Շենգավիթցիների տնօրինմանն է հանձնվել ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան այգին

Շենգավիթցիների տնօրինմանն է հանձնվել ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան այգին

Երևանի զարգացման քառամյա ու տարեկան ծրագրերով մայրաքաղաքում շարունակվում է հարմարավետ հանգստի գոտիների ստեղծումը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շենգավիթցիների հետ միասին հանդիսավորությամբ բացել է հերթական նորաստեղծ հանգստի գոտիները: Այգիների կառուցման 2015թ. ծրագրով ամբողջովին վերակառուցվել ու բնակիչների տնօրինմանն է հանձնվել ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան այգին: Հանգստի գոտու հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ազատամարտիկի հորը՝ Միշա Կարապետյանին: Ծրագրի կյանքի կոչման համար իր գոհունակությունը փոխանցելով քաղաքապետին՝ ազատամարտիկի հայրը նկատել է, որ հանգստի գոտու բարեկարգումը ոչ միայն հարգանքի յուրօրինակ տուրք է, այլև տարածքի բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու լավագույն տարբերակ: Քաղաքապետը շրջել է այգու տարածքում ու բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը:



Բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար ծրագրի շրջանակում հանգստի գոտին կահավորվել է նստարաններով, զրուցարաններով, աղբամաններով, մանուկների համար խաղահրապարակներով ու մարզական գույքով: Այգին ապահովվել է նաև արտաքին լուսավորության նոր համակարգով ու ոռոգման ցանցով:



Մայրաքաղաքի կանաչ գոտիների, պուրակների և այգիների տարածքների ընդլայնման, նորերի ձևավորման ծրագրի համատեքստում նոր հանգստի գոտի է ձևավորվել նաև Կարմիր բլուր հնավայրին հարակից հատվածում: Շուրջ 3000 քմ տարածքում ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկ շենգավիթցիների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մինչ հանգստի գոտու հնարավորություններին ծանոթանալը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մասնակցել է այգում տեղադրված ԼՂՀ հյուսիսային հատվածում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս զոհված զինծառայող Ազատ Ասոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետին ու քաջարի հայորդու հորը՝ Արթուր Ասոյանին: