«Արմենիայի» օդանավերը Թիֆլիսում պարապ կանգնած էին, եւ նա եկավ Հայաստան

«Արմենիայի» օդանավերը Թիֆլիսում պարապ կանգնած էին, եւ նա եկավ Հայաստան

Նոր՝ «Արմենիա» ավիաընկերությունն օդանավերի շահագործման լիցենզիա է ստացել եւ ապրիլից մտադիր է թռիչքներ իրականացնել։ Հայտնի է, որ առաջին չվերթը լինելու է ապրիլի 21-ին՝ Իսրայել։ Իսկ հանրությունը փնտրում է, թե ով է նոր ավիափոխադրողի մեջքին։ Մամուլում պտտվեց վարչապետի անունը, բայց Հովիկ Աբրահամյանի աշխատակազմից հերքեցին սա՝ նշելով, որ կառավարությունը «հետեւողականորեն շարունակում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների քաղաքականությունը, որոնք միտված են նոր ավիաընկերությունների ներգրավմանը, ավիաշուկայի մրցունակության բարձրացմանը, ավիատոմսերի գնային քաղաքականության բարելավմանը եւ այլն»: Պաշտոնապես նոր ավիաընկերությունը երեք հիմնադիր ունի՝ Աշոտ Թորոսյանը (51% բաժնեմաս), Թամազ Գաիաշվիլին (25%) եւ Ռոբերտ Հովհաննեսյանը (24%)։ Գաիաշվիլին նաեւ վրացական Airzena ընկերության տնօրենների խորհրդի նախկին նախագահն է, իսկ Հովհաննեսյանը նրա տեղակալն էր։



Հիմնադիրները խոստանում են, որ «Արմենիա» ավիաընկերությունն անհավանական ցածր գներով է թռչելու Եվրոպա, ԱՊՀ երկրներ, Ասիա՝ ընդամենը 49 դոլարով։ Սա շատերին է կասկածելի թվում։ «Նման գներ հնարավոր չեն,- ասում է քաղավիացիայի նախկին պետ Շահեն Պետրոսյանը,- միայն օդանավակայանի ծառայությունների գինը՝ գումարած «օդի» հարկը, որ կա, գումարվելով՝ արդեն 50 դոլարից ավելի են»։ Սա կարող է սովորական գովազդային «տրյուկ» լինել, երբ ավիափոխադրողը ցածր գներով ուղեւոր է գրավում, բայց մարդիկ գալիս են տոմս գնելու, եւ նրանց ասում են՝ էժան տոմսերն արդեն վերջացել են։ «Արմենիան», դեռ օդ չբարձրացած, արդեն մրցակից է ձեռք բերել, ի դեմս ռուսական «Պոբեդայի», որը «Աէրոֆլոտի» բյուջետային դուստր ձեռնարկությունն է եւ հայտնի է իր ցածր գներով։ Փետրվարի 27-ին այս «լոուկոստերը» (ցածր գներով աշխատող ավիաընկերությունը) Հայաստան, Չեռնոգորիա եւ Կիպրոս թռչելու թույլտվություն ստացավ։ Հավանաբար, հենց այս ընկերությունը կփորձի շուկայից դուրս մղել հայկական «լոուկոստերին», ինչպես ժամանակին ռուսական ընկերությունները՝ «Էյր Արմենիային»։



Արդյոք սա ե՞ւս մի անհույս փորձ է։ Ի՞նչ ռիսկ է արել հայ-վրացական «Արմենիան»՝ մտնել հայկական շուկա։ Ըստ Շահեն Պետրոսյանի, սա կարող է կապված լինել Վրաստանում մրցակցության սրման հետ, որի հետեւանքով Airzena-ի օդանավերը պարապուրդի մեջ են։



Հայտնի է, որ հենց այս օդանավերն է շահագործելու «Արմենիան»։ «Նրանց օդանավերը Թիֆլիսում պարապ կանգնած են, քանի որ այնտեղ արդեն այլ ցածր գներով ընկերություններ են թռչում, եւ որպեսզի իրենց օդանավերը հնարավորություն ունենան կանգնելու համար ամսավճար տալ, ուզում են ընդլայնել աշխարհագրությունը հայկական շուկայի հաշվին»։ Հարցին, թե արդյոք Իսրայել թռիչքների պահանջարկ կա՞ Հայաստանում, նա պատասխանեց․ «Պահանջարկ չի լինի, թեեւ դեպի Իսրայել թռիչք չունենք։



«Արմավիան» մի պահ բացեց, բայց շատ արագ փակեց։ Բացի դա, քաղաքական սահմանափակումներ են դրվում Իսրայել թռչողների համար։ Իսրայել թռար, չես կարող Իրան կամ արաբական աշխարհի երկրներ թռչել»։ Մի խոսքով, ակնհայտ է, որ «Արմենիայի» համար հեշտ չի լինելու։