Ինչ՞ու հասարակ քաղաքացու կյանքում ՀՆԱ-ի աճը չի երևում

Ինչ՞ու հասարակ քաղաքացու կյանքում ՀՆԱ-ի աճը չի երևում

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշները։ Այս հայտարարությամբ և շնորհավորական տոնով վարչապետ Հովիկ Աբրահամյանը սկսեց կառավարության նիստը։ «Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, մենք ունեցել ենք համախառն ներքին արդյունք 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում 5,1 տոկոս տնտեսական աճ։ Արդյունքում ունենք շուրջ 4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ», - ազդարարեց վարչապետը։ Նա կարևորեց գյուղատնտեսության աճը, որը արտերկրից եկող տրանսֆերտների էական նվազման պարագայում «մեղմում է արտաքին գործոններով պայմանավորված մեր քաղաքացիների գնողունակության կորուստը»։ Թե ինչու գյուղատնտեսության աճի պայմաններում մթերքը շուկայում չի էժանանում, վարչապետը չասաց։ Հավանաբար, նա հասարակ շուկաներ և բանջարեղենի վաճառքի կետեր չի այցելում։ Նա չբացատրեց նաև, թե այդ ինչ հեղափոխական առաջխաղացում է եղել մեր տնտեսության մեջ, որի արդյունքում ՀՆԱ-ն կրկնակի ավելացել է և ինչու հասարակ քաղաքացու առօրյայում այս «հեղափոխությունը» չի երևացել։