ՀՀ Նախագահի մամլո խոսնակը «մի բաժակ սառը ջուր լցրեց» քաղաքական շիկացած դաշտի վրա

ՀՀ Նախագահի մամլո խոսնակը   «մի բաժակ սառը ջուր լցրեց»  քաղաքական շիկացած դաշտի վրա

Մինչ բոլորը սպասում են, որ այսօր նախագահականում տեղի կունենա ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանը «մի բաժակ սառը ջուր լցրեց» շիկացած քաղաքական դաշտի վրա:



«ՀՀ Նախագահը հանդես է գալու ելույթով, սակայն այն ոչ թե ՀՅԴ-ի հետ համագործակցության մասին է, այլ Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ է» / tert am/:



Այլ բովանդակության հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը.



«ՀՀԿ- ՀՅԴ համագործակցության մասին հայտարարությունը կարվի մինչեւ օրվա վերջ:
Նախատեսվում է թիմի հավաք, որից հետո Հանրապետության նախագահը հայտարարություն կանի: Թե ինչ ձևաչափով է լինելու համագործակցությունը և որ պորտֆելների շուրջ արդեն կա համաձայնություն, խմբակցության ղեկավարը փակագծերը չբացեց՝ հորդորելով սպասել մինչեւ երեկո»: /news. am/



Հիշեցնեմ, որ այսօր նախագահական նստավայր են հրավիրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյաները: Մնում էր մտածել, որ քննարկվելու է երկրի թիվ մեկ «կարևորագույն խնդիրը»՝ ՀՅԴ համագործակցության ձևաչափը,- ինչպես նշում էր Վահրամ Բաղդասարյանը:



Բայց պարզվում է, որ էլ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք քաղաքական այս իրարանցման մեջ մոռացել ենք: Ու դա հիշեցնում է ՀՀ նախագահի մամլո խոսնակը:



ՀԳ Այս երկու հայտարարություններից ինչ որ եզրահանգման եկա՞ք... Թե ինչու են երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հավաքվում նախագահական նստավայրում: Ինքս մի բան հասկացա: Նախագահը ոչ մի բան նրանց չի ասում, դնում է ծիծաղելի վիճակի մեջ: Դա էլ շախմատային քայլ է:



Հասմիկ Բաբաջանյան