Գյումրիում դանակահարված բժշկին վիրահատել են

Գյումրիում դանակահարված բժշկին վիրահատել են

Այսօր առավոտյան իր տան մոտ դանակահարվել եւ ծեծի է ենթարկվել Գյումրիի թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն Արտուշ Ասատրյանը: Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացնում են, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է առավոտյան 8:20-ին: Երկու դիմակավորված անձինք բժշկական կենտրոնի տնօրենին ծեծի են ենթարկել հենց իր տան բակում, երբ ցանկացել է ավտոմեքենան ավտոտնակից դուրս բերել: Արտուշ Ասատրյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:



Գյումրու բժշկական կենտրոն մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանից տեղեկացանք, որ այսօր առավոտյան ժամը 9-ին Արտուշ Ասատրյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրի ԲԿ, որտեղ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնասվածք, գլխի պատառոտված վերքեր եւ աջ դաստակի հեմատոմիա: Հիվանդին անմիջապես ցուցաբերվել է համապատասխան օգնություն, կատարվել է առաջնային վիրահատություն: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն է: Դեպքից անհանգստացած ՝բժշկին այցելության է շտապել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ով հրաժարվել է շփվել լրատվամիջոցների հետ, հիվանդի մոտ մնալով 15 րոպե հեռացել է: