Արծրուն Հովհաննիսյանը հերքում է, ՌԻԱ Նովոստին՝ խորհրդավոր լռում

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է, ՌԻԱ Նովոստին՝ խորհրդավոր լռում

Հայկական մեդիադաշտում իրարանցում է: Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը հարցազրույցներ է վերցրել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից եւ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի մեկնաբանության, թյուր հասկանալով իր խոսքերը, սխալներով հրապարակել, որով, անհասկանալիորեն, 500 մետր քառ. տարածք վերահսկվում է Ադրբեջանի կողմից: Արծրուն Հովհաննիսյանն արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջում հերքեց եւ նշեց, որ ինքը նման բան չի ասել: Սակայն լռում է ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը. ոչ նյութն է հեռացնում, ոչ հերքում է ու խոստովանում իր սխալը:



Թե ինչ է ասել պարոն Հովհաննիսյանն ու ինչպես է սխալվել ռուս լրագրողը՝ կարելի է պարզել նույնիսկ կես ժամում: Հաշվի առնելով ներկայիս լարված իրավիճակը եւ թյուր հասկացություններից խուսափելու, ինչպես նաեւ հանրային լարվածությունը չավելացնելու համար՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը թող պահանջի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Նույնիսկ լրագրության ֆակուլտետի ուսանողը գիտի, որ հեռախոսային հարցազրույցները ձայնագրվում են, եւ հիմա ՌԻԱ Նովոստին ունի այդ ձայնագրությունը: Իհարկե, երկրորդ տարբերակն էլ կա: Օրինական կարգով դիմել պատկան մարմիններին, ստանալ արտոնություն եւ հեռախոսազրույցի վերծանում կատարել: Այլապես սխալը սխալի հետեւից կարող է հանգեցնել հասարակական տրամադրությունների վրա ազդեցության: Ֆեյսբուքյան էջում հերքումն այս դեպքում դեռ քիչ է: