Փոստանջյանը կաթվածահար արեց ԱԺ նիստը․ Շարմազանովը ստիպված ընդմիջում հայտարարեց

Փոստանջյանը կաթվածահար արեց ԱԺ նիստը․ Շարմազանովը ստիպված ընդմիջում հայտարարեց

Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյանն անելանելի վիճակում դրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։ Վերջինս ստիպված եղավ 30 րոպե ընդմիջում հայտարարել, քանզի Փոստանջյանն ուղղակի կաթվածահար արեց նիստի աշխատանքը։



Բանն այն է, որ նրա ելույթը կրկին դուր չեկավ նիստը նախագահող իշխանական պատգամավորին, ով խնդրեց թեմայից խոսել։ Թեման ԱԱՀ-ի մասին օրենքում փոփոխությունն էր։ Փոստանջյանը, սակայն, խոսում էր իշխանափոխությունից, Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումից, հիշեց նաև Պերմյակովին, ինչը դուր չեկավ Շարմազանովին, նա դիտողությւոն արեց պատգամավորին և անջատել տվեց խոսափողը։ Փոստաջյանը շարունակեց անջատված խոսափողով խոսել, Շարմազանովը, ով միայնակ էր վարում նիստը, մի քանի անգամ հորդորեց նրան զբաղեցնել իր տեղը։ Հետո, տեսավ՝ ճար չկա, կատակեց․ «Ափսոս, Դուք գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք, չեմ կարող գալ Ձեզ գրկել, դուրս հրավիրել»։ Հետո հարցրեց դահլիճում ներկա պատգամավորներին, թե «մի ջենտլմեն չկա՞ այստեղ, որ տիկին Փոստանջյանին դուրս հրավիրի»։



Մի քանի րոպե անց Շարմազանովին փոխանցեցին ԱԺ կանոնակարգ օրենքը, որտեղից նա ընթերցեց նիստը խանգարող պատգամավորների նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին օրենքը։ Սա էլ չօգնեց․ Փոստանջյանը շարունակում էր մնալ ամբիոնի մոտ և ելույթ ունենալ անջատած խոսափողով։



Ի վերջո, Էդուարդ Շարմազանովը 30 րոպե ընդմիջում հայտարարեց` նշելով, որ սա խորհրդարան է, ոչ թե մանկապարտեզ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ