Նավասարդ Կճոյանը սուսլիկ է սպանել (տեսանյութ)

Նավասարդ Կճոյանը սուսլիկ է սպանել (տեսանյութ)

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին մի գովազդային ֆիլմ է վերջերս նկարել ինչ-որ «Aratta Cinema» կոչվող ստուդիա։ Ֆիլմը կոչվում է «Իրական Նավասարդ Կճոյանը»։ Չէ, իհարկե, «Բենթլիի», Փայլակի-օֆշորի պատմության եւ այլ տխուր բաների մասին ֆիլմում ոչ մի բառ չկա։ Դրա ողջ ընթացքում Նավասարդ Կոճյանի մասին գովեստներ են հնչեցնում նրա ծանոթները, ընկերները, կամ էլ իրենց թվում է, թե իրենց հնչեցրածը գովեստ է։



Օրինակ, Սիոն եպիսկոպոս Ադամյանը պատմում է, թե ինչպես են եկեղեցականներով գնացել որսորդության։ «Արմավիրի քաղաքապետի հրավերով գնացինք որսորդության։ Մենք չգիտեինք զենքով կրակել, ու Նավասարդը, որ սովետական բանակն էր անցել, լավ էր կրակում»։ Որսորդության մյուս ընկերը՝ Գրիգոր Մեսրոպյանը, հրճվանքով նկարագրում է, թե ինչպես էր Կճոյանը սուսլիկներ սպանում։ «Փոքրիկ բլրակներ կային, կրակում էինք,- ասում է նա,- սուսլիկներ կային, փոքր, մի տասը սանտիմետր էին երեւում գետնի վրա, գլուխը դեռ չէր բարձրացրել, հայր սուրբը խփեց դրան։ Մի կողմով մտել, մյուս կողմով դուրս էր եկել»,- ասում է որսորդը՝ ծիծաղելով։ Իսկ կադրերի տակից կամաց, դանդաղ դասական, վեհ երաժշտություն է հնչում՝ հարմար ձայնային ֆոն աստծո էակների սպանդի համար։ Ի դեպ, սուսլիկներին Նավասարդ Կճոյանը կրակել է հենց այնպես, «կայֆի» համար։ Դժվար է պատկերացնել, որ Արարատյան թեմի առաջնորդը սուսլիկի միս է ուտում կամ դրա մորթու կարիքն ունի։ Չնայած որսորդները վստահեցնում են, որ սուսլիկը շատ էլ համով միս ունի։ Ամեն դեպքում, Նավասարդ Կճոյանի ընկերներն ու ծանոթները առաջնորդվել են Նավասարդի մասին «կամ լավը, կամ ոչինչ» սկզբունքով։ Ֆիլմի հեղինակները նույնիսկ իրենց պարտքն են համարել տողատակում մի տեղ գրել, որ Կճոյանը հրաժարվել է նկարահանումներից, եւ որ օգտագործվել են միայն արխիվային նյութեր։ Այդ արխիվային նյութերը նրանք մոնտաժել են՝ տարբեր գեղարվեստական հնարքներ օգտագործելով։ Հիմնականը սեւ ծիտն է՝ ագռավ է, թե արծիվ, Աստված գիտի, բայց Նավասարդի սեւ սքեմը մեկ էլ թռչուն է դառնում ու ֆիլմի տարբեր դրվագներում հանկարծ հայտնվում։ Այս նույն ծիտիկով էլ ֆիլմն ավարտվում է։ Հետաքրքիր հնարք է, մանավանդ, որ մի տեղ պատմում են, թե ոնց էր Նավասարդ Կճոյանը «Черный ворон, что ты вьешся над моею головой» երգը կատարել։ «Սրբազանը կատարեց «Չյոռնի վառոն» երգը, շատ տպավորիչ է այդ պահը»։ Մի խոսքով, ֆիլմը դիտելիս մտածում ես՝ դե, տղա է, էլի, բանակ է գնացել, որսի, լավ երգել է, հեծանիվ է քշել իր համար, ոչ «Բենթլի»։



Ընկերներից մեկը պատմում է, որ մի անգամ Կճոյանի հետ մի քանի հոգով հանգստացել են լողափում։ Տղաներից մեկը մտել է ջուրը լողալու ու իր կարողությունները ցուցադրելու։ «Հայր սուրբը ձայն չհանեց, սա եկավ, գլուխ էր գովում, հայր սուրբը հանվեց, արագությամբ հասավ լճի վերջը, հետ եկավ ու ասեց՝ պետք է ոչ միայն խոսել, այլ նաեւ անել»։ «Կյանքի» տղա է եղել, մի խոսքով։ Բայց ի՞նչ կապ ուներ եկեղեցու, հոգեւոր աշխարհի հետ։ «Հորս վերջին պատգամն էր ճեմարան ընդունվելը,- պատմում է ֆիլմում Նավասարդը,- ես պատրաստ չէի հոգեպես, ի՞նչ անեմ, չգիտեմ, բայց եթե չանեմ, անընդհատ ինձ կմեղադրեմ հորս պատգամը չկատարելու մեջ, ստիպված՝ քայլերս ուղղեցի դեպի ճեմարան»։ Հետո տեսնում ենք Նավասարդ արքեպիսկոպոսին արդեն հասունացած, հայի հոգու տառապանքներից խոսող։ Բայց դժվար թե որեւէ հայի ցավին դարման կարող են լինել նրա դասերը։ «Ամենամեծ դասը, որ քաղեցի՝ իմանալը քիչ է, զգացողություն է պետք, իսկ տեւական զգացողությունը բերում է քո պատկանելությանն այդ արժեքներին»։ Խոսքը քրիստոնեական արժեքների մասին է։ Հետո սրբազանը երգում է․ «Մի չինացի ձուկ էր բռնում գետակից, մոտ է գալիս մյուս չինացին, բարեւ, ես էլ եմ չինացի, երկու չինացի ձուկ են բռնում» եւ այլն։ Եվ կրկին համոզվում ես, որ նա, ինչպես ֆիլմում ասում է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, «քաջառողջ երիտասարդ էր, շատ սպորտ սիրող» կամ, ինչպես Պարգեւ սրբազանն ասաց, կյանքի մեջ մեծ հետաքրքրությունների շրջանակ ունեցող։ Մի հետաքրքիր դրվագ էլ կա, որը լրացնում է ֆիլմի գեղագիտական «պալիտրան»։ Փախստական մի կին Աշտարակից պատմում է, որ իրենց քաղաքում մոլագար էր հայտնվել, որը եկավ իրենց տուն, ինքը մոլագարին քշեց ու հետո կանչեց Նավասարդ Կճոյանին, որն իր հետ մինչեւ առավոտ մոլագարին էր սպասում։ Այդ պահին կադրում հայտնվում է հաստլիկ դեմքով ու հաստ մատանիով մի դերասան։ Նա «Мать моя артистка, отец мой капитан, сестренка гимназистка, а я сам хулиган» երգի հնչյունների տակ կոտրատվում է։ Ահա, այս մակարդակի ֆիլմ է նկարահանվել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասին։ Ի դեպ, ֆիլմի վերջում ոչ ռեժիսորի անուն կա, ոչ հեղինակի։ Երեւի ամաչել են իրենց արածի համար։