Ինչպես Ռուբեն Հակոբյանը թունդ ընդդիմադիրից դարձավ թունդ իշխանական

Ինչպես Ռուբեն Հակոբյանը թունդ ընդդիմադիրից դարձավ թունդ իշխանական

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ, նույն ինքը՝ նախկին դաշնակցական եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս նշանակված եւ վերջում «Ժառանգության» փոխնախագահ դարձած Ռուբիկ Հակոբյանը, հրաժարվում է պաշտոնական բացատրություն տալ, թե ինչու հատկապես այս պահին լքեց կուսակցությունը:



Փոխարենը նախկին լրագրողը որոշ նախկին գործընկերների միջոցով կարողանում է մամուլում հրապարակումներ կազմակերպել, որ նավը լքել է իր սկզբունքայնությունը պահելու համար: Իբր թեժ բանավեճ է ունեցել կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ սահմանադրության նախագծի վերաբերյալ: Րաֆֆին կարծում է, որ իրենք պետք է դեմ լինեն այդ նախագծին, մինչդեռ Հակոբյանը պնդել է, որ ինքը չի կարող դեմ լինել «Ժառանգություն» կուսակցության ծրագրային սկզբունքներն արտահայտող նախագծին՝ նկատի ունենալով, որ կուսակցությունը ժամանակին իր կարեւորագույն խնդիրն է համարել անցումը կառավարման խորհրդարանական համակարգին, ինչը նախատեսվում է սահմանադրության նախագծով:



Ավելին՝ Ռուբեն Հակոբյանը խորհրդարանի իր որոշ գործընկերների մոտ արդարացել է, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանը հարցը շատ արմատական է դրել եւ ասել է, որ Հակոբյանը կամ պետք է դեմ քվեարկի սահմանադրության նախագծին, կամ դուրս գա կուսակցությունից, այդ պատճառով էլ ինքը որոշում է կայացրել հօգուտ երկրորդ տարբերակի: Այս պատմությանը կարելի էր լուրջ վերաբերվել, եթե չհիշեինք, որ նույն Ռուբեն Հակոբյանը փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ իշխանություններին առաջարկում էր հետ կանգնել բարեփոխումների գործընթացից, ու հրաշալի եռյակը կհրաժարվի իշխանափոխության մտքից:



Ընդդիմության ծաղկուն ժամանակներում, երբ դեռ Գագիկ Ծառուկյանն առաջնորդում էր ոչ իշխանականների շարժումը, ու դեռեւս կար իշխանափոխության նկատմամբ հավատ, Ռուբեն Հակոբյանն ամբողջ սրտով դեմ էր արտահայտվում բարեփոխումների գործընթացին: Օրինակ, անցած տարի սեպտեմբերին Ծառուկյանի հովանավորչության տակ գտնվող լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հակոբյանը պնդում էր, որ սահմանադրական բարեփոխումների խնդիրն իշխանության վերարտադրությունն է:



«Մենք հրաժարվում ենք ոչ թե բովանդակությունից, որ պետական կառավարման ձեւը պետք է լինի խորհրդարանական, այլ ասում ենք, որ ճիշտ չեք անում: Մենք հասկանում ենք, որ իշխանությունը պահպանելը ձեզ համար շատ կարեւոր է»: Եվ խորհուրդ էր տալիս իշխանություններին այդ «ինքնանպատակ» քայլից հեռու մնալ: «Իրենք շատ լավ գիտեն, որ պետությանը դա այսօր պետք չէ, իրենք շատ լավ գիտեն, որ սահմանադրական բարեփոխումներով չէ, որ կաշառակերին պետք է ասես` մի՛ կաշառակերությամբ զբաղվի, պաշտոնավորին ասես, որ քո անգրագետ բարեկամներին մի՛ բեր մտցրու պետական կառավարման համակարգ»:



Նույն հարցազրույցում Ռուբիկ Հակոբյանը վստահեցնում էր. «Եթե մտնենք բովանդակային քննարկման մեջ, մենք ուղղակի ջուր կլցնենք իշխանությունների ջրաղացին: Խնդիրն այստեղ ոչ թե բովանդակությունն է, որովհետեւ այս պահին պետական կառավարման խորհրդարանական թե նախագահական` այս պահին դա երկրորդական է»։ Բայց, չանցած մեկ ամիս, «Ժառանգությունը» խորհրդաժողով հրավիրեց՝ «Սահմանադրական փոփոխություններ․ թեր եւ դեմ կարծիքներ» խորագրի ներքո: Դեռ այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, որ նախաձեռնության հեղինակը Ռուբիկ Հակոբյանն է, իսկ պատվիրատուն՝ Բաղրամյան 26-ը, նպատակն այդ ժամանակ «ոչ»-ի դիրքերում անսասան կանգնած ոչ իշխանական դաշտում մթնոլորտ փոխելն էր: Պատահական չէ, որ «Ժառանգության» անունից հրավիրված խորհրդաժողովին չէին մասնակցում կուսակցության արմատականները, այդ թվում՝ Զարուհի Փոստանջյանը: Թեպետ այդ հավաքի ժամանակ էլ Հակոբյանը վերահաստատեց, որ երկրում քաղաքական ճգնաժամ է, եւ դրա համար սահմանադրություն փոխելու կարիք չկա։ Առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, ըստ նրա, հարկավոր է, որ քաղաքական մեծամասնությունը չխախտի գործող սահմանադրության առանցքային կետերը: Սակայն Հակոբյանը «Ժառանգության» անունից վերջին եզրահանգմանը եկավ եւ պայմաններ թելադրեց իշխանություններին, ինչն իշխանության հետ «բազարի» մեջ մտնելու քայլ որակվեց։ Հակոբյանը հայտարարեց, որ այդ պայմաններն ընդունելու պարագայում կաջակցեն գործընթացին։ Պայմանները հետեւյալն էին. իշխանությունները պետք է երաշխիքներ տային, որ կընդունեն Ընտրական օրենսգրքի իրենց առաջարկած տարբերակը, որով ընտրություններն անցկացվում են 100 տոկոս համամասնական ընտրակարգով, կընդունեն իրենց կողմից ներկայացվելիք «Ընդդիմության մասին» օրենքը, որով ընդդիմությունը կստանա վերահսկողական ֆունկցիաներ, եւ երրորդ՝ իշխանությունը պետք է «Ժառանգությանը» երաշխիքներ տար, որ նոր սահմանադրության ընդունումից հետո կանցկացվեն արտահերթ համապետական ընտրություններ, եւ դրանք կլինեն 2016թ․-ին: Բայց իշխանությունը ոչ մի հարցում երաշխիք չտվեց, ու «Ժառանգության» արմատականները շարունակեցին առաջ մղել իրենց «դեմը»:



Իսկ ապրիլին սկսվեց նահանջը նախկին դիրքերից․ Ռ․ Հակոբյանն ու իր նախկին կուսակից Արմեն Մարտիրոսյանը ներկայացան նախագահական, հետագայում արդարանալով, թե մասնակցելն ուներ մեկ հստակ նպատակ՝ ինչպե՞ս են իրենք վերաբերվում դեռ ամիսներ առաջ «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովում արված 3 առաջարկներին: «Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել այդ առաջարկները: Մենք նշեցինք, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված մեր վերջնական դիրքորոշումը կախված կլինի մասնագիտական հանձնաժողովի պատասխանից»:



Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Հակոբյանի վերջին ելույթը, որն ԱԺ-ում նա ունեցավ անցած շաբաթ, ՀՀԿ-ականների ելույթներից չէր տարբերվում: Ռուբիկ Հակոբյանը երկրի ողջ մեղքը բարդեց ՀՀՇ-ի, ավելի ճիշտ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա. «Էս իշխանություններին պետք է ամեն օր ծափահարել, որովհետեւ դուք, որ այդ ավանդույթներով ընդունեցիք սահմանադրությունը, լավագույնս կատարում են ձեր (նկատի ունի նախկին ՀՀՇ-ին) հորդորները. ասում էիք՝ պետք է կեղծելով վերարտադրվենք, մարդիկ անում են, ի՞նչ եք ուզում: Դուք մի դարակազմիկ կարգախոս ունեիք՝ պոլի փետ լինի, ՀՀՇ լինի, էս մարդիկ կատարելության են հասցրել դա: Դա նշանակում էր, որ ժուլիկ, քծնող մարդիկ պետք է խցկվեն իշխանություն, անում են՝ ի՞նչ եք ուզում: Դուք լավագույն դաշնակիցն եք այսօրվա իշխանությունների»:



Փառք Աստծո, ինչպես ասում են, ամեն ինչ արձանագրված է՝ ձեր եւ «այո»-ն, եւ «ոչ»-ը։ Ինչքան էլ լրագրողներին մեղադրենք, որ քաղաքական անհետաքրքիր դեմքերին գրեթե ամեն օր խոսեցնում են ու նրանց անհեթեթ մտքերը մատուցում հանրությանը, սակայն դրա մեջ մի լավ բան, այնուամենայնիվ, կա․ այսօր հանգիստ կարելի է վերընթերցել, թե ինչ էր ասում, օրինակ, Ռուբիկ Հակոբյանը 5 տարի առաջ, 2 տարի առաջ եւ 2 օր առաջ։ Վերընթերցել ու համեմատել։