Հրազդանում մի բարեկարգ փողոց կա, այն էլ գտնվում է քաղաքապետի տան կողքին. Նիկոլ Փաշինյան

Հրազդանում մի բարեկարգ փողոց կա, այն էլ գտնվում է քաղաքապետի տան կողքին. Նիկոլ Փաշինյան

Ինչպես հայտնել էինք, երեկ մեկնարկել է ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում տեղի ունեցավ Սասուն Միքայելյանի հանդիպումը ընտրողների հետ: Միքայելյանը ընդգծեց, որ այսօր պետք է համախմբվել Հրազդանն այս վիճակից հանելու և հրազդանցուն Արամ Դանիելյանից տարանջատելու համար, որպեսզի հրազդանցին կարողանա ազատ քայլի, ճիշտ մտածի և ազատ իր տեսակետն արտահայտի: «Եկել եմ, որ մեր երեխաների փայլուն ապագան ապահովեմ և վերացնեմ վախի մթնոլորտը: Ուզում եմ գալ քաղաքապետարան` այս քաղաքը նորմալ տեսքի բերելու և մարդկանց հույսը վերակագնելու համար: Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք, որ քաղաքապետարանը պետք է դառնա այս բոլոր մարդկանց հայրենի օջախը», – հայտարարեց նա:



Ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը. «Արամ Դանիելյանը կարգախոս է ընտրել «Իմ թիմը հրազդանցին է», ակնարկը հասկանում եք, քանի որ ես Սասուն Միքայելյանի շտաբի պետն եմ, իբր քար է գցում մեր բոստանը: Ես թույլ չեմ տա, որ Հայատանը մասնատեն և դարձնեն մերոնքական և ձերոնքական: Եթե այդքան շատ եք մտածում Հրազդանի մասին, այս ինչ վիճակում է գտնվում Հրազդանը, մի բարեկարգ փողոց եմ հանդիպել, այն էլ այն փողոցը, որը գտնվում է քաղաքապետի տան կողքին: Եթե քո թիմակիցներն են հրազդանցիները, ինչո՞ւ ես 14 տարի մոռացել, ընտրությունների ժամանակ հիշում: Մտել եմ քաղաքապետարան, քաղաքապետարանի աշխատակիցներն ինչ պայմաններում են աշխատում, անգամ նորմալ գույք չունեն: Էդպես է մտածում աշխատակիցների մասին: «Իմ թիմը հրազդանցին» կարգախոսը ծիծաղելի է թվում, որովհետեւ քաղաքապետարանում անգամ մարդու արժանապատվությունն է ոտնահարվում», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը, ապա հայտարարեց, որ քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը գալիս է յուրաքանչյուր հրազդանցու արժանապատվությունը բարձր պահելու համար:



Նելլի Կարապետյան