ՕԵԿ-ը չի գնա Սերժ Սարգսյանի հետ հանդիպման

ՕԵԿ-ը չի գնա Սերժ Սարգսյանի հետ հանդիպման

Վենետիկի հանձնաժողովի փորձագետները ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում այսօր, ժամը 10-ին կհանդիպեն հասարակական եւ քաղաքական գործիչների հետ՝ քննարկելու սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Խորհրդարանում ներկայացած ոչ իշխանական ուժերը, բացառությամբ ՀԱԿ-ի, կմասնակցեն այդ հանդիպմանը, սակայն Բաղրամյան 26-ի «հաճախորդների» թիվը կարող է այս անգամ նվազել:



Երեկ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեր զրույցում ասաց, որ հրավեր չկա, բայց եթե լինի էլ, չեն մասնակցի։ «Մասնակցենք, որ ի՞նչ անենք»,- ասաց նա՝ փաստարկելով, որ ՕԵԿ-ի ներկայացրած առանցքային 5 պահանջներից ոչ մեկը հաշվի չեն առել: Մինչդեռ տեղեկություններ կան, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը նախագահական լուրջ հավակնություններ ունի եւ այն բավարարելու համար անգամ «գործին խառնել» է ռուսաստանցի գործընկերներին։ Սրանով է պայմանավորված ՕԵԿ-ականների «արմատական» դիրքորոշումը, որոնք, հավանաբար, փորձելու են մինչեւ գործընթացի ավարտն ինչ-որ բան կորզել իշխանությունից: Սպասվում է, որ նախագահական այցերը պետք է սկսվեն վաղվանից, բայց երեկվա դրությամբ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, անգամ ՀՅԴ-ականները, վստահեցնում էին, որ դեռ հրավեր չեն ստացել:



- Պարոն Մարգարյան, ի՞նչ հարցեր եք պատրաստվում բարձրաձայնել Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:



- Մենք մեր առարկություններն ենք ներկայացնելու եւ այն հինգ առանցքային առաջարկները, որոնք տեղ չգտան նախագծում: Ավելին՝ պետք է ասեմ, որ Վենետիկի հանձնաժողովի անդամներն էլ են մտահոգություններ հայտնել մեր առաջարկների վերաբերյալ, որոնք չեն ընդունվել, այսինքն՝ իրենց դիտողություններն էլ են համընկնում մեր առաջարկներին՝ կապված ընտրիչների ինստիտուտի հետ: Եթե մենք, ի վերջո, ներդնում ենք ընտրիչների ինստիտուտը, եկեք չհանենք նախագահի ինստիտուտը, եկեք թողենք, որ ժողովուրդն ընտրի: Չէ՞ որ մենք գիտենք, որ ՏԻՄ մարմինները՝ ավագանու անդամ, գյուղապետեր, այնքան էլ ազատ չեն գործում, որն առաջարկում են նախագծով, եթե ասում ենք խորհրդարանական համակարգ, եկեք ընտրությունը թողնենք խորհրդարանին:



Կամ՝ նախագահի լեգիտիմությունն ապահովելու համար եկեք ընտրության շեմ նվազագույնը սահմանենք ԱԺ-ի ¾-ը, որովհետեւ գիտենք, որ որեւէ քաղաքական ուժ չի կարողանա նույնիսկ 2/3 ապահովի, եթե մենք իրականում փորձենք համամասնական ընտրակարգով ընտրություն անցկացնենք: Ներկայացված փաստաթղթում նման շատ թերի կետեր ու հակասություններ կան: Եթե խոսք է գնում խորհրդարանի դերակատարման բարձրացման մասին, մենք չենք կարող խորհրդարանում սահմանել, որ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է պատգամավորների 2/5-րդի ստորագրությունը: Կամ՝ որ խորհրդարանի ընտրությունների ու կայուն մեծամասնության հետ կապված գրել են՝ մանրամասները կսահմանվեն Ընտրական օրենսգրքով, ի՞նչ մանրամասների մասին է խոսքը:



Օրինակ, եթե երկրորդ փուլ են անցել առաջին եւ երկրորդ տեղերն զբաղեցնող ուժերը, եւ երկրորդ փուլում ընդամենը 10 հազար մարդ է մասնակցել ընտրություններին ու մեկին 6 հազար մարդ է ընտրել, մյուսին՝ 4, ի՞նչ է ստացվում, որ մեկն ստացավ 60 տոկոս ձայն, մյուսը՝ 40: Իսկ հնարավոր է երկրորդ փուլ չանցած եւ չորրորդ տեղն զբաղեցրած մի ուժ լինի, որն ավելի շատ ձայն ստացած լինի, քան երկրորդ փուլում նրանք: Չկա մի սահմանադրություն, որտեղ հստակ ֆիքսված չլինի պատգամավորների թիվը, գրված է առնվազն 101, բայց կարող է հասնել 201-ի: Մի խոսքով՝ հակասությունները շատ են:



- Հաշվի առնելով, որ այդպիսի փաստաթուղթ է ներկայացվել, ու չեն ընդունվել ՕԵԿ-ի առանցքային առաջարկները, ընդունելո՞ւ եք Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը:



- Այս պահի դրությամբ մենք ոչ մի հրավեր չունենք, բայց եթե լինի էլ, բնականաբար, մեր առաջարկները քանի որ չեն ընդունվել այս նախագծում, գնանք հանդիպման, որ ի՞նչ անենք:



- Ճի՞շտ է, որ Արթուր Բաղդասարյանն ուզում է նախագահ դառնալ, թեկուզ սահմանափակ լիազորություններով, դրանով է պայմանավորված ձեր դիրքորոշումը:



- Ես չգիտեմ ով է այդպիսի անհեթեթ մտքեր տարածում, մենք քաղաքական ուժ ենք, եւ մեր որոշումները բաց են:



- Եթե դեմ եք այս փոփոխություններին, ենթադրվում է, որ կպայքարեք դրա դեմ, կմիանաք «ոչ»-ի միասնական ճակատին, որը ՀԱԿ-ն է նախաձեռնել:



- Ինձ թվում է՝ սկսվում է նոր փուլ, երբ վերջնական տեքստը կհրապարակվի, կլինի վերջնական որոշում մեր առաջարկների հետ կապված, մենք մեր պայքարի ռազմավարության եւ մարտավարության մասին անպայման կհայտնենք, մենք, իհարկե, պայքարելու ենք, ձեռքներս ծալած չենք նստելու, որպեսզի ունենանք մի այնպիսի սահմանադրություն (եթե ցանկություն կա փոխել մեր սահմանադրությունը, որպեսզի վերացնենք մենիշխանությունը), որում իրականում կամրագրվեն այնպիսի նորմեր, որ վերջ կդնեն քաղաքական մենիշխանությանը, եւ իրականում խորհրդարանին կօժտենք բարձր լիազորություններով:



- Իսկ ձեզ համար սկզբունքայի՞ն է ՀԱԿ-ի հետ համատեղ պայքարի դուրս չգալը, թե՞ ոչ:



- Ես էլի եմ կրկնում․ կքննարկենք՝ կասենք: