«Նեմեցը» ասել է՝ բռնեք սրա թևից ու տարեք

«Նեմեցը» ասել է՝ բռնեք սրա թևից ու տարեք

Արսեն Ավետիսյանը գտնվում է «Հերացի» թիվ 1 կլինիկական հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքում։ Նրան այստեղ են տեղափոխել, քանի որ երրորդ հիվանդանոցում, որտեղ «Էյր Արմենիայի» տնօրենին տարել էին ծեծվելուց անմիջապես հետո, համապատասխան հետազոտություններ կատարելու տեխնիկական հնարավորություն չկա։ Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա» ընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին օգոստոսի 15-ին առևանգել են և ծեծի են ենթարկել Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները։ Միջադեպի արդյունքում Ավետիսյանը ստացել է քթի կոտրվածք, ուղեղի ցնցում, լեղապարկի և լյարդի վնասվածքներ։ Մարմնի վրա հայտնաբերվել են կապտուքներ և արյան զեղումների հետքեր։ Առավոտից տուժողի մոտ էին Նոր Նորքի ոստիկանության բաժնի հետաքննիչները, նրա բարեկամները, ընկերներն ու հարազատները։ Արսեն Ավետիսյանի դեմքը քթի շրջանում վիրակապած էր, նա գլխացավ ուներ և դժվարությամբ էր խոսում։ Խնդրեց մեզ հետաձգել հարցազրույցը, քանի որ ի վիճակի չէ խոսել։ Հետաքննիչների հետ նույնպես նա դժվարությամբ էր հաղորդակցվում։ «Հրապարակի» հարցերին պատասխանեց Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը։ Նա հայտնեց, որ այդ չարաբաստիկ օրը՝ օգոստոսի 15-ին, ամուսինն իրեն ուղարկեց Ջերմուկ, իսկ ինքը գնաց Ֆուտբոլի ֆեդերացիայի բաց լողավազանի  մոտ գտնվող սրճարան՝ ֆեդերացիայի նախագահի՝ գործարար Ռուբեն Հայրապետյանի հետ հանդիպման։ «Հանդիպման մասին պայմանավորվել էին նախապես, ամուսինս որպես գործարար մարդ, մենակ գնաց հանդիպման, կարծելով, որ սովորական գործնական զրույց է սպասվում», - ասում է կինը։ Զրույցի թեման եղել է «Էյր Արմենիայի» պարտքը «Ալլա ինտերնեյշնլ» ընկերությանը, որից «Էյր Արմենիան» վարձակալում էր «Բոյինգ» օդանավը։ Պարտքի չափը Իզաբելլային հայտնի չէր, սակայն Ավետիսյանի ընկերներից մեկը, որը նաև աշխատում էր «Էյր Արմենիայում» հայտնեց, որ պարտքը կազմում էր 1 մլն դոլարից քիչ ավելի։ «Հանդիպման ժամանակ Հայրապետյանը ամուսնուս ասել է՝ դու Գառնիկին չես պարտք, դու ինձ ես պարտք։ Ամուսինս էլ ասել է՝ իմ խնդիրը Գառնիկ Պապիկյանի և նրա «Ալլա Ինտերնեյշնլ»-ի հետ է, ես գումարները կփոխանցեմ «Ալլա Ինտերնեյշնլ» -ին, դուք ձեր մեջ ոնց ուզում եք, լուծեք ձեր հարցերը։ Մի խոսքով, համաձայնության չեն եկել։ Հայրապետյանը շուռ է եկել, թիկնապահներին ասել է՝ բռնեք թևից, տարեք։ Արսենը ասել է՝ թողեք թևերս։ Այդ ժամանակ թիկնապահները 5-7 հոգով հարձակվել են և ծեծի են ենթարկել Արսենին։ Այդ ժամանակ սրճարանում հանգստացող մարդիկ վախեցած հավաքվել են և փախել են։ Արսենը պատմել է, որ նրան գցել են գետին և ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել։ Հետո տարել են մի 100 մետր այն կողմ գտնվող բաց տարածք, մի 50 հոգով շրջապատել են և պահել են այնտեղ, ասել են, որ բաց չեն թողնի, մինչև չհամաձայնվի իրենց մուծել գումարը»։ Տեսնելով, որ Արսեն Ավետիսյանը կինը նույն օրը աղմուկ է բարձրացրել ԶԼՄ-ներով, հանցագործները ստիպել են Արսեն Ավետիսյանին զանգահարել Իզաբելլային և պահանջել, որ դադարեցնի աղմուկը։ «Բայց ես ճիշտ հակառակն արեցի։ Հավանաբար, նրանք վախեցան, որ իրավապահներն են արդեն խառնվում, և բաց թողեցին Արսենին», - պատմում է Իզաբելլա Մելքումյանը։ Նա նաև հայտնեց, որ Արսեն Ավետիսյանի և Հայրապետյանի միջև սա երկրորդ հանդիպումն էր։ Առաջինը տեղի է ունեցել դեպքից մեկ ամիս առաջ։ Այն ժամանակ հանդիպմանը ներկա է եղել նաև Գառնիկ Պապիկյանը։ Արսեն Ավետիսյանը դեռ սպասում էր East Prospect Fund ընկերության հետ բանակցությունների արդյունքին, և ասել էր Պապիկյանին, որ օգոստոսի 15-ին լավ լուրերի է սպասում։ Երբ դրանք լինեն, այն ժամանակ էլ կհանդիպեն և կխոսեն։ Հանդիպեցին, բայց այդ հանդիպման արդյուքում Ավետիսյանը հայտնվեց հիվանդանոցում։ Իզաբելլա Մուրադյանը վստահեցնում է, որ Ռուբեն Հայրապետյանը սպառնացել է իր ամուսնուն, ասելով, որ եթե մի բան այնպես չեղավ, երեխաներն են պատասխան տալու` «պարտքդ կվճարեն երեխաներդ»։ Ռուբեն Հայրապետյանը ներկայումս հանրապետոությունում չի։ Նա հրաժարվեց մեկնաբանել իր և թիկնապահների պահվածքը։ Հայաստանում չի նաև Գառնիկ Պապիկյանը։ Մենք խոսեցին դատաբժշկի հետ, որը եկել էր հիվանդանոց Արսեն Ավետիսյանի վնասվածքներն արձանագրելու։ Վերջինս վստահեցրեց, որ Ավետիսյանի բոլոր վնասվածքները նկարագրել է, ոչինչ բաց չի թողել։