Դատախազությունն «էլեկտրամայդանի» դեպքերը միավորել է մեկ վարույթում

Դատախազությունն «էլեկտրամայդանի» դեպքերը միավորել է մեկ վարույթում

Վիրավոր ոստիկանների եւ «էլեկտրամայդանի» դեպքերից տուժած քաղաքացիների վերաբերյալ քննությունը միավորված է մեկ անհասկանալի մայր գործում, որը ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է «Խուլիգանություն» հոդվածով։ Արդյունքում լիակատար խառնաշփոթ է առաջացել։ Հունիսի 22-ի դեպքերը խառնվել են հաջորդ առավոտվա զարհուրելի իրադարձությունների հետ, երբ ոստիկանական բռնություններ կիրառվեցին քաղաքացիների դեմ, եւ ուղարկվել են Քննչական կոմիտե։ «2015թ. հունիսի 22-ին` սկսած ժամը 19։30-ից, տեւական ժամանակ մի խումբ անձինք, անօրինական հավաք, երթ, ապա նաեւ նստացույց կազմակերպելով Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայում, ամբողջությամբ խափանել են հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքը, խաթարել անդորրը` դրանով իսկ դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը»,- գրված է դատախազության հաղորդագրության մեջ։ Այս նույն աղմուկ-աղաղակի շրջանակներում քննում են նաեւ 23-ի լուսաբացին ոստիկանության կատարած վայրագությունների դեպքերը, տուժած քաղաքացիների են հարցաքննում, փորձաքննություններ են արվում, հիվանդանոցների գրանցամատյաններ են ուսումնասիրվում։ Առայժմ Քննչական կոմիտեն 14 տուժած ոստիկաններից է հայտարարություն ստացել, իսկ քաղաքացիների իրական թիվը դեռ պարզ չէ։ «Եթե պարզվի, որ քաղաքացիները ոստիկանական գործողություններից են տուժել, ապա կամ նյութերը կուղարկվեն դատախազություն, կամ էլ մեղադրանքներ կառաջադրվեն, նոր կուղարկվեն»,- պարզաբանեց Քննչական կոմիտեի խոսնակը։ Այնուամենայնիվ անհասկանալի է, թե ինչու ոստիկաններից տուժած քաղաքացիների գործերը չեն առանձնացվում եւ քննվում ՀՔԾ-ի կողմից, լրագրողների դեմ կատարված բռնությունների հետ մեկ վարույթում, այլ միացվել են մի անհասկանալի խուլիգանության գործում։ Երեւի, նման շիլափլավ եփելով, դատախազության համար ավելի հեշտ է մոլորեցնել մարդկանց, քողարկել, մեղմել ոստիկանական ահաբեկչությունն ու բռնությունները, որոնց տեսագրությունները երկու-երեք օր է՝ տարածում են աշխարհի առաջատար լրատվական գործակալություններն ու TV-ները։