Եվ բարեգործություն արա, եւ հարստացիր

Եվ բարեգործություն արա, եւ հարստացիր

Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին Աբովյանի եւ Առինջի մոտակայքում գտնվող «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնում եռուզեռ է տիրում: Մարդիկ մոտակա բնակավայրերից եւ Երեւանից այստեղ են գալիս՝ մեծածախ եւ մանրածախ էժան առեւտուր կատարելու: «Առինջ մոլը» Գագիկ Ծառուկյանը կառուցեց ի հեճուկս ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, խփելով նրան պատկանող «Հրազդան» տոնավաճառի գործին: Ծառուկյանի «Առինջն» իր կողմն է գրավել, գայթակղել «Հրազդանի» առեւտրականներին, ովքեր տեղափոխվեցին մայրաքաղաքից դուրս գտնվող «Առինջ մոլ»։ Եվ գայթակղելու հիմնական խայծն «Առինջ մոլում» առաջարկվող պայմաններն էին, որոնց կանդրադառնանք ստորեւ: 



Մեր այցելության պահին բավականին մարդաշատ էր «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնը, որը բաղկացած է բացօթյա մի քանի շարք տաղավարներից եւ փակ տարածքով առեւտրի կենտրոնից: Ինչ խոսք, պայմանները «Հրազդան» տոնավաճառի հետ անհամեմատելի են. այստեղ ավելի հիգիենիկ է, ցուրտ ու խոնավ չէ, մարդավարի պայմաններ են:



Առեւտրականներին հարցրինք՝ առեւտուրն ինչպե՞ս է, գո՞հ են, ասացին՝ վատ չէ, վարձը եթե բաժանում ենք տարվա ամիսների վրա, ապա «Հրազդան»-ի տաղավարների վճարից պակաս է ստացվում։ Առեւտրականների խոսքով՝ այժմ թե դրսում, թե ներսում ազատ տաղավար չի մնացել, ազատ տաղավար գտնելը շատ դժվար է, պետք է նախապես հերթագրվել: Ի դեպ, «Առինջ մոլի» ամբողջ տարածքում շինարարություն էր ընթանում, հագուստի բաժնի ոչ փոքր առեւտրային տարածքից դուրս տասնյակ նմանատիպ շինություններ էին կառուցվում, եւ ակտիվ շինարարություն էր ընթանում։ Ասացին՝ դրանցից ամեն մեկը տարբեր առեւտրի կենտրոններ են լինելու, այդ թվում՝ շինանյութի:



Փաստորեն, բարեգործ Ծառուկյանն այնքան օգուտ է ստացել «Առինջ մոլի» տաղավարները ձրի բաժանելուց, որ այժմ էլ շարունակում է կառուցել դրա շարունակությունը: Հարց է առաջանում. ինչպե՞ս կարելի է բարեգործություն անել եւ դրանից հարստանալ, թե՞ այստեղ եւս հայտնի ասույթն է գործում՝ «Աստված տվողին է տալիս»: Այն, որ Հայաստանում խոշոր գործարարներն անձեռնմխելի են եւ ամեն ինչից վեր, արդեն կարծես հաշտվել ենք, այլեւս անիմաստ է անգամ պայքարել ու պահանջել, թե, օրինակ, ինչու Հովիկ Աբրահամյանը, Սամվել Ալեքսանյանը, մյուսները չեն գործում հարկային դաշտում: Բայց, ահա, հայկական իրականության մեջ նոր վտանգավոր իրադրություն է հասունանում, երբ կամաց-կամաց անհավասար պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար, սկսում են մոնոպոլացնել նաեւ այդ դաշտը: Սա կարող է անդառնալի տխուր հետեւանքներ ունենալ առանց այն էլ հազար ու մի դժվարություններ հաղթահարող, օրեցօր նվազող, տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող ՓՄՁ-ների համար:



Տեւական ժամանակ է, ինչ մենք այցելում ենք շուկաներ, առեւտրի կենտրոններ եւ զրուցում վաճառողների հետ: Այդ ընթացքում բազմաթիվ հետաքրքիր հանգամանքներ ենք բացահայտել․ պարզվում է, որ իշխանության հետ սերտ կապեր ունեցող մեկի առեւտրի սրահում տարածք վարձելիս կարող ես ինչ-որ չափով հանգիստ լինել «հարկայինի տեռորից»: Օրինակ՝ եթե «Այրարատ» եւ «Տաշիր» առեւտրի կենտրոններում առեւտրականները բողոքում էին, որ հարկայինը նստած է շնչներին, օր ու արեւ չի տալիս, ապա նույնը չի կարելի ասել «Փեթակի» կամ «Առինջ մոլի» մասին, ինչը պայմանավորված է նրանց տերերի պետական հովանավորչությամբ եւ անձեռնմխելիությամբ: Փաստորեն, Ծառուկյանն «Առինջ մոլում», Վարուժան Գրիգորյանը «Փեթակում» ապահովագրել են իրենց մոտ առեւտուր անողներին հարկայինից։ Ասում են՝ Ծառուկյանն իր «Մոլի» աշխատողներին ասել է. «Ժողովուրդ ջան, ես ձեզ հետ եմ, ինչ անում եմ, ձեզ համար եմ անում, հարկայինի հետ դուք գործ չեք ունենա, մենակ էդ ապարատի (ՀԴՄ-ի) ֆիզիկական ներկայությունն ապահովեք եւ վերջ»: Ու հարկայինը մոտ 6 ամիս է՝ չգիտի «Առինջ մոլի» տեղը, երբ մյուս կենտրոններ ամեն օր է այցելում: Անշուշտ, այս հոդվածի նպատակը հարկայինին խեղճ ու կրակ ժողովրդի «ջանին կապելը» չէ, այլ տնտեսական դաշտում տիրող անհավասարությունը ցուցադրելը: Իսկ «Առինջ մոլի» առեւտրականները հիմա չափավոր ամսական գումար են հավաքում, իսկ ձմռանն այդ կոմունալ վճարումների գումարը հաստատ կավելանա: Այսինքն՝ իշխանությունները Ծառուկյանին մի շուկա են նվիրել, ասել են՝ եւ բարեգործություն արա, եւ հարստացիր:



ՀԳ. Ինչ վերաբերում է տաղավարները «ձրի» բաժանելուն, առեւտրականները փաստեցին, որ պայմանագիր են կնքել՝ նախապես վճարելով միջինը 2 միլիոն դրամ: Կախված տաղավարների մակերեսից՝ գումարի չափը կազմել է մեկի դեպքում՝ 1 մլն. 500 հազար, մյուսի դեպքում՝ 2 միլիոն, 2 միլիոն 200 հազար դրամ, կա, որ դոլարով ասացին՝ 4 հազար 600 դոլար եւ այլն: Սա, ըստ առեւտրականների, եղել է շինարարության համար նախատեսված գումար, իսկ կանգնելու փող իրենք 1-2 տարի ժամկետով չեն մուծելու: Մեկ տարի անց նոր կսկսեն վարձ վճարել, որը կլինի, ըստ իրենց պատկերացումների, մոտ 150 հազար դրամ կամ մի քիչ ավել-պակաս:



Անի
ԱՌԱՔԵԼՅԱՆ