Սերժ Սարգսյանը ոտնահարեց Արցախի սուբյեկտությունը. Կարապետ Ռուբինյան

Սերժ Սարգսյանը ոտնահարեց Արցախի սուբյեկտությունը. Կարապետ Ռուբինյան

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։



-Պարոն Ռուբինյան, նախօրեին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերը եւ ձեռք բերել կրակի դադարեցման պայմանավորվածություն։ Կրակի դադարեցման պայմանավորվածությունը ի՞նչ արդյունքներ կարող է տալ, կա՞ արդյոք նոր զինադադարի պայմանագրի մասին անհրաժեշտություն։



-Որքան էլ մարդկային կյանքերը փրկելու առումով կարևոր համարենք կրակի դադարեցումը, պայմանավորվելու ձևն ու ձևաչափը, մեղմ ասած, խիստ անհանգստացնող են: Տարակուսելի է նաև, թե որքան անպատասխանատու դուրս եկան Սերժ Սարգսյանի հայտարարությունները՝ դրա նախօրեին, ԵԱՀԿ դեսպանների հետ հանդիպելիս: Պատերազմի դեպքում Արցախի անկախությունը ճանաչելու վաղուց հնչեցրած իր իսկ սպառնալիքը, ոչ միայն անտեսեց և տրանսֆորմացրեց ոչինչ չփոխող, պարզապես ներկայում գործող փոխհարաբերությունները արձանագրող ինչ-որ պայմանագիր կնքելու մասին խոսքերով, այլեւ, ժամեր անց, ամբողջ աշխարհին ի տես, ոտնահարեց Արցախի սուբյեկտությունն ընդհանրապես: Չեմ կարծում, թե ՀՀ ԶՈՒ շտաբի պետն ինքնագլուխ է յուրացրել Արցախի ղեկավարության իրավասությունները: Սա Արցախի անկախությանը սարգսյանական ռեժիմի հասցրած հերթական հարվածն է և հերթական ապացույցը, որ Սարգսյանը, չընտրված նախագահ, գերագույն հրամանատար, կամ ֆեդերացիայի նախագահ լինելուց առաջ, պարզապես Մոսկվայի խամաճիկն է: Իսկ ամենից ցավալին այն է, որ հրադադարից հետո էլ չկա ոչ մի երաշխիք, որ թշնամին վաղ թե ուշ չի կրկնի նույնը, կամ չի դիմի էլ ավելի լայնածավալ գործողությունների: Իսկ նոր զինադադարի պայմանագիր կնքելու անհարաժեշտության մասին խոսելն ավելորդ է, քանի որ, ինչպես տեսանք, թշնամին թքած ունի նման պայմանագրերի վրա: Ուղղակի, օգտվելով Սարգսյանի նշածս կոպիտ սխալից, Ալիևը գուցե ցանկանա նոր պայմանագրով` ամրապնդել նոր հռչակված, առանց Արցախի ձևաչափը:



- Հնարավո՞ր է այս իրավիճակում ԼՂ-ն նորից դարձնել բանակցային կողմ, հասնել խաղաղության պայմանագրի հաստատման։



-Բանն էլ հենց այն է, ՀՀ իշխանությունները հերթական անգամ ապացույց նվիրեցին թշնամուն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որպես ինքնուրույն կողմ, գոյություն չունի: Այնպես որ, Արցախը բանակցային կողմ դարձնելու խնդիրը, եթե իհարկե Սարգսյանի ռեժիմը երբևէ փորձել է այն լուծել, էլ ավելի բարդացավ:



-Ըստ Ձեզ՝ ի՞նչ շահեց ադրբեջանական կողմը եւ ի՞նչ շահեց հայկական կողմը այս պատերազմում։



Ակնհայտ է, որ Ադրբեջանը իր գործողություններով նոր իմպուլս հաղորդեց խնդրի քննարկմանը, այսպես ասենք՝ թարմացրեց կոնֆլիկտը` ցույց տալով, որ պատրաստ է ցանկացած պահի սրել իրավիճակը: Ինչպես տեսանք, Ադրբեջանի բացահայտ ագրեսիան նաև խստորեն չդատապարտվեց միջազգային հանրության և նույնիսկ մեր ոչ բարով դաշնակիցների կողմից: Այս հարցում, անշուշտ, իր էական դերը խաղաց պարոն Սարգսյանի «հմուտ» արտաքին քաղաքականությունը՝ անզուգական Էդիկ Նալբանդյանի կատարմամբ: Հայ զինվորը իրեն հերոսաբար դրսևորեց և արժանի է փառք ու պատվի: Դրան համարժեք էր նաև հասարակության պահվածքն ու արձագանքը: Սրանք, անշուշտ, ձեռքբերումներ են և հուսանք, որ հիմք կհանդիսանան մեր երկրում ավելի արժանապատիվ կացութաձև և ղեկավարություն ընտրելու համար:



-Ընդհանրապես Ադրբեջանի գործողություններն ինքնաբո՞ւխ էին, թե՞ դրանք հովանավորվում էին տարածաշրջանային այլ խաղացողների կողմից։



-Ինքնաբուխ կարելի է դեսպանների առջև ելույթներ ունենալ, ինքնաբուխ պատերազմներ չեն սկսում: Ադրբեջանն այս պատերազմում ուներ երկու հիմնական սպոնսոր՝ Ռուսաստանն՝ իր ահռելի քանակի մահաբեր զենքերի վաճառքով ու նեոգաղութատիրական նկրտումներով և Թուրքիան՝ բոլոր թյուրքերի ավագ եղբայրը, իր պանթուրքականությամբ ու նոր օսմանիզմով:



Թագուհի Հակոբյան