Որդու զոհվելուց հետո հաշմանդամ ծնողներն ապրուստի միջոց չեն գտնում

Որդու զոհվելուց հետո հաշմանդամ ծնողներն ապրուստի միջոց չեն գտնում

Երեւանի Մամիկոնյանց փողոցի հանրակացարանում բնակվող Մերուժան եւ Ալվինա Մարգարյանների որդիներից մեկը՝ Զորիկը, զոհվել է 2012թ. ապրիլի 18-ին, Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում։ Պաշտոնապես հայտարարվել է, որ նա զոհվել է հակառակորդի կրակոցներից, մարտական հերթապահության ժամանակ։
ՀՀ ՊՆ վեցերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Հ. Մարգարյանը, քննարկելով վարույթում քննվող թիվ 90753912 քրեական գործի նյութերը, 02.07.2012թ. պարզել է հետեւյալը։



«18.04.2012թ. ՀՀ ՊՆ թիվ 21127 զորամասից հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10.50-ի սահմաններում զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված «Խուբան 05» կոչվող մարտական հենակետում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից նույն զորամասի ԻՍՎ-ի սակրավոր, ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում եւ տեղում մահացել է, իսկ 2-րդ գումարտակի ժամկետային զինծառայող Կարեն Կարմենի Մովսիսյանը ծնկի շրջանում ստացել է հրազենային վիրավորում։ Նույն Հ. Մարգարյանի որոշմամբ՝ տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Զ. Մարգարյանի մայրը՝ Ալվինա Մարգարյանը։
Զորիկի ծնողների հավաստմամբ՝ իրենց որդին ծառայության է մեկնել կամավոր, քանի որ նրա ֆիզիկական տվյալները չեն համապատասխանել զինվորական ծառայությանը։ Երկու ամիս անց նա պետք է ավարտեր զինվորական ծառայությունը եւ վերադառնար տուն։ Հայրը պատմում է, որ մասնագիտությամբ ավտովերանորոգող որդին նույնիսկ աշխատանք էր գտել, որպեսզի զինվորական ծառայությունն ավարտելուց հետո կարողանար աշխատել եւ օգնել երկրրորդ եւ երրորդ խմբի հաշմանդամ թոշակառու ծնողներին։



2015թ., որպես զոհված զինծառայողի ընտանիք, ամուսիններին տրամադրվել է բնակարան Երեւանի Սիսակյան փողոցում, սակայն իրենց ասելով, իրենք չեն կարող առայժմ գնալ ու ապրել այնտեղ, որովհետեւ դատարկ տուն է։ Իրենց ունեցած-չունեցածը հաշմանդամ ամուսինները վաճառել են, որ կարողանան ապրել։ Եվ նրանք այժմ ապրում են հանրակացարանում, որը ժամանակին, իրենց որպես բազմազավակ ընտանիք (մինչեւ Զորիկի զոհվելը ամուսիններն ունեցել են երկու որդի եւ երկու դուստր), տրամադրել էր Երեւանի քաղաքապետարանը։



Մարգարյանների մյուս որդին՝ Գարիկը, տեւական ժամանակ աշխատանք չգտնելուց հետո, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Օրեր անց ամուսնու մոտ կմեկնի նաեւ նրա կինը՝ Անահիտը, որը յոթ ամսական հղի է։ Անահիտն ասում է, որ իր երեքամյա երեխային նույնիսկ մանկապարտեզ ուղարկելու համար չունի անհրաժեշտ գումար։
«Երեք տարի է, ինչ ամուսնուս տարվա ընթացքում 15 օրով եմ տեսնում»,- մեր զրույցի ժամանակ ասում է Անահիտը։



Որդու զոհվելուց հետո միայն Երեւանի Արաբկիրի վարչական շրջանի զինկոմիսարիատն է երկու-երեք ամիս օգնություն ցուցաբերել Մարգարյանների ընտանիքին, նշանակվել է նաեւ թոշակ, սակայն դա բավարար չէ, որ նրանք կարողանան ապրել։ Մեկ էլ ամեն տարի, նույն զինկոմիսարիատից Զորիկի տարելիցի օրը զինվորները գալիս են, ծնողներին ուղեկցում գերեզման՝ այցի։ Զորիկի մայրը՝ Ալվինան, հիշում է, որ որդու մահվան առաջին տարելիցը նշելու առթիվ 9000 դրամ են տրամադրել։ Նա այդպես էլ չհիշեց, թե ով էր այդ գումարը տրամադրել։
«Հիմա նայում եմ, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղ գնում եւ զոհվում մեր երիտասարդները, այդ ցավը նորից հիշում ու վերապրում եմ։ Անկեղծորեն ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին։ Բայց ինչու՞ մի մեծահարուստի, մի պաշտոնյայի որդու նրանց մեջ մենք չենք հանդիպում»,- ասում է տիկին Ալվինան։



Թագուհի Հակոբյան