Առաջընթացն ակնհայտ է

Առաջընթացն ակնհայտ է

Ազգային ժողովը երեկ ծափողջույնների ներքո ընդունեց 2016 թվականի բյուջեն: Գլխավոր ֆինանսական փաստաթղթին կողմ քվեարկեց 97, դեմ՝ 12, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած բյուջեին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ինչպես նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը։ Քվեարկությանը չեն մասնակցել ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, թերեւս կառավարության կողմից իր առաջարկների մերժման պատճառով, Բազմասեր Առաքելյանը, ԲՀԿ-ից Հայկ Խաչատրյանը եւ երբեմնի ընդդիմադիր Ռուբիկ Հակոբյանը։ Ձեռնպահ երեքը ԲՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը եւ Վահե Հովհաննիսյանն էին։ Դեմ քվեարկողները՝ Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թեւան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Տիգրան Ուրիխանյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավորները։ Ինչպես գիտեք՝ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանն ու Գագիկ Ջհանգիրյանը բոյկոտել են այս նստաշրջանը եւ չեն մասնակցում նիստերին: Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրենք, որ Հովիկ Աբրահամյանը հաջողեցրեց բավականին շահեկան քվեարկության պատկեր ապահովել մի բյուջեի համար, որի մասին անգամ ինքը լավատեսական կանխատեսումներ չուներ, իսկ կառավարության կաբինետից յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում խոստովանել, որ հաջորդ տարին վատն է լինելու, մի կերպ գոյատեւելու բյուջե է կազմվել: Ի դեպ, համեմատության համար հարկ է հիշել, որ Տիգրան Սարգսյանի վերջին՝ «Բյուջե 2014»-ն, Ազգային ժողովում ընդունվել էր 70 «կողմ», 40 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներով: «Առաջընթացը», կարծում ենք, ակնհայտ է։ Առաջընթաց՝ քննադատությունը վերացնելու, այլ ոչ թե տնտեսությունը զարգացնելու հարցում։