Այսօր համակարգն իմ ղեկավարությամբ աշխատում է ժամացույցի նման, եվ չկա գոնե մեկ կոպեկի խնդիր

Այսօր համակարգն իմ ղեկավարությամբ աշխատում է ժամացույցի նման, եվ չկա գոնե մեկ կոպեկի խնդիր

Դատական դեպարտամենտի պետ Կարեն Փոլադյանը նախկինում հաճախ էր «Հրապարակ» կարդում, բայց նրա ղեկավարած դեպարտամենտի մասին մեր վերջին հոդվածից հետո հիասթափվել է, եւ նրա աչքում մեր թերթն «իջել է զրոյական մակարդակի»։ Իսկ մենք գրել էինք, որ համակարգը բաց չէ ԶԼՄ-ների առաջ, եւ Դատական դեպարտամենտի նախկին պետի մասնակցությամբ խոշոր կոռուպցիոն սկանդալից հետո անգամ այն ավելի թափանցիկ չդարձավ, որ այն ուռճացվում է, նոր հաստիքներ՝ վարչություններ եւ բազմաթիվ բաժիններ են ստեղծվում, որոնք լրացուցիչ բեռ են դառնալու բյուջեի համար։



Սակայն Կարեն Փոլադյանին հատկապես վիրավորել է դեպարտամենտի մի աշխատողից ստացված տեղեկատվության բովանդակությունը, որտեղ նա հայտնում էր, որ ժամանակին հենց Փոլադյանն է անանուն նամակներ գրել տարբեր մարմիններին՝ «մատնանշելով դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի կատարած հանցագործությունները, դրանից հետո սկսվեց Մարտիրոսյանի անկումը եւ կարգադրիչների գործը»։ Ստացված տեղեկությունները ճշտելու համար մենք կորցրինք մի ամբողջ օր, եւ, ի վերջո, Դատական դեպարտամենտից մեզ պատասխանեցին, որ հարցերն ուղղենք գրավոր․ «Օրենքով սահմանված ժամկետում կպատասխանենք»։ Նյութն ստիպված էինք հրապարակել առանց դեպարտամենտի մեկնաբանության, իսկ Կարեն Փոլադյանի բջջային հեռախոսահամարը գտնելուն պես զանգահարեցինք նրան։ Զրույցն սկսվեց եւ ավարտվեց մամուլի թեմայով, որովհետեւ Փոլադյանը վիրավորված էր․ «Գրել եք, որ Կարեն Փոլադյանը անանուն դիմումներ է գրել, որ իր ղեկավարի ոտքի տակը քանդի։ Չկա նման բան, կարելի էր ճշտել, նոր գրել։ Դուք վիրավորում եք մարդուն, ստացվում է, որ Փոլադյանը տակից կեղտոտ բաներ է արել, իր ղեկավարի մասին հերյուրանք է տարածել»։ «Մենք ունեինք տեղեկություններ եւ ուզում էինք ճշտել, ինչը չէր ստացվում։ Հետո էլ՝ եթե Դուք նպաստել եք, որ այդ խայտառակ գործը բացվի, դրա մեջ վատ բան չկա»։ «Բայց դուք այլ բան եք գրել. առանց ինձ ճանաչելու, իմանալու իմ ապրածն ու իմ ով լինելը, նման հայտարարություններ եք անում։ Ես բառիս համար ներողություն եմ խնդրում, բայց դեպարտամենտի այն աշխատակիցը, ով իրեն թույլ է տվել նման տեղեկություն ձեզ տրամադրել, անբարոյական է, անկախ նրանից, թե ով է նա»։ Փոլադյանին դուր չէր եկել նաեւ «Դեպարտամենտի պետը մութ ֆիգուր է» մեր արտահայտությունը։ Այնուամենայնիվ, նա ընդունեց, որ հարցազրույցներ չի տվել՝ դա բացատրելով զբաղվածությամբ։ «Հարցազրույցի ժանրն իմ գործառույթներից հեռու է, որովհետեւ 12-ժամյա աշխատանքի իմ ռեժիմի պայմաններում ես չեմ հասցնում իմ աշխատանքն իմ ուզած ձեւով կատարել»,- ասաց նա։



Ով է Կարեն Փոլադյանը



Նա 2001 թվականից է սկսել իր աշխատանքային գործունեությունը։ «Զինված ուժերում ծառայելուց, դպրոցն ու ինստիտուտներն ավարտելուց հետո, 2001 թվականի սեպտեմբերի 26-ից ընդունվել եմ աշխատանքի արդարադատության նախարարությունում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, մինչեւ 2007 թվականը։ 2007 թվականի հունվարից մինչ օրս աշխատում եմ Դատական դեպարտամենտում, զբաղեցրել եմ դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետի պաշտոնը, այնուհետեւ՝ դեպարտամենտի պետի 1-ին տեղակալի պաշտոնը եւ, ինչպես էսօր ականատես եք, ես Դատական դեպարտամենտի պետն եմ»։



Ստորաբաժանումներն ավելացել են, ծախսերը՝ ոչ



Դատարանների նախագահների խորհրդի հուլիսի 30-ի որոշմամբ, կառուցվածքային փոփոխություններ են կատարվել Դատական դեպարտամենտում եւ բազում նոր բաժիններ ու հաստիքներ են ավելացվել, այդ թվում՝ մամուլի հետ աշխատանքի համար նոր ստորաբաժանում։ Կարեն Փոլադյանը ճշտեց, որ մամուլով զբաղվող կառույցներն ուժեղացվել են, սակայն արտասահմանյան ԶԼՄ-ներով զբաղվող ստորաբաժանում չկա։ Մինչդեռ, որոշման 37.6 կետով սահմանված է հետեւյալ հաստիքը․ «Միջազգային համագործակցության վարչություն, ԶԼՄ-ների հետ համագործակցության բաժին»։ Բացի սա, ստեղծվել է նույնանման գործառույթով մեկ այլ վարչություն՝ «արարողակարգի եւ հասարակության հետ կապերի»։ «Պաշտոնապես ձեզ հավաստիացնում եմ, որ հաստիքների հետ կապված փոփոխություններն արվել են բացառապես մեր ունեցած ակտիվների շրջանակներում։ Հավելյալ բյուջետային ծախսեր այս փոփոխությունները չեն պահանջել։ Յուրաքանչյուր տարի պետական բյուջեից դատական համակարգին հատկացվում է մոտ 10 մլրդ․ դրամ գումար, որից 8,5 մլրդ․-ն ամբողջ դատական համակարգի աշխատավարձն է՝ դատավորների, դատական ծառայողների, տեխսպասարկում իրականացնող անձանց եւ դատական կարգադրիչների։ Եվ այս գումարը չի փոփոխվել»։



Ավելի որակյալ դատական ակտեր ենք ունենալու



Եվրոպական դատարանի հետ կապերի վարչության ստեղծումն այս նպատակին է ծառայելու, որը նոր է եւ ուսումնասիրում է ՄԻԵԴ վճիռները։ Փոլադյանը հույս ունի, որ, ուսումնասիրելով Հայաստանի դեմ կայացված վճիռները եւ արդյունքները տվյալ գործերով դատական ակտերը կայացնող դատավորներին ուղարկելով, ավելի որակյալ դատական ակտեր կունենանք։ «Մենք փորձելու ենք ծավալվել նաեւ ամբողջ որոշումների վրա, ոչ թե միայն նրանց, որոնք ընդունվել են Հայաստանի դեմ, որպեսզի տեսնենք նաեւ, թե այդ երկրների դեմ կայացված ակտերի մեջ ինչ կլինի մեզ համար անհրաժեշտ եւ օգտակար, այսինքն, փորձելու ենք հնարավորինս օգտագործել այն դաշտը, որը մեզ հասու կլինի, գուցե նաեւ բաներ, որոնք կարող են մեզ համար անհասանելի թվալ։ Փորձելու ենք ուսումնասիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված բոլոր դատական ակտերը, հիմնականում, իհարկե, Հայաստանի դեմ կայացված ակտերը»։



Կարեն Փոլադյանն իր տեղակալ է ուզում նշանակել ընկերոջը՝ 31-ամյա Նարեկ Գաբրիելյանին



- Դուք նոր որոշմամբ տեղակալի հաստիք եք սահմանել։ Ինչո՞ւ, եթե Դուք առանց այդ էլ լավ աշխատում էիք։



- Եթե Դուք ուշադիր նայել եք, գրել ենք՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական պրակտիկայի եւ վիճակագրության ամփոփման վարչության պետ։ Այսինքն, տեղակալը նաեւ այս վարչության պետն է։ Ոչ թե ստեղծել ենք մի հատ տեղակալ, մի հատ էլ վարչության պետ ենք նշանակել, այլ այս երկու պաշտոններն զբաղեցնում է միեւնույն անձը։ Ինչու ենք դարձրել տեղակա՞լ։ Որպեսզի մյուս պաշտոններից փոքր-փոքր գործառույթներ եւս վերցնենք եւ ծանրաբեռնվածությունը հավասարակշռենք, որ յուրաքանչյուր տեղակալ կարողանա իր ծանրաբեռնվածությանը համարժեք աշխատանք կատարի, այսինքն, փորձելու եմ նվազեցնել մյուս տեղակալների ծանրաբեռնվածությունը, որը բավականին շատ է։
Նարեկ Գաբրիելյանն արդարադատության համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, դատավորի օգնական է աշխատել, Դատական դեպարտամենտի խորհրդական, պրակտիկայի ամփոփման վարչության պետ։ Ըստ Կարեն Փոլադյանի, նա անվանի իրավաբաններ կամ իրավական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող ծնողներ չունի։



- Ճի՞շտ է, որ Ձեր ընկերոջը՝ Նարեկ Գաբրիելյանին, նշանակելու եք տեղակալ։



- Նախ, տեղակալ նշանակում եմ ոչ թե ես, այլ վճռաբեկ դատարանի նախագահը։



- Բայց Դուք եք առաջարկում, չէ՞։



- Այո, ներկայացնելու լիազորությունն իմն է, բայց նշանակելունը վճռաբեկ դատարանի նախագահինն է, իսկ կնշանակի, թե ոչ վճռաբեկ դատարանի նախագահը, ես այդ հարցին պատասխանել չեմ կարող։ Ես չեմ ժխտում այն հանգամանքը, որ Նարեկ Գաբրիելյանն իմ ընկերն է, բայց թե հետո նա ինչ պաշտոն կզբաղեցնի, դուք հետագայում ինքներդ կհետեւեք եւ կտեսնեք։



Եղբայրներս դեպարտամենտում չեն աշխատում



Մեր նամակագիրը հայտնել էր, որ Փոլադյանն իր եղբորը պատրաստվում է նոր պաշտոն տալ։ Դեպարտամենտի պետը հերքեց սա։ Ասաց, որ երկու եղբայր ունի։ Մեկը Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, մյուսը՝ բիզնեսմեն։ «Իմ միջնեկ եղբայրն այս պահին գործարար է, գտնվում է ՌԴ-ում, եւ չեմ կարծում, որ իմ առաջարկի եւ Ձեր հորդորի արդյունքում ինքը գա, աշխատի Դատական դեպարտամենտի միջազգային հարաբերությունների վարչության պետ, այն պարագայում, որ նա տնտեսագետ է մասնագիտությամբ»։



Փոլադյանը չի ցանկանում խոսել կարգադրիչների գործի մասին



- Ձեր համակարգում խոշոր կոռուպցիոն խումբ հայտնաբերեցին։ Ի՞նչ հետեւություններ եք արել, գուցե դասեր եք քաղել այդ պատմությունից։



- Բերեք այդ հարցին չպատասխանեմ։ Նախ, գործը գտնվում է դատական քննության պրոցեսում։ Առաջին ատյանի դատը կայացվեց, եւ որոշ ամբաստանյալների եւ գործին մասնակցող մյուս անձանց կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքներ։ Վերաքննիչ դատարանում է գործը, եւ այս պատճառով ես զերծ կմնամ որեւէ մեկնաբանություն տալուց։ Ինչ վերաբերում է Դատական դեպարտամենտի այսօրվա գործունեությանը, թե ֆինանսական, թե իրավական, համակարգն աշխատում է ժամացույցի նման, եւ որեւէ խնդիր դատական ծառայության համակարգում առկա չէ, անկախ նրանից, թե նախկինում ինչ է եղել կամ չի եղել։ Այսօր համակարգն իմ ղեկավարությամբ աշխատում է ժամացույցի նման, եւ չկա որեւէ բլոկ այս ծառայությունում, որտեղ կա գոնե մեկ կոպեկի խնդիր։



- Հասկանալի է, որ դեռ չկա վերջնական օրինական ակտ, բայց չէ՞ որ համակարգի ներսում պետք է ուսումնասիրություն արած լինեիք, եզրակացությունների գայիք։



- Դրա համար էլ պատասխանում եմ, որ այսօր դատական համակարգը, անկախ նախկինում այնտեղ ինչ է եղել, թե ինչ չի եղել, աշխատում է ժամացույցի նման։



- Կադրային փոփոխություններ՝ կապված նախորդ իրավիճակի հետ, եղե՞լ են։



- Ոչ, ընդամենը ես դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալից դարձել եմ Դատական դեպարտամենտի ղեկավար։



- Մամուլի հետ աշխատանքը Դուք, ըստ այս որոշման, ուժեղացնում եք, ի՞նչ ուղղությամբ։



- Հարգելի Սյուզան, եթե մամուլը շարունակի ձեր թերթի հրապարակումների ոճով աշխատել, հավատացնում եմ Ձեզ, որ մամուլի հետ ցանկություն չեմ ունենալու աշխատելու։ Առանց մեզ հետ զրուցելու եթե նման հոդվածներ դուք պետք է հրապարակեք, ապա իմ աշխատանքը ձեզ հետ ի՞նչ օգուտ է տալու։



- Իսկ Դուք հարցրե՞լ եք լրագրողներին, թե իրենք ինչ կարծիքի են ձեր դեպարտամենտի՝ իրենց հետ աշխատանքի մասին։ Եվ եթե չեք բարեհաճում մեր հարցերին պատասխանել, ապա Ձեր դժգոհություններն էլ անտեղի են։ Գուցե կարիքը կա նման ուսումնասիրության, նոր որոշել՝ արժե՞, թե՞ ոչ աշխատել մամուլի հետ։



- Ես չեմ ասում՝ չարժե, ասում եմ՝ եթե նման ոճով պիտի շարունակեն լրատվամիջոցները, նպատակ չեմ տեսնում։



- Դուք փակ եք մամուլի առաջ։



- Հիմա փա՞կ եմ։



- Հիմա՝ ոչ, բայց ես կուզեի, որ առաջին օրն այսպես աշխատեիք։



- Ցանկացած լրագրության բաց ենք եւ մենք պատասխանում ենք օրենքով նախատեսված 5-օրյա ժամկետում, որեւէ փաստաթուղթ մեզ մոտ չի կարող մնալ անպատասխան, եթե իրենից պատասխան է ենթադրում։ Մասնակցում ենք բոլոր միջոցառումներին, որոնց մեզ հրավիրում են, իսկ ինչ մնում է մամուլի հետ շփումներին, ես չեմ կարողանում պատկերացնել, թե իմ գործունեությունն ինչու է անհրաժեշտություն առաջացրել մամուլի հետ ամենօրյա շփման։