Խոսրով Հարությունյանի եղբոր հիվանդանոցում աշխատավարձ չեն վճարում

Խոսրով Հարությունյանի եղբոր հիվանդանոցում աշխատավարձ չեն վճարում

Խոսրով Հարությունյանի եղբորը՝ Սամվել Հարությունյանին պատկանող երրորդ կլինիկական հիվանդանոցում, որը կոչվում է «Արամյանց» բժշկական կենտրոն, ամիսներ շարունակ աշխատավարձ չի վճարվել։ Այս մասին մեզ ահազանգել էր հիվանդանոցի աշխատակիցներից մեկը։ Ահազանգել էր առանց իր անունն ասելու ու նաեւ հայտնել, որ երբ աշխատողները փորձում են տնօրենի հետ խոսել աշխատավարձի խնդրով, վերջինս նրանց հորդորում է, որ իրենց գլխի ճարը տեսնեն, կամ էլ ակնարկում է, թե բուժանձնակազմն այսպես թե այնպես իր «լեւի փողն» աշխատում է։ Ստացված տեղեկություններն ստուգելու համար գնացինք երրորդ կլինիկա։ Հիվանդանոցը մաքուր էր, նորոգված, տաք, բայց դատարկ էր, ի տարբերություն մյուս բուժհաստատությունների, որոնք շնչառական վարակների տարածման այս օրերին աշխատում են ցայտնոտային ռեժիմով։ 



«Մեզ մոտ խոզի գրիպով հիվանդ չկա»,- պատասխանեցին մեզ ընդունարանում։ Միջանցքներում միայն մեկ հիվանդի հանդիպեցինք։ «Պետպատվերով» բուժվող մի թոշակառու էր։ Նա մենակ շրջում էր երրորդ հարկի միջանցքով։ Պարզելու համար, թե որքան ժամանակ է, որ բուժանձնակազմը «մերկ էնտուզիազմով» է աշխատում, հարցում անցկացրինք տարբեր սենյակներում։ Բուժքույրերից մեկն ասաց, որ երբեմն գումարներ ստանում են, բայց քիչ-քիչ՝ «օրը գիտի»։ Մյուսները վստահեցնում էին, որ ամիսներով փող չեն ստացել։ Ոմանք էլ մեր հարցերին չէին ուզում պատասխանել եւ մեզ ուղարկում էին տնօրենի մոտ․ «Հարցրեք ադմինիստրացիային, մենք ի՞նչ գիտենք»։ Մի բուժքույր էլ ասաց․ «Աշխատավարձը մեր ցավալի տեղն է, բայց մեր անձնակազմն այնքան համախմբված է, որ էլի աշխատում է։ Մարդիկ ամիսներով խեղդված սպասում են, որ հենց գումար կուտակվի, միանգամից տան»։ Առաջին հարկում, աջ կողմում տնօրինության սենյակներն էին, բայց օրը տոնական էր, եւ այստեղ ոչ ոք չկար։ Վիրաբույժների վիճակը մի քիչ ավելի լավ է։



Նրանք, չնայած դժկամությանը, այնուամենայնիվ պատասխանեցին, որ ինչ-որ գումարներ ստացել են․ «Մեր համավճարի հասանելիքն ենք ստանում եւ վիրահատություններից բոնուսներ»։ Սանիտարներից մեկին հարցրինք․ «Ձեր աշխատողները բողոքում են, որ փող չեն ստանում։ Ճի՞շտ է, ինչքա՞ն ժամանակ է, որ յոլա եք գնում այսպես, հիվանդների հույսին»։ «Եթե զանգել-ասել են, ուրեմն մի բան կա, էլի։ Բա որ զանգել են, ասել են, չե՞ն ասել, թե քանի տարի չեն տվել,- ասաց կինը եւ վախեցած ավելացրեց։- Աման, մեզանից դուրս չգա»։ Տնտեսական մասի աշխատողներից մեկն էլ պատասխանեց․ «Քչից-շատից տալիս են, բայց եթե ուզում եք հարցերի պատասխանենք, դիմեք տնօրենին»։



ՀԳ․ Հիվանդանոցի տնօրենը՝ Սամվել Հարությունյանը, տեղում չէր։ Նրա ընդունարանում երկու օր շարունակ հեռախոս չէին վերցնում, բջջային հեռախոսահամարները նույնպես չէին պատասխանում։ Երեկ, վերջապես, քարտուղարուհին պատասխանեց՝ տեղեկացնելով, որ տնօրենը տեղում չէ, հեռախոսահամար վերցրեց, խոստացավ միացնել եւ ստեց։ Այնուամենայնիվ, տնօրինության արձագանքին եւ մեկնաբանություններին սպասում ենք եւ ստանալուն պես կներկայացնենք ընթերցողին։