Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն:



Կառավարության փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ:



Կառավարության ղեկավարը գրառում է կատարել Ֆրանսիայի դեսպանությունում այսօր բացված ցավակցությունների գրքում:



Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ Թվիթեր միկրոբլոգում գրել է, որ այսօր Ֆրանսիայի դեսպանություն է այցելել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու գրառում կատարել ցավակցությունների գրքում: