Ոստիկանությունը մինչ այժմ աջակցել է խաղաղ հավաքին, սակայն նշված պարտականությունը ունի իր կատարման սահմանները. հայտարարություն

Ոստիկանությունը մինչ այժմ աջակցել է խաղաղ հավաքին, սակայն նշված պարտականությունը ունի իր կատարման սահմանները. հայտարարություն

Բաղրամյան պողոտայում շարունակվող ապօրինի հավաքի մասնակիցների և լրագրողների շրջանում մի շարք քաղաքացիներ, այդ թվում` պատգամավորներ բացատրական աշխատանքներ են տանում այն մասին, որ խաղաղ հավաքը ենթակա չէ դադարեցման, և ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքին:



Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունում և նշվում. «Ոստիկանությունը մինչ այս պահը չի խոչընդոտել հավաքի իրականացմանը, մասնակիցների նկատմամբ ուժ չի գործադրել, հավաքի փաստացի կազմակերպիչներին վարչական պատասխանատվության չի ենթարկել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, շարունակել է պահպանել հասարակական կարգը, այդ թվում՝ հավաքի մասնակիցների անվտանգությունը: Այսինքն` կատարել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` խաղաղ հավաքին աջակցելու պարտականությունը:



Հայտարարում ենք, որ նշված պարտականությունը ունի իր կատարման սահմանները և չի կարող կաշկանդել ոստիկանությանը` բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հավաքը դադարեցնելու հիմքերը:



Համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի`
Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը»։