Ի՞նչ հետեւանքներ կունենա xopan.am-ի մասին նախարարի գրառումը

Ի՞նչ հետեւանքներ կունենա xopan.am-ի մասին նախարարի գրառումը

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ Ֆեյսբուքով անդրադարձավ xopan.am կայքի կողմից բջջային հեռախոսներին հաղորդագրություն ուղարկելու փաստի իրավաչափությանը։ Հիշեցնենք, որ խոսքն օրեր առաջ բազմաթիվ բաժանորդների, այդ թվում եւ իրեն՝ նախարար Հովհաննիսյանին ինչ-որ xopan.am կայքից SMS հաղորդագրություն ուղարկելու մասին է, որով աշխատանք փնտրողներին առաջարկում են անվճար տեղադրել կամ փնտրել աշխատանք տվյալ կայքում։ Արփինե Հովհաննիսյանը, որոշ ուսումնասիրություններից հետո, երեկ ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրեց, որ խոսքն «ուղղակի մարքեթինգի» մասին է, եւ որ անցանկալի գովազդային հաղորդագրություններ փոխանցելը միջամտություն է մարդու անձնական կյանքին. «Տվյալ պարագայում խախտվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը»։ 



Ստացվում է, որ մինչ օրս մեզ ուղարկված նմանատիպ հաղորդագրություններով օրե՞նք է խախտվել։ Հիշեցնենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2015-ի հունիսից։ Թեմայի շուրջ զրուցեցինք արդարադատության նախարարության անձնական տվյալների գործակալության պետ Շուշան Դոյդոյանի հետ։ Նա նշեց, որ այդ հաղորդագրությունը, իրականում, որեւէ օպերատորի կողմից չի ուղարկվել, անհայտ է այն սուբյեկտը, որը հանդիսացել է հաղորդագրություններ ուղարկող։ Հետեւաբար, այստեղ օպերատորներն անելիք չունեն։ Իրենք ստուգել են կայքը, SMS-ում նշված հեռախոսահամարով հետ են զանգել, բայց որեւէ ձեւով չի հաջողվել կապ հաստատել տվյալ սուբյեկտի հետ։ Շուշան Դոյդոյանն ասաց, որ ինքն էլ է ստացել այդ հաղորդագրությունը։ Ի դեպ, SMS-ներն ուղարկվել են երկու տարբեր օպերատորների համարների վրա, Դոյդոյանի դեպքում «Բիլայնի» համարի վրա էր ուղարկվել, մեր դեպքում՝ «ՎիվաՍելի»։



«Մենք ճշտել ենք օպերատորներից, որ որեւէ պայմանագիր՝ կնքած այդ xopan.am-ի հետեւում կանգնած անձի հետ, գոյություն չունի։ Այսինքն՝ ինչ-որ մեկն ինչ-որ մի էլեկտրոնային համակարգի միջոցով գեներացրել է էդ մեյլերն ու իր հաղորդագրությունը հազարավոր մարդկանց ուղարկել է, ու հայտնի էլ չէ, շատ հնարավոր է, որ դա ուղարկվել է Ռուսաստանից»,-ասաց նա։



- Այսինքն՝ ստացվում է, որ կիբերհանցագործություն է կատարվել, եւ մեր՝ բաժանորդներիս անձնական տվյալների յուրացում կամ գողությո՞ւն է տեղի ունեցել։



- Շատ հնարավոր է։ Բայց դա, եթե քրեական գործ հարուցվի, կարելի է ճշտել իրավապահ մարմիններից։ Մեր գործը գնահատական տալն է՝ կա՞, արդյոք, անձնական տվյալների ապօրինի օգտագործում այս պարագային, թե՞ չկա։ Մեր գնահատականն այն է, որ եթե մարդիկ չեն տվել իրենց համաձայնությունը նման բովանդակությամբ SMS-ներ ստանալուն, ուրեմն պետք է դա համարել խախտում։ Բայց խոսքը միայն xopan.am-ի մասին չէ։ Մենք նաեւ գյուղնախարարությունից ենք ստանում հաղորդագրություններ, Մայր Աթոռից եւ գուցե չենք ուզում, չէ՞, ստանալ դրանք։ Եվ ոչ ոք մեր կարծիքը չի էլ հարցնում, ցավոք սրտի։ Եվ մենք ասում ենք, որ սա օրենքի խախտում է, եւ խախտում է նաեւ նրա պատճառով, որ համապատասխան կարգավորումները բացակայում են օրենքում։ Հիմա մենք ուզում ենք ապրիլին որոշակի փոփոխություններ առաջարկենք եւ մեր օրենքում, եւ գուցե նաեւ հեռահաղորդակցության մասին օրենքում, որ փորձենք դրան լավագույն լուծում տալ։ Ամբողջ խնդիրն այն է, որ այսօր այս ոլորտն ընդհանրապես կարգավորված չէ, եւ մենք հենվում ենք ընդհանուր օրենքի տված սկզբունքների վրա, որոնց հիման վրա ասում ենք՝ կա խախտում։



- Հիմա սա իրավական հետեւանք կարո՞ղ է առաջացնել կամ հիմք հանդիսանալ համապատասխան մարմինների համար՝ հետաքննություն իրականացնել կամ քրեական գործ հարուցել։



- Դժվարանում եմ պատասխանել, գիտե՞ք, որովհետեւ նախ ինձ համար, որպես պաշտոնյա, առաջին անգամ է, որ այսպես... հիմա սա քրեական հանցագործության տարրեր պարունակում է, թե չէ, ես մի քիչ դժվարանում եմ ասել։



- Ամեն դեպքում՝ Ձեր ասածից հասկացվում է, որ մարդկանց հեռախոսահամարներն ինչ-որ մեկի կողմից յուրացվել են։



- Այ, եթե դիմում լինի կոնկրետ քաղաքացու կողմից, ով որ վրդովված է, որ իր հեռախոսահամարը յուրացվել է... բայց, տեսեք, դժվար է, անձնական տվյալի խախտում լինում է այն դեպքում, երբ որ այսինչ համարը պատկանում է այսինչ անուն-ազգանունով քաղաքացուն։ Եթե այս հեռախոսահամարներն անանուն են, էստեղ դժվար է ապացուցել, որ կա տվյալ անձի անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտում։



- Հիմա Դուք ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ ստացաք այդ SMS-ը, վրդովվա՞ծ եք։



- Նախ նրանով եմ վրդովված, որ էդ SMS-ներն ստանում է ինչպես չափահաս, էնպես էլ անչափահաս մարդը։ Դա ամենախոցելի հարցն է, որ այդ հաղորդագրությունները, որ հաճախ կասկածելի բովանդակություն ունեն, ստանում է նաեւ իմ բալիկը, որը տասը տարեկան է, եւ ես չեմ էլ կարողանում հսկել՝ ինչ ստացավ, ինչպես ինքն ընկալեց։ Դա շատ վտանգավոր է։ Եվ մարդը պետք է իր նախասիրություններով դրանցից հրաժարվելու կամ ընտրության հնարավորություն ունենա՝ ինչը ստանա, ինչը՝ ոչ։ Մեր ամբողջ խնդիրը հիմա այն է, որ այս խորհրդատվական որոշման արդյունքում ստեղծենք այդ մեխանիզմները, որ մարդիկ ընտրության հնարավորություն ունենան, ինչից հիմա զրկված են։ Եվ երեւի ապրիլի կեսերին մենք հանրային քննարկում ենք ուզում անել այս թեմայի շուրջ, բայց այն ժամանակ, երբ արդեն որոշակի օրենսդրական փաթեթ կունենանք մշակած։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ