Ովքեր են Հրազդանի անբարեխիղճ հարկատուների ցանկում

Ովքեր են Հրազդանի անբարեխիղճ հարկատուների ցանկում

Դեռ անցած տարվա սկզբին հարցում էինք արել Հրազդանի քաղաքապետարանին խնդրանքով տրամադրել հողի ու գույքի հարկի հարկային պարտավորությունները չկատարած անձանց ցուցակը, ինչպես նաեւ այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել եւ ուղարկվել հարկադիր կատարման: Ի պատասխան մեր գրության, Հրազդանի քաղաքապետարանից ստացել էինք հետեւյալ պատասխանը. «Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը չենք կարող տրամադրել՝ ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից»: 



Քաղաքապետարանի կողմից տրված պատասխանից ելնելով կարելի է ենթադրել, որ անբարեխիղճ հարկատուների ցանկը պետական գաղտնիք է: Այնինչ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ոչ թե տեղեկատվությունը թաքցնելու շիրմա է, այլ հենց ընդունվել է պետական կառավարման համակարգի թափանցիկությունն ապահովելու, գաղտնիության ավանդույթները վերացնելու եւ հրապարակայնությունն ընդլայնելու համար: Այս ամիսների ընթացքում Hraparak.am-ին պարզ դարձավ, որ հողի ու գույքի հարկ չվճարող հարկատուները քաղաքապետի մտերիմներն ու ընկերները: Դիմեցինք պատգամավոր Դավիթ Քոչարյանին.



- Պարո´ն Քոչարյան, դուք ձեր հարկային պարտավորությունները կատարում եք, ըստ մեր տեղեկությունների դուք էլ անբարեխիղճ հարկատուների ցուցակում եք:



- Ձեր ասածները իրականությանը չեն համապատասխանում, եթե դուք համոզեք, որ քաղաքապետարանը ինձ թուղթա տվել, որ ես իմ հարկային պարտականությունները չեմ կատարում, դրանից հետո այդ մասին կարելի է խոսել,- պատասխանեց Քոչարյանը:



Նույն հարցով դիմեցիք Կոճոռի թաղապետ Օհանյան Լյովային ով քաղաքապետի հետ շատ մտերիմ է, իսկ տղան՝ Ռաֆայել Օհանյանը եւ ավագանու անդամ է, եւ քաղաքապետի վարորդը:



-Պարոն Օհանյան, խնդրում ենք պատասխանել 2015թ. որքան հողի հարկ եք վճարել.



- Ես ձեզ ասելու չունեմ,- ասաց Օհանյանը եւ անջատեց հեռախոսը:



Համայնքի բյուջեն ձեւավորվում է տեղական հարկերից ու տուրքերից, որն էլ պետք է ծառայի քաղաքի խնդիրների լուծմանը իսկ Հրազդանում այսօր բարեխիղճ հարկային պարտավորությունը կատարում է հասարակ քաղաքացին: