Մինչեւ թղթի վրա չգրվի, չենք հավատա

Մինչեւ թղթի վրա չգրվի, չենք հավատա

ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը երեկ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումից հետո կարծիք հայտնեց, թե ընդդիմությանը հաջողվել է «թուլացնել» իշխանություններին, իրենց առաջարկների մի մասն ընդունելի դարձնել։ «Խոստանում էին շատ բաներ, երբեմն թուլանում էին, բայց մինչեւ թղթի վրա չգրվի, չենք հավատա»,- ասաց նա։



- Պարոն Խաչատրյան, կոնկրետ նշեք, թե որոնք են ԲՀԿ-ի առաջարկները, եւ դրանցից որոնք են իշխանությունների համար ընդունելի։



- Օրինակ, բանավոր դրական խոստումներ հնչեցին մեր այն առաջարկների վերաբերյալ, որ ընտրատեղամասում կուսակցությունները ոչ թե մեկ վստահված անձ պետք է ունենան, այլ երկուսը։ Կամ լրատվամիջոցների՝ տեղամասերում ներկայացվելու մասին, որ մեկ լրատվամիջոցից մեկ ներկայացուցիչ իրավունք պետք է ունենա տեղամասում գտնվելու, որ մինչեւ 15 հոգու կարելի է թույլատրել ընտրատեղամասերում՝ չհաշված դիտորդները։ Կան այլ առաջարկներ էլ, որոնց վերաբերյալ բանավոր խոստումներ տվեցին։ Բայց երբ կլինի գրավոր, եւ աչքներս կտեսնի դա, այն ժամանակ կարելի է ասել, որ սա հերթական ֆուտբոլային խաղը չէր, որ ժամանակի վրա էին խաղում։



- Իսկ ուրիշ ի՞նչ առաջարկներով է հանդես եկել ԲՀԿ-ն, ընդդիմության ու քաղհասարակության վերհանած առանցքային կետերը ներառե՞լ եք ձեր առաջարկներում՝ ընտրություններին մասնակցածների ցուցակների հրապարակում, ընտրողների մատներով նույնականացման համակարգի ներդրում կամ մատների թանաքոտում, ընտրացուցակների մաքրում, ընտրական գործընթացի տեսանկարահանում եւ ուղիղ ցուցադրում։



- Դրանց որոշ մասն էլ է ներկայացված մեր առաջարկներում, ուրիշները՝ նույնպես, օրինակ, որ խորհրդարանական կուսակցություններին ընտրագրավից ազատել, եթե արդեն խորհրդարանում եղել են, էլ ի՞նչ ընտրագրավ։ Առաջարկել ենք նաեւ հանել դրույթը, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումներ թույլ տալու եւ որոշակի անգամներ զգուշացումից հետո գրանցող օրգանը կարող է քարոզարշավից հեռացնել տվյալ ուժին։ Կարծում եմ՝ սա ճիշտ չէ, որովհետեւ կարող են նման դեպքեր «սարքել» մեկը մյուսի գլխին, մինչդեռ մեկն էլ անընդհատ խախտում անի ու չբռնվի։



- Իսկ ամենախնդրահարույց դրույթները որո՞նք եք համարում։



- Օրինակ, միատեսակ անձնագրերով քվեարկության անցկացում, քվեարկածների ցուցակների հրապարակում, էլեկտրոնային գրանցման հետ կապված երաշխիքներ եւ այլն։



- Օրինակ, քվեարկածների ցուցակների հրապարակումն ընդդիմադիրները կարեւորագույն կետերից մեկն են համարում, իշխանության ներկայացուցիչներն էլ կատեգորիկ դեմ են. ի՞նչ ասվեց այս մասով։



- Փոքր-ինչ տեղաշարժ կար, իրենք կողմ են այդ ցուցակները թույլատրել ծանոթանալուն, ես էլ հարց տվեցի, թե ինչ է նշանակում ծանոթանալ, առաջիկա հինգ տարիներին լավ ծանոթնե՞ր լինել, թե՞ դա հետեւանքներ է ունենալու։ Հստակություն այդպես էլ չեղավ, քննարկումները շարունակվելու են, գուցե այդ ժամանակ լինի, բայց իրենք շարունակում են գաղտնիության խնդիրն առաջ տանել։ Ասացին, թե նայում են՝ մատնահետքերի խնդիրն ինչպես ներդնել, միասնական անձնագրով մասնակցելու հարցին լուծում տալ, մի խոսքով՝ մի շարք հարցերի վերաբերյալ խոստումներ տվեցին։



- Իշխանությունը թույլատրում է քվեարկածների ցուցակները հրապարակել միայն բողոքարկումների դեպքում, այն էլ՝ մի քանի ժամով, առանց տեսանկարահանելու, պատճենահանելու թույլտվության, բացատրություններ հնչեցի՞ն, թե որեւէ ուժ, որը բողոքարկելու է արդյունքները, ի՞նչ ապացուցողական հիմքով է, ենթադրենք, վիճարկելու հայտնաբերած խախտումները։



- Ապացուցողական հիմք լինելու է, որովհետեւ տեղում արձանագրություններ են կազմվելու, ստորագրելու են, որ, ենթադրենք, այսինչ անձը Հայաստանում չէ, բայց քվեարկել է։ Բայց դրանից հետո է անհայտ, թե ինչ է լինելու, ենթադրենք, ապացուցեցինք, դրանից հետո ի՞նչ է լինելու՝ ընտրություննե՞րն են անվավեր ճանաչելու։ Օրինակ, ես հարցրեցի, որ, ենթադրենք, 30 դեպք ենք որեւէ ընտրատեղամասում արձանագրում, գուցե 30 դեպքը որոշիչ չէ մեկ ընտրատեղամասում, բայց 2 հազար ընտրատեղամասերի հաշվարկով այդ թիվը կազմում է 60 հազար, որն անցողիկ շեմ է կազմում որեւէ կուսակցության համար։ Իրենք այս հարցի պատասխանը չունեին եւ, հավանաբար, հետագայում որոշակի կարծիք կունենան։



- Այսինքն՝ իշխանությունների մոտեցումը նորմալ է, եւ մի քանի ժամով ցուցակները տրամադրելու դեպքում էլ քաղվածքներ անելով հնարավոր է վեր հանել խախտումները։



- Եթե մի շարք հարակից մեխանիզմներ դրվեն, միգուցե մեղմացվի այս խնդիրը, օրինակ՝ միասնական փաստաթղթով եւ մատնահետքով քվեարկություն։



- Դուք անձամբ ռեյտինգային քվեարկությանը խիստ քննադատական մոտեցում եք դրսեւորել, ԲՀԿ-ի առաջարկներում կա՞ տարածքային ցուցակներով ընտրությունները մերժելու պահանջ, եւ դրան ի՞նչ մոտեցում ունի իշխանությունը։



- Կարծես թե իշխանությունը կողմ չէ այս հարցին, թեպետ մանրամասն չքննարկվեց այդ կետը, չհասցրինք, երեւի հաջորդ անգամներում դա կանենք։



- Չե՞ք կարծում, որ եթե լինի մեկ ընտրատարածք, ու չլինեն տարածքային կամ ռեյտինգային ցուցակներ, իշխանության շանսերը փոքրանում են։ Ինչո՞ւ այս հարցն առանցքային չի դառնում։



- Մենք 4+4+4 ֆորմատում էլ կանք, որտեղ ներկայացված է այդ կետը, ու կարծում ենք, որ որեւէ լուծում պետք է տրվի դրան։