Համալիրի տերը ոչ մի վճարում չի կատարել

Համալիրի տերը ոչ մի վճարում չի կատարել

Կառավարության վաղվա նիստին պաշտպանության նախարարը ներկայացնելու է մի նախագիծ, որով առաջարկվում է չեղյալ համարել անցյալ տարվա օգոստոսի որոշումը, մարզահամերգային համալիրը «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ-ին վաճառելու մասին։ Հիմնավորումն այն է, որ սույն ընկերությունը գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:



Մեր տեղեկություններով, Սեյրան Օհանյանը զուտ ձևականորեն է ներկայացնելու այս նախագիծը, և այս պայմանագրով նա երբևիցե լուրջ չի զբաղվել, այլ առնչվել է այնքանով, որքանով, որ մարզահամերգային համալիրը եղել է ՊՆ հաշվեկշռին։ Գործարքի հեղինակներն ու իրագործողները կառավարությունում են։ Ամեն դեպքում, սա այն եզակի գործարքներից է, որոնք հանրությունը խանդավառությամբ է ընդունելու։ Նախ, բոլորը տխրեցին, երբ օգոստոսյան մի օր հանկարծ իմացան, որ ինչ-որ մութ ընկերություն՝ «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպը» ընդամենը 30 մլն դոլար վճարելով, համալիրի տերն է դառնում և այն 4 տարի անց վերածելու է ժամանցային կենտրոնի՝ ռեստորաններով, հյուրանոցներով, փակ ջրաշխարհով, կազինոյով։ Այս 4 տարիների ընթացքում նոր տերերը պետք է 100 մլն դոլարի ներդրում կատարեին, ինչը շատերին անհավանական թվաց։ Ամենաանհավատները կանխատեսեցին, որ իրականում նման ներդրում չի լինելու, և նոր տերերը ընդամենը շենքը գրավ դնելով մի որևէ բանկում, գումար կվերցնեն ու հետագայում «թռնելու» հեռանկարով։ Նման կասկածները հիմնավոր թվացին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ համալիրի նոր սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանն է, Կալիֆորնիայից, որը փաստացի բնակվում էր Կոմիտասի էլիտարներից մեկում։



Դինո Ավադիսյանի անունը, ինչպես վկայակոչում է «Հետք» պարբերականը, շրջանառվել է տարբեր ֆինանսական խարդախությունների և մեքենայությունների համատեքստում։ Լավ է, որ այս կասկածելի գործարքը, որի մանրամասները կառավարությունը թաքցնում էր, չկայացավ։ Թեև, սա երաշխիք չէ, որ ապագա գործարքներն ավելի թափանցիկ կլինեն։ Եթե, իհարկե, նոր ներդրող հայտնվի։ Տուժողները թերևս համալիրի նախկին աշխատողներն էին, որոնց «ՆՏԱԱ Ինվեստմենտ Գրուպը» խոստացել էր չազատել գործից։ Սրանց հարցը կրկին օդում մնաց։ Նրանք վստահեցնում են, որ առքուվաճառքի պայմանագիրը չեղարկելու մասին իրենք վաղուց են իմացել։ ՊՕԱԿԸ ժամանակավորապես վերականգնվել է։ Աշխատողները գնում-գալիս են աշխատանքի, մանր-մունր փողեր են ստանում համալիրում կազմակերպվող միջոցառումներից։ «Ամսի 14-ին համերգ ունենք, «Օրինաց երկիրն» է ժողով անելու, մարտի 5-ին «Սառցե շոու» ունենք, ՊՕԱԿ-ը ժամանակավոր վերականգնել են, մինչև նոր տերեր հայտնվեն», - ասում է հին աշխատողներից մեկը։



Ի՞նչ է կատարվել համալիրում այս ընթացքում։ Համալիրի աշխատողներից իմացանք, որ ամերիկահայ բիզնեսմեն Ավադիսյանը ընդհանրապես որևէ վճարում չի կատարել։ Մի անգամ է ընդամենը եկել համալիր․ «Ամերիկահայը երևացել է, տարածքում ման է եկել, մեզ հետ էլ խոսել է, ասել է՝ լավ կլինի, մեզ հետ էլ խոսել է, գնացել է ու հետ չի եկել»։