկա։



-Հիմա թվեր են հրապարակվում։ Ասում են, որ, օրինակ, «ՌԱՕ ԵԷՍ»-ի 2014 թվականի տարեկան հաշվետվության մեջ 14, 4 մլն ռուբլու եկամուտ է ներկայացված «ՀԷՑ»-ի մասով։ Բայց մեզ ասում են, որ վնաս են կրել։ 



- Ստահոդ ինֆորմացիա է։ Կարծում եմ, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ի  ամբողջ ընկերության շահույթի մասին է խոսվել, ոչ թե «Ցանցերի»։ 2013 թվականի աուդիտի եզրակացությամբ 9 մլրդ դրամի վնաս են ունեցել «Ցանցերը», մեր կայքում տեղադրված է։ 



—Իսկ եթե նորից ստուգեք ամբողջությամբ նրանց ֆինանսական վիճակը, այլ ռեսուրսներ չե՞ք գտնի։ 



- Եթե մեր ամբողջ վերլուծությունների արդյուքնում սակագինը գոնե մեկ լումայով իջեցնելու հնարավորություն գտնեինք, մենք այդ մի լուման էլ կիջեցնեինք։ 



-Մի խոսքով, դուք ասում եք, որ այս ակցիաները արդյուքն չե՞ն ունենալու, և սակագինը չ՞ի փոխվելու։



-Ես ասում եմ հետևյալը։ Մենք մեր ուսումնասիրությունների արդյուքնում կատարել ենք մասնագիտական խորը վերլուծություն և մեր դիրքորոշումը հայտնել ենք, բազմաթիվ հրապարակային լսումների ենք մասնակցել, որտեղ տվել ենք մեր պարզաբանումներն ու մեկնաբանությւոնները։