Էդմոն Մարուքյանն այդպես էլ չպատասխանեց՝ հանրաքվեի արդյունքները լեգիտի՞մ էին, թե՞ ոչ

Էդմոն Մարուքյանն այդպես էլ չպատասխանեց՝ հանրաքվեի արդյունքները լեգիտի՞մ էին, թե՞ ոչ

Երեկ տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ կուսակցության խորհրդի նախագահ ընտրվեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Վերջինս համագումարից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։



Լրագրողներից մեկը հետաքրքրվեց Մարուքյանից՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներն իրենք լեգիտի՞մ են համարում, թե՞ ոչ։



Լրագրողի ուղիղ հարցին իրավաբան քաղաքական գործիչը տվեց իրավական ու «քաղաքագիտական» ինչ-որ բացատրություններով հագեցած շրջանցող պատասխան՝ այդպես էլ հստակ չպատասխանելով այդ պարզ ու հստակ ձևակերպված հարցին։



«Մենք լեգիտիմության հետ կապված խնդրին բազմիցս պատասխանել ենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգը 25 տարի է՝ մի փակ շրջափուլի մեջ է, և անընդհատ խոսվում է լեգիտիմության մասին։ ՀՀ-ում խոսվում է, որ լեգիտիմ չէ որևէ մարմին, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ լեգիտիմ չէ նաև այսօրվա խորհրդարանը։ Ընդ որում՝ նրանց մի մասը էդ խորհրդարանի մեջ են։ Բայց մենք ի՞նչ մոտեցում ունենք։ Կոնկրետ հանրաքվեի հետ կապված` մենք չենք զարմացել, մենք զարմացել ենք, որ մարդիկ զարմացել են, բայց մենք չենք զարմացել։ Դա սովորական ընտրական միջոցառում է, որը որ որևէ ավանդույթ ընտրական պրոցեսների հայկական քաղաքական համակարգում, չի խախտել։ Եվ եղել են մասսայաբար, զանգվածային ընտրախախտումներ, որի հետ կապված կան բազմաթիվ հաղորդագրություններ։ Մենք դատապարտում ենք այդ ընտրակեղծիքները։ Մենք մյուս կողմից նաև չենք պատրաստվում որևէ կերպ կռվել ինչ-որ փաստի և իրողության հետ»,-ասաց նա։ 



Հետո շարունակեց շրջանցել հարցի ուղիղ պատասխանը՝ առաջնորդվելով այլ հիմնավորումներով։



«Հիմա ընդդիմությունը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Ընդդիմությունը դիմում է ՍԴ, և լինում է ելք։ Եթե լինի ելք, որով անվավեր ճանաչվի հանրաքվեն, կարո՞ղ է բան փոխվի ՀՀ քաղաքացու կյանքում։ Մենք գտնում ենք, որ ոչ։ Մենք գտնում ենք, որ լեգիտիմության հարցը բացվում է ընտրական տեղամասերը փակվելու ժամանակ՝ երեկոյան ժամը 8-ին։ Եվ էդ հարցը ավարտվում է ՍԴ որոշումով։ Եվ եթե մենք չենք վստահելու էդ դատարանի որոշմանը, ես երբեք չեմ դիմի մի դատարան, որի որոշմանը վերջում համաձայն չեմ լինելու։ Սա նաև որպես փաստաբան եմ ասում։ Մենք էս մոտեցումը քննարկել ենք բազմիցս և կիսում ենք, այսինքն՝ լեգիտիմության թնջուկը մեզ համար գոյություն չունեցող բան է»-փորձեց իր հարցին ուղիղ չպատասխանելը այսպես արդարացնել անկախ պատգամավորը։



Hraparak.am-ը, այդուհանդերձ, փորձեց հստակեցում մտցնել այս հարցում։ Մենք հետաքրքրվեցինք՝ նա կարո՞ղ է հարցին ուղիղ պատասխանել՝ որպես նորաստեղ կուակցության ղեկավար հայտնելով իր քաղաքական դիրքորոշումը ոչ որպես փաստաբան, և հստակ ասել՝ այս ընտրություններն, ի վերջո, լեգիտի՞մ են, թե՞ ոչ իրենց համար։ Կարո՞ղ է ուղղակի քաղաքական գնահատական հնչեցնել՝ առանց ՍԴ դիմել-չդիմելու պարտավորության առաջ կանգնելու։



«Մենք նշում ենք, որ ՀՀ-ում բոլոր ընտրությունները կեղծիքներով են անցել։ Այս ընտրությունները նույն մեթոդաբանությամբ կեղծվել են։ Բայց «Լուսավոր Հայաստանը» իր ամբողջ գործունեությունը և քաղաքական հռետորաբանությունը դուրս է տեսնում լեգիտիմության թնջուկից»,-անդրդվելի մնաց լեգիտիմ ընտրված կուսակցապետը։



Մի վերջին փորձով հարցրինք՝ որևէ բարդույթ կա՞ ընդամենը քաղաքական հստակ դիրքորոշում հայտնել այս հարցում։ «Որևէ բարդույթ չկա։ Դուք փորձում եք մեզ տանել 25 տարվա քաղաքական հռետորաբանության դաշտ։ Մենք ձեզ ասում ենք, որ մենք այլ մոտեցումներ ունենք, և էդ հռետորաբանությունից դուրս է մեր մտածողությունը»,-ասաց նա ու որոշեց իր խոսքն ամրապնդել մեր հագած տաբատի վրա բերված պատկերավոր օրինակով․ «Դուք կարո՞ղ եք վիճել, որ Դուք հիմա, օրինակ, ունեք կապույտ ջինս։ Կարո՞ղ եք վիճել Ձեր կապույտ ջինսի հետ։ Պարզ է, որ չէ։ Մենք գտնում ենք, որ եթե արդեն մայր օրենքը սկսի գործել, եթե դիմես ՍԴ, ու սկսի էդ օրենքը կիրարկվել, մենք ապրելու ենք էդ օրենքով»։



Մարուքյանը նշեց, որ ինքը դեմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին Ազգային ժողովում և հանրաքվեի օրը՝ իր տեղամասում։



Հ․Գ․ Մենք մեր կապույտ ջինսի հետ, բնականաբար, չենք կարող վիճել, բայց մենք գոնե ունենք բավարար «քաղաքական կամք»՝ հստակ հայտարարելու, որ մեր հագած կապույտը ջինսը, իրականում, «լեգիտիմ» կապույտ ջինս չէ, որովհետև այն նախ բնական և օրիգինալ ջինսի տեսակ չէ, և երկրորդ՝ գույնն էլ լիարժեք կապույտ չէ, այլ երանգներ էլ ունի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ