Թաթոյանն իր տեղը որպես ժառանգությո՞ւն է փոխանցում

Թաթոյանն իր տեղը որպես ժառանգությո՞ւն է փոխանցում

ՀՀԿ-ի կողմից առաջարկված ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի կենսագրության մեջ մութ կետեր կան, որոնք կասկածի տակ են դնում նրա նվիրվածությունը մարդու իրավունքների պաշտպանության գործին և ապացուցում են, որ Թաթոյանը իշխանական ստեղծված համակարգի հարազատ զավակն է։ ԵԽ «Խոշտանգումների կանխարգելման կոմիտեում» /CPT/ Թաթոյանը, ինչպես նրա կենսագրության մեջ է նշված, 2011-2014 թթ Հայաստանի կառավարության ներկայացուցիչն է եղել։ 2014 թվականին, երբ Թաթոյանը հեռացավ ԵԽ «Խոշտանգումների կանխարգելման կոմիտեում» ՀՀ կառավարության ներկայացուցչի պաշտոնից, նրա փոխարեն ՀՀ ներկայացուցիչ դարձավ Թաթոյանի լավ բարեկամ, հոգեբան Ինգա Մանուկյանը (Հարությունյան՝ ըստ ամուսնու ազգանվան), որը «Վորդ վիժն» կազմակերպությունում է աշխատում։



Թաթոյանը այնքան մտերիմ է Ինգա Մանուկյանի հետ, որ նույնիսկ կնքել է նրա երեխային։ Թե ինչ դերակատարում է ունեցել Արման Թաթոյանը իր սանիկի մամային CPT-ին իր անդամությունը ժառանգելու հարցում, պարզ հայտնի չէ, բայց այդ ժամանակ որպես արդարադատության փոխնախարար, Թաթոյանը ընդգրկված է եղել ընտրող հանձնաժողովում։ Ի դեպ, մեր տեղեկություններով, Ինգա Մանուկյանի ընտրությունն այնքան էլ մաքուր չի եղել։ Նա կեղծ տեղեկություն է ներկայացրել ընտրող հանձնաժողովին՝ գրել է, որ «Սորոս» հիմնադրամում աշխատելու տարիներին ընդգրկված է եղել ոստիկանության և քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների գծով մոնիտորինգ իրականացնող խմբում։ Ինգա Մանուկյանը, մեր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ «Սորոսում» խոշտանգումների խնդրով անձամբ չի զբաղվել․ «Անձամբ չեմ զբաղվել, բայց մոտ 20 ծրագրերի կոորդինատոր եմ եղել, և դրանց թվում կային ծրագրեր, որոնք վերաբերում էին մարդու իրավունքների մոնիտորինգին», - ասաց նա։ Թաթոյանի հետ սանիկ-քավորական հարաբերությունների մասին լռեց, ասելով, որ դրանք անձնական տվյալներ են, հրապարակման ոչ ենթակա, իսկ իր ընտրության մասին նշեց․ «2014 թվականի փետրվար, կամ մարտին է եղել ընտրությունը, ես ներկայացվել եմ կառավրության կողմից, իսկ մայիսի վերջին ԵԽ-ն է տվել համաձայնությունը»։ Քվեարկել է արդյոք Թաթոյանը, նա չգիտեր․ «Ես կոմիտեի կազմին ծանոթ չեմ», - ասաց։ Իսկ ահա, թե ինչ մեկնաբանություն ենք ստացել արդարադատության նախարարությունից։ «ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամի ընտրության հանձնաժողովի նիստում քվեարկության իրավունք չի ունեցել, տեղեկություններ չի ունեցել կոմիտեի անդամության համար դիմած որևէ թեկնածուի, այդ թվում՝ Ինգա Մանուկյանի կենսագրական տվյալների հավաստիության կամ ոչ հավաստիության մասին:



Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամի ընտրության գործընթացում Արման Թաթոյանը Ինգա Մանուկյանի հետ ունեցել է բացառապես գործնական բնույթի հարաբերություններ: Ընտրական գործընթացի ավարտից հետո՝ շատ ավելի ուշ, Ինգա Մանուկյանի ամուսնու առաջարկով Ա.Թաթոյանը համաձայնել է լինել նրանց երեխաներից մեկի կնքահայրը»: Ի դեպ, Ինգայի ամուսինը «վեցի» քննիչներից է։ Փայլուն ՄԻՊ, փայլուն կապեր։ Ի լրումն սրա, հավելենք, որ եթե Արման Թաթոյանը տեղյակ չի եղել կոմիտեի անդամի ներկայացրած տվյալների հավաստիությունից, ուրեմն, նա վատ է կատարել իր դերը որպես հանձնաժողովի անդամ։ Գոնե պետք է հետևեր, որ իր պաշտոնի ապագա հավակնորդը ճիշտ տվյալներ ներկայացներ։



Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի վաղվա համարում: