34-ամյա կինը ինքնասպանության փորձ է արել անպտղության պատճառով

34-ամյա կինը ինքնասպանության փորձ է արել անպտղության պատճառով

Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Արմինե Թումանյանի խնդրին «Հրապարակն» անդրադարձել է 2014 թվականի «Ես լիարժեք կնոջ դերին չեմ համապատասխանում» հոդվածով: 34-ամյա կինն արդեն 18 տարի է ամուսնացած է, բայց մայրանալ չի կարողանում: «Արգանդափողի անանցանելիություն» ախտորոշումը երիտասարդ կնոջը հուսահատության մեջ էր գցել. սոցիալական ծայրահեղ ծանր պայմանները նրան հնարավորություն չէին տալիս դիմել թանկարժեք վիրահատության:



«Հրապարակի» անդրադարձից հետո հայտնվեցին բարի կամքի տեր մարդիկ, ովքեր, ստանձնելով վիրահատության ծախսերը, օգնության ձեռք մեկնեցին Արմինեին: Արմինեն վիրահատվել է 2014 թվականին` «Արմենիա» բժշկական կենտրոնում: Թեև վիրահատությունը հաջող է ընթացել, բայց, ինչպես պարզվել է ավելի ուշ` 34-ամյա կնոջ խնդիրը բոլորովին էլ արգանդափողը չի եղել: «Այդքան հետազոտություններ անցա, այդքան բժիշկների դռներ թակեցի, բայց ոչ մեկը չասաց, որ իմ խնդիրը ձվաբջջի ցածր տոկոսն է: Այդ մասին իմացա միայն «Արագիլ» վերարտադրողական առողջության կենտրոնում, որտեղ իմ մոտ անպտղություն ախտորոշեցին: Հասկացա, որ փորձանոթային բեղմնավորման խնդիր է առաջանում, ինչը, սակայն, ահռելի ծախսերի հետ է կապված: Միայն դոնորի համար 1,5 մլն. դրամ պետք է վճարեմ: Քույրս ասաց, որ ինքը կդառնա իմ դոնորը, բայց կենտրոնում չհամաձայնեցին, ասացին` դրսից դոնորներ չենք ընդունում:



Գնացի մոր և մանկան առողջության կենտրոն (Մարգարյան հիվանդանոց): Այստեղ, քրոջս տարբերակին թեև համաձայնեցին, բայց մնացած ծախսերի համար էլ 1 մլն. 700.000 դրամ ուզեցին»:



Արմինեն ծնողներից զրկվել է, երբ ինքը 8, իսկ քույրը 5 տարեկան է եղել: Նրանց խնամակալությունը ստանձնել է առողջական լուրջ խնդիրներ ունեցող մորաքույրը, որն այսօր արդեն Արմինեի խնամակալության տակ է: 16 տարեկանում ամուսնանալով իր նման` վաղ տարիքում որբացած մեկի հետ, Արմինեն փորձել է երջանիկ լինել: «Բայց տարեցտարի հասկացա, որ երջանկությունն ինձ համար չէ»,- արցունքները կոկորդում խեղդելով՝ ասաց Արմինեն: Պատմեց նաև, որ երբեմն հուսահատության այնպիսի պահեր է ունենում, որ ապրել չի ցանկանում: «Մինչև «անպտղություն» ախտորոշումը, բժիշկները, որոնց մոտ բուժվում էի` հավատացնում էին, որ անպայման հղիանալու եմ: Նույնիսկ կոնկրետ ժամկետ էին նշում` այս ամիս, եկող ամիս` ասում էին: Ու, երբ հերթական անգամ հասկացա, որ խաբվել եմ` մի ամբողջ սրվակ դեղահաբ խմելով ինքնասպանության փորձ արեցի: Բարեբախտաբար, ամուսինս ժամանակին հասավ...»:



Մանկան ճիչին կարոտ ամուսինները, սակայն, հաշտ ու համերաշխ են: «Հուսահատությանս պահերին ամուսնուս սերն ու լավատեսությունն է ինձ կյանք վերադարձնում: Իսկ, խոցվում եմ, երբ ծանոթներս են երեսովս տալիս անպտղությունս»:



Երիտասարդ ամուսինները հիմնական աշխատանք չունեն: Երկուսն էլ` սրա-նրա այգում օրավարձով են աշխատում, մի կերպ ծայրը-ծայրին հասցնում: «Լսել էի, որ Առողջապահության նախարարությունը, պետպատվերի շրջանակում օգնում է սոցիալապես անապահով ընտանիքներին: Գրավոր խնդրեցի նախարար Արմեն Մուրադյանին, բայց մերժվեցի»,- ասաց հուսահատված կինը:



Պատասխանելով Արմինե Թումանյանի նամակին, ԱՆ-ից տեղեկացրել են, որ, եթե պետական նպատակային ծրագրերում, անապահովության համակարգում 10.00-ից մինչև 30.00 և ավել միավոր ունեցող անձանց համար նախատեսվում է հետազոտություն և արհեստական սերմնավորում, ապա փորձանոթային բեղմնավորմանը դա չի վերաբերում:



«Փորձանոթային բեղմնավորումն ընդգրկված չէ պետական նպատակային ծրագրերում, հետևաբար, այն պետական պատվերի շրջանակում իրականցնել չենք կարող»,- գրավոր տեղեկացրել են ԱՆ-ից: «Էնքան հեշտ են մերժում, էնքան սառնասրտորեն: Էդ ամեն «ոչ»-ի հետ հավատիս պաշարը սպառվում է, հույսս` մարում: Իսկ ես չեմ ուզում վերջնականապես հուսալքվել, ուզում եմ հավատալ, որ այս անգամ էլ կգտնվեն բարի մարդիկ և կօգնեն ինձ, որ փորձանոթային բեղմնավորման միջոցով իրականացնեմ մայրանալու նվիրական երազանքս: Ուզում եմ, որ ինձ բաժին ընկած կյանքը դատարկ ու անիմաստ չապրեմ, որ ես էլ կարողանամ միս ու արյուն տալ մի լուսավոր կյանքի...»:



34-ամյա կինը սպասելու ժամանակ էլ չունի. վերարտադրողական առողջության «Արագիլ» բարեգործական հիմնադրամի դռները բաց են մինչև 40 տարեկան կանանց համար:



Սերոբ Մարության