Միայն Ժիրայր Սեֆիլյանին եմ հավատում, ինքը մաքուր անձնավորություն ա. Տիգրան Կարապետյան

Միայն Ժիրայր Սեֆիլյանին եմ հավատում, ինքը մաքուր անձնավորություն ա. Տիգրան Կարապետյան

Քաղաքականության մեջ նախկինում ակտիվ դիրքորոշում ունեցած, 2007թ. ԱԺ, իսկ 2008թ. ՀՀ Նախագահի ընտրություններին մասնակցած, այսօր արդեն չգործող «ԱԼՄ» հեռուստաընկերության սեփականատեր, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը տեւական ժամանակ է, ինչ լռություն է պահպանում։
Ընթացիկ քաղաքականությունը վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք Տիգրան Կարապետյանի հետ։



-Պարոն Կարապետյան, ժամանակին մասնակցեցիք ԱԺ ընտրություններին, ՀՀ Նախագահի ընտրություններում էլ առաջադրեցիք Ձեր թեկնածությունը։ Հետեւու՞մ եք այսօր քաղաքական իրադարձություններին։



-Այնքան էլ ակտիվ չեմ, բայց հետեւում եմ, բա ոնց։



-Դուք պայքարեցիք, ակտիվ դիրքորոշում ունեիք մի ժամանակ, բայց այդպես էլ ո՛չ ԱԺ պատգամավոր ընտրվեցիք, ո՛չ էլ ՀՀ Նախագահի ընտրություններում կարողացաք պատկառելի քվեներ ստանալ։ Հիմա նոր քաղաքական ուժեր են ի հայտ եկել, ունեն ընդգծված հավակնություններ, հանրահավաքներ են հրավիրում...



-Ի՞նչ նոր քաղաքական ուժեր, դրանք բոլորը հին քաղաքական ուժերն են։



-Ինչու՞ են հին, ձեւավորվում են «Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը»։



-Դե գիտեք ինչ, առանձին խնդիրների դեմ չպետք է պայքարել, մարդիկ պետք է պայքարեն անարդարությունների դեմ, անարդար է մեր իշխանությունը։ Թե չէ՝ գազի սակագին, էլեկտրաէներգիայի սակագին... Պետք է կանգնել ասպետական ձեւով եւ պայքարել իշխանության դեմ։ Պետք է ժողովուրդը պայքարի որպես քրիստոնյա ժողովուրդ, որպես պատմություն ունեցող ժողովուրդ։



-Պարոն Կարապետյան, բայց ժամանակին Դուք ասում էիք, որ կարելի է նաեւ ոլորտ առ ոլորտ բարեփոխել։



-Ի՞նչ բարեփոխում, չարը չի բարեփոխվում։ Դուք որտե՞ղ եք տեսել, որ չարը բարեփոխվի։



-Դուք չարը տեսնու՞մ եք իշխանության առաջին դեմքերի մեջ։



-Չարը ես տեսնում եմ համակարգի մեջ, որը ծառայում է օլիգարխներին։



-Իսկ ասպարեզում առկա քաղաքական ուժերից Դուք ու՞մ եք վստահում։



-Ես հավատում եմ Ժիրայր Սեֆիլյանին, ինքը մաքուր անձնավորություն ա։ Իսկ «Ժառանգությանը», մյուս իշխանական թե ոչ իշխանական ուժերին չեմ հավատում։
Էսքան բան, ազիզ ջան։



Թագուհի Հակոբյան