Ձուն միայն կարմիր ներկել, իսկ կանաչեղենը` շուտ գնել

Ձուն միայն կարմիր ներկել, իսկ կանաչեղենը` շուտ գնել

Զատիկի կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում Հայ Առաքելական եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից մեկն է։ Զատիկը շարժական տոն է, այսինքն՝ յուրաքանչյուր տարի նշման օրը փոխվում է։ Այս տարի այն նշվում է մարտի 27-ին, իսկ դրան հաջորդող երկուշաբթին ոչ աշխատանքային մեռելոց է։ Տարեցտարի Հայաստանում մարդիկ սկսեցին մեծ շուքով նշել այս տոնը, լուրջ նախապատրաստվել: Դրա մասին են վկայում դեռեւս շաբաթներ առաջ զարդարված ցուցափեղկերը ու խանութներում սկսված աժիոտաժը:



Զատիկին պատրաստվող ընտանիքները ոչ միայն շտապում են ձու, կանաչեղեն, ձուկ, չամիչ, բրինձ եւ այլ մթերքներ գնել, այլեւ տարատեսակ զարդարանքներ` զատիկներ, ծաղիկներ, զարդարված ափսեներ, բաժակներ, աճեցված ցորենի զամբյուղներ, ճուտիկներ։ Մեզ հետ զրույցում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ, խոհարար Սեդրակ Մամուլյանն ասաց, որ տոնական սեղանին հիմնականում դնում են չամիչով և բրնձով փլավ, ձուկ, հավկիթներ, կանաչեղենից կերակուրներ. «Օրինակ, Շիրակի մարզում բրնձով փլավը պատրաստում են ոչ միայն չամչով, այլև ծիրանաչրով, խուրմայով, որոշ տեղեր ձուկը պարզապես շոգեխաշում են, իսկ որոշ տեղեր ձկից ուղղակի կերակուր են պատրաստում»։ Խոհարարը նաև ասաց, որ Հայաստանի տարբեր մարզերում Զատիկի տոնի առթիվ տոնական սեղանին հիմնականում նույն կերակրատեսակներն են դրվում, պարզապես պատրաստման եղանակներն են տարբեր։



Տեր Եսայի քահանա Արթենյանը եւս նկատեց, որ այսօր մարդիկ մեծ տեղ են տալիս որոշակի զատկական աքսեսուարներին և զարդարանքներին, իսկ տոնի առթիվ տարբեր գույներով հավկիթները ներկելու վերաբերյալ քահանան ասաց.«Հավկիթները պետք է ներկել կարմիր գույնի, քանի որ այն Քրիստոսի արյան խորհուրդն ունի: Եկեղեցին չի խրախուսում այլ գույներով հավկիթ ներկելը»։



Արդուզարդը` արդուզարդ, բայց տիկնայք լավ գիտեն, որ այս օրերին թանկանում են պահանջարկ ունեցող մթերքները` ձու, կանաչեղեն, ձուկ: «Արդեն մի քանի օր է` համեմի փունջը 250 դրամ է դարձել, կապը փոքրացրել են, գինը 1,5 անգամ բարձրացրել, ամեն տարի նույնն է, Զատիկից առաջ թանկացնում են, բայց այս տարի ավելի շուտ թանկացրին, որ ժողովուրդը նախապես չհասցնի գնել: Ուղղակի ամոթ է, հիշում եմ` մի տարի էլ ձու չկար, դեֆիցիտ էր, չի կարելի էլի, մի տոն է, թողեք նշենք»,-ասում է տնային տնտեսուհի Արմինեն:



Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի գնահատմամբ` երբ տոնի առթիվ թանկանում են մթերքները, դա սպառողների իրավունքների խախտում է, եւ այստեղ պետությունը անելիք ունի. «Ազատ տնտեսական շուկայում չկա այդպիսի պառլամենտ, որ կարողանա գինը արգելակի։ Մեր տնտեսությունը չի կարողանում ստեղծի այն հնարավորությունը, որ կարողանա մթերքի մեծ պաշար ապահովել, այլ ընտրում են ավելի հեշտ ճանապարհ՝ թանկացնելով դրանք։ Եթե այստեղ պետության դերը չկա, ապա ինքնահոս ձևով ստացվում է այս իրականությունը»։



Աննա Պապիկյան