Նախագահի հրամանագրից հետո 55-65 օրվա ընթացքում կլինի Սահմանադրության հանրաքվեն

Նախագահի հրամանագրից հետո 55-65 օրվա ընթացքում կլինի Սահմանադրության հանրաքվեն

«Սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրաքվեն կլինի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեոփոխումների մասին հրամանագիրը հրապարակի: Հրապարակելուց հետո ոչ շուտ, քան 55 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո կանցկացվի հանրաքվե»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:  ԿԸՀ նախագահը  տեղեկացրեց, որ այդ օրերի ընթացքում մի շարք գործառույթներ պետք է իրականացվեն. «Նախ պետք է ընտրվեն մասնակիցները ովքեր կիրականացնեն  քարոզարշավ, ձևավորվելու են ընտրական հանձնաժողովներ, իրականացվելու են հանձնաժողովների ուսուցման աշխատանքներ, ընտրողների ցուցակների հրապարակում, դահլիճների ցանկ, մի խոսքով այն բոլոր գործառույթները որոնք իրականացվում են բոլոր ընտրությունների ժամանակ»:



Այսինքն, նոր Սահմանադրության նախագիծը հնարավոր է հանրաքվեի դրվի նոյեմբերի 30-ից մինչեւ տարեվերջ ընկած ժամանակահատվածում: Մուկուչյանը չբացառեց նաև, որ հանրaքվեն հնարավոր է հետաձգվի, նախագահը իրավունք ունի նախագիծը ետ վերադարձել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:  



Նշենք, որ 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայների համամասնությամբ խորհրդարանում ընդոււնվեց Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկողներից էին նաև մի շարք «արմատական» ընդդիմադիրներ ` «Ժառանգություն» խմբակցությունը վերջերս լքած «թունդ ընդդիմադիր» Ռուբիկ Հակոբյանը, «Ժառանգության» անդամ հանդիսացող, բայց այդ խմբակցության անունից չներկայացող մեկ այլ «թունդ ընդդիմադիր» Ալեքսանդր Արզումանյանն ու «Ժառանգություն» խմբակցության փաստացի անդամ Թևան Պողոսյանը։



Նախագծին դեմ քվեարկած պատգամավորներն են՝ ՀԱԿ-ից Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյան, Լևոն Զուրաբյան, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանն ու Գագիկ Ջհանգիրյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյան և անկախ  պատգամավոր Տիգրան ՈՒրիխանյանը։



Իսկ երեք հոգի ձեռնպահ քվեարկողներ են եղել, որոնք ՕԵԿ խմբակցության մյուս երեք պատգամավորներն են՝ Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը։