Դրանց ոչ թե ձեն, բարեւ էլ չեն տա

Դրանց ոչ թե ձեն, բարեւ էլ չեն տա

Նախագահ ջան, ինչխոր կտեսնիմ, արդեն սկսել եք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Քանի օր գյումրեցիները համապետական բոլոր ընտրությունների ժամանակ միանշանակ մերժել են իշխանություններին, աչքիս վայտեմ հմի էլ ձեզի հիասթափեցնեն՝ տեղական ընտրությունների մակարդակով։ Փաստորեն, մտքերիդ կա՝ նոր Ընտրական օրենսգիրքն ԱԺ ընտրություններից առաջ փորձարկեք Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, եթե հասնեք հաջողության, այն դարձնեք օրինակելի ամբողջ հանրապետության հմար։ Քանի օր հմի Գյումրիում եւ Վանաձորում ՏԻՄ ընտրություններն էլ չեն էղնի քաղաքապետի ուղիղ ընտրությամբ, այլ բդի էղնեն համամասնական ընտրակարգով, հմիկվանից կռնամ ըսեմ, օր ձեզի էդ էրկու քաղաքներում հեչ լավ օրեր չեն սպասվի։ Չնայած օր ընտրություններին հլը 6 ամիս կա, Գյումրիում արդեն շրջանառության մեջ են դրվել քաղաքապետի թեկնածուների անունները՝ Սամվել Բալասանյան, Մարտուն Գրիգորյան, Վարդան Ղուկասյան, Հովհաննես Մարգարյան։ Պարզ է, օր էդ թեկնածուներն իրանք կտարածեն ըդպիսի լուրեր, իրանց մասին հիշեցնել տալու հմար, իրականում, նրանցից ոչ մեկը ռիսկ չի էնե պայքարել Գյումրու քաղաքապետի պաշտոնի հմար, եթե ըդիկ չուզենա եւ թույլ չտա նախագահը։ Անկախ էն բանից, օր Գյումրին գլխներիցդ ռադ էնելու հմար մարզը հանձնեցիք «դաշնակչութանը», մեկ է, թասիբով գյումրեցիներին հաղթել չի էղնի։ Եթե հաշվի առնենք, օր առաջիկայում էլ ավելի դժվար կէղնի ընտրություններ կեղծելը, ու գնալով ավելի կսրվի հանրապետականների ներսում իշխանության հմար մղվող պայքարը, ինչխոր թե առաջիկա ՏԻՄ ընտրություններից իշխանափոխության հոտ առնիմ։ 



Նախագահ ջան, ա՜խր ես հանրաքվեից առաջ էլ ըսեցի, օր հույսդ բըի դնես ոչ թե քու շրջապատում էղած ու ժողովրդի կողմից չընդունված մարդկանց, այլ ժողովրդի վրա։ Հանրապետական կուսակցության մեջ Գյումրիում էդ ո՞վ կա, օր ժողովուրդն ըդոնց ձեն տա։ Էն 7 հոգանոց ցուցակը, օր Գյումրիի հանրապետականները ղրկել են, օր ըդոնցից ընտրես ապակա քաղաքապետի թեկնածուին, գիտե՞ս, օր ըդոնց իրանց տնեցիք էլ ձեն չեն տա։ Էն Սուքիասին 3 անգամ դեպուտատի մանդատ դու ես նվիրել։ Էդ տղեն մասնակցել է մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին եւ էնքան քիչ ձեն ստացել, օր էդ ձեներով չէր կռնա նույնիսկ Գյումրու ավագանու անդամ դառնար։ Հանրաքվեի ժամանակ ըդոր տվել էիր ընդամենը մե տեղամասմ, իրա կնկա մանկապարտեզը, տեսա՞ր ինչխ խայտառակ կրվավ։ Նույնիսկ էդ մարդու հալալ հորոխպոր տղեն, օր կապրի նույն տան առաջին հարկում, իրան ոչ թե ձեն, այլ բարեւ էլ չի տա։



Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի նախագահ, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության ինժեներ-մեխանիկ պետ Սահակն էդ ո՞ւմ ըսե, օր իրան ձեն տան։ Մարզում չես գտնի մե դասատում կամ մե դիրեկտորմ, օր Սահակը գործի դրած էղնի առանց մաղարիչի։ Գյումրիում չկա որեւէ բուհ կամ տեխնիկում, որի տնօրենն ընդունելության քննություններից հետո Սահակին «տեսած» չէղնի։ Ինքն արդեն 20 տարի անփոփոխ՝ էդ ոճով կաշխատի։ Ով էկել է մարզպետ, կռնացել է լեզու գտնել, հարցերը լուծել ու իրա հմար իրա գործը շարունակել, դառնալով Հայաստանի ամենահարուստ «վարժապետը»։ Էդ մարդը նույնիսկ կռնացել է սեփականաշնորհել ու իրա հմար հյուրանոց ու ռեստորան է դարձրել մարզպետարանի ենթակայության, մարզի դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու հմար նախատեսված միակ՝ Թորոսի ճամբարը։



Ինքը հիդրոէլեկտրոկայան էլ ունի, տներ էլ՝ Գյումրիում, Երեւանում, Մոսկվայում։
Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի ներկայացրած ցուցակից հաջորդը խորհրդի անդամ Ժորա Միքայելյանն է։ Երբ օր ժաշկից հետո Գյումրիից գնացին Խորհրդային Միության տարբեր հանրապետություններից եկած շինարարները, նրանք իրանց սաղ ունեցվածքը հանձնեցին քաղաքային իշխանությունների ստեղծած «կոմինվեստ» ֆիրմային, որի տնօրենը ձեր կուսակից Ժորան է։ Թողած սաղ ունեցվածքն էնքան շատ էր, օր էդ խեղճը մինչեւ օրս կծախե իրա հոր հալալ մալի պես ու չի կռնա վերջացնե։



Ցուցակի հաջորդը խորհրդի անդամ, Գյումրու կայարանապետ Վահան Գասպարյանն է։ Էս մարդն էլ՝ սուսուփուս, Գյումրիում ռեստորան-հարսանյաց սրահ, ավտոլվացման եւ բենզալիցքավորման կայաններ, Արարատյան դաշտում՝ հեկտարներով այգիներ, մայրաքաղաքի կենտրոնում բնակարան ու օբյեկտներմ ունի։ Ինքը տեսավ, օր երկաթգծի սաղ պատմության ընթացքում բոլոր երկաթուղայիններն էղել են ազնիվ մարդիկ ու ըդոր հմար էլ կյանքի վերջին տարիներն անցրել են աղքատության մեջ, որոշել է աշխատանքային տարիներին էնքան «կուտակել», օր կռնանա ապահովի ոչ միայն իրա, այլ նաեւ թոռների ներկան ու ապագան։



Ցուցակի մյուս թեկնածուին՝ Վարդան Ղուկասյանին, դու ավելի լավ գիտես, քան մենք՝ գյումրեցիներս։ Կռնամ ըսեմ, օր ամենամեծ բանը, օր էրել ես գյումրեցիների հմար, էն էր, օր Վարդանիկին էլ չթողեցիր դառնա քաղաքապետ։ Էդ մարդը կռնացավ իրա քաջագործություններով մոռացության տալ ալամ աշխարհին հայտնի, լենինականյան բռենդ համարվող ընկեր Մարգոյի աշակերտ Վարդանիկին։



Պարոն նախագահ, ՀՀԿ-ի Գյումրիի կառույցի պաշտոնյա անդամներն իրենց ողջ հարստությունը դիզել են իրենց աղետյալ համաքաղաքացիների հաշվին, իսկ գյումրեցի թասիբով, շարքային ու աշխարհահռչակ երիտասարդներն իրենց աշխատանքով, կազմակերպած միջոցառումներով, աշխարհով մեկ ընկած, անօթեւան համաքաղաքացիների հմար գումարներ կհավաքեն ու էդ միջոցներով վառելիք, սնունդ, հագուստ ու նաեւ բնակարաններ կառնեն սոցիալապես անապահով, տնակներում ապրող ընտանիքներին։ Հմի, ըստ քեզի, գյումրեցիներն ըդքանից հետո աշես ո՞ւմ բդի ձեն տան... Ընչի՞ հմար բդի ձեզի ընտրեն...



Ստեփան ՍԱՐՈՒԽԱՆՈՎ