Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ «բանդայի» գործով արտահոսքը կազմակերպված է նախագահի նստավայրից

Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ «բանդայի» գործով արտահոսքը կազմակերպված է նախագահի նստավայրից

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը մի քանի օր առաջ Նորքի «բանդայի» գործով ձերբակալված պաշտպանության նախկին փոխնախարրար Վահան Շիրխանյանին պաշտպանող դիրքերից հայտարարություն էր արել։ Դրան արձագանքել էր ԱԱԾ-ն՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով Մանուչարյանի մտքերին։ Իսկ Մանուչարյանը, հիշեցնենք, հանցավոր համագործակցության խմբի բացահայտումը որակել էր որպես «արկածախնդրություն», իսկ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը՝ «ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության հավասար գործողություն»: ԱԱԾ-ն էլ այս էլ երկրորդ դեպքն է՝ նման քաղաքական գնահատականներով հագեցած հաղորդագրություններ է տարածում։ Սրանից առաջ էլ Զարուհի Փոստանջյանի մասին էին նման հաղորդագրությամբ հանդես եկել։



Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ ինքը զարմացած է ԱԱԾ-ի այդ հայտարարությունից, իր բարձրացրած հարցերը ճնշող մեծամասնությամբ ուղղված էին լրիվ այլ հասցեով՝ երկրի քաղաքական ղեկավարությանը։ Ուստի ինքը նորմալ կհամարեր, եթե իրեն արձագանքեին նախագահի նստռավայրից կամ «Հանրապետական» կուսակցությունից, քանզի իր գնահատականներն ու առաջարկներն ուղղված էին երկրի քաղաքական ղեկավարությանը.«Ճիշտն ասած՝ կարծում եմ, որ այդ ղեկավարությունից էլ գրված էր այդ տեքստը, ուղղակի ստորագրվել է ԱԱԾ-ով»։



Այնուհետև նա զարմացավ, թե ինչպես է ստացվում, որ այդ «բանդայի» գործով ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունենում ԱԱԾ-ի կողմից։ «Բանն այն է, որ խումբը վաղուց վերցված էր վերահսկողության տակ։ Այսինքն՝ այն, ինչ մենք լսել ենք խմբի վերաբերյալ, դա նշանակում է՝ ամիսներ շարունակ նրանց հետևել են, կատարել են լսումներ, ձայնագրություններ և այլն։ Այսինքն՝ այն, ինչ որ հիմա որպես արտահոսք տալիս են լրատվամիջոցներով։ Ի դեպ էդ մի բանն էլ՝ արտահոսք Ազգային անվտանգության ծառայությունից։ Ուրեմն՝ կա՛մ ծառայություն գոյություն չունի, կա՛մ արտահոսքը այլ տեղերով է կազմակերպված։ Ես կարծում եմ, որ այդ արտահոսքը կազմակերպված է նախագահի նստավայրից։ Նրանք որոշում են քաղաքական գործընթաց կազմակերպել դրա հիման վրա և անընդհատ կազմակերպում են արտահոսք»։



Ըստ Մանուչարյանի՝ սա նշանակում է, որ գործը դրված է ուրիշ հարթության մեջ, այն ծառայեցվում է ներքին քաղաքական հարցեր լուծելուն, ինչի մասին էլ խոսել էր ինքը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ