Տեր կանգնեք դպրոցին, դպրոցը ռազմավարական օբյեկտ է

Տեր կանգնեք դպրոցին, դպրոցը ռազմավարական օբյեկտ է

Կոռուպցիան ամենուր է, բոլոր բնագավառներում



Ուսուցչին տնօրենը աշխատանքի է ընդունում կամ ազատում կամայականորեն՝ հաճախ հանցավոր համաձայնության գալով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության բաժնի պետի և մարզպետի հետ:
Այստեղ առանցքային դեր ունեն տնօրենները, նրանք ձևավորում են մրցութային հանձնաժողովներ, մասնակցում որոշումների կայացմանը և պայմանագիր ստորագրում նորընտիր աշխատողի հետ, բացի այդ տնօրեններն են որոշում, թե ով պետք է ազատվի աշխատանքից դպրոցի խորհրդի հաստատմամբ:



Օրենսդրությամբ որևէ պատասխանատվություն չի կրում դպրոցի տնօրենը՝ աշխատանքի նշանակման և աշխատանքից հեռացման կարգը խախտելու համար: Ընդհակառակը, դպրոցում ստեղծում է վախի մթնոլորտ, որի պատճառով ուսուցիչները անարդար որոշումների համար ձայն չեն բարձրացնում, իսկ ով էլ ընդդիմանում է, դաժան հաշվեհարդար են տեսնում, առավելապես բազմավաստակ ուսուցիչներին պիտակավորում և հեռացնում դպրոցից: Այստեղ զրոյացված է նաև ԿԳՆ-ի դերը, քանի որ, հանցավոր գործունեության մեջ գտնվելով, տնօրենը մարզպետի և կրթության մշակույթի ու սպորտի վարչության պետի հետ կատարում է մեծ չափերի կոռուպցիա: Ասածս հիմնավորելու համար կարող եմ բերել հենց իմ անձնական օրինակը:



2010թ.-ին Արագածոտն մարզի Աշտարակ քաղաքի Գր. Ղափանցյանի անվան հիմնական դպրոցի չկայացած ուսուցչուհի, նշանակված տնօրեն Աստղիկ Մկրտչյանը, հանցավոր համաձայնության գալով Արագածոտնի նախկին մարզպետ Ս. Սահակյանի և մարզի կրթության վարչության պետ Պարգև Համբարձումյանի հետ, դպրոցում ապօրինի դասագրքեր չվաճառելու համար որոշեց ազատվել ինձանից: Պարոն Համբարձումյանն իմ ներկայությամբ հորդորեց տնօրենին, թե՝ չե՞ք կարողանում «գործ» սարքել Հայրենուհու վրա: Սեպտեմբերի վերջին ինձ խիստ նկատողություն հայտարարեցին:



Ես դիմեցի մարզպետին՝ ակնկալելով չեղյալ համարել ինձ արված նկատողությունը: Մարզպետ պարոն Ս. Սահակյանը փորձեց ինձ համոզել՝ ասելով, թե ինքն ինձ մարզի լավագույն ուսուցիչ կներկայացնի, 5 դասաժամ էլ ավելի կտա, որ ես «սուս մնամ»: Լինելով մարդու իրավունքների պաշտպանության «Իրավագետ Սերունդ» ՀԿ-ի նախագահ, նաև դպրոցում տարրական դասարանների մեթոդ միավորման նախագահ՝ սատար կանգնեցի տարրական դասարանի ուսուցիչներին՝ չթողնելով խլել դասաժամերը, ապօրինի նշանակել 4 ուսուցիչ:



Բնականաբար, մարզպետին դուր չեկավ իմ ընդդիմադիր կեցվածքը: Չհամաձայնելով նրա առաջարկին՝ պատասխանեցի, որ դիմելու եմ դատարան՝ նկատողությունը չեղյալ համարելու համար: Պարոն Սահակյանը հորդորեց, որ եթե դիմեմ դատարան, նրանք տնօրենին կպաշտպանեն: Ես դիմեցի Արագածոտնի առաջին ատյանի դատարան՝ չեղյալ համարելու ինձ արված խիստ նկատողությունը:
Դա ավելի գազազեցրեց եռյակին՝ տնօրենին, կրթության վարչության պետին և մարզպետին:



Չուշացավ այդ պահը, երբ տնօրեն Աստղիկ Մկրտչյանը, միջոցների մեջ խտրություն չդնելով, իր ստեղծած հանցախմբի հետ միասին նսեմացնում, ոտնահարում ու արատավորում էին իմ բարի համբավն ու արժանապատվությունը: Եվ այն, որ մանկավարժական կրթություն և կառավարման փորձ չունեցող ուսուցչուհի Աստղիկ Մկրտչյանին ներկայացնելիս մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչ Գևորգյանը հոխորտալով սպառնում էր. «Եթե մեկը խանգարի տնօրենի աշխատանքին, մենք կօգնենք, որ նրան դպրոցից դուրս շպրտեն»:
Այո, ես տարիներ շարունակ դեմ եմ եղել դպրոցում կատարվող անօրինականություններին, դասագրքերի ու տետրերի ապօրինի վաճառքին, աշխատակազմի ուռճացմանը, դրույքաչափերի նվազմանը, դասարաններում աշակերտների հավելագրումներին, դեսպոտիզմին, որը կիրառվում էր «անհնազանդ» ուսուցիչների նկատմամբ։ Դեմ եմ եղել նաև ամենաթողությանը, որ դպրոցում տնօրենը և ուսուցիչները զբաղվում էին ամեն ինչով՝ բացի դաս պարապելուց։ Ամբողջ կյանքում դպրոցում դաս չես պարապել, տիկին Մկրտչյան, միայն զբաղվել եք բիզնեսով, դպրոցում աշակերտներ հավաքագրելով և կրկնուսույցի դեր կատարելով ու հարկայինին ոչինչ չվճարելով՝ դպրոցը դարձրել եք բիզնեսի կենտրոն։ Ամենատարբեր ձևերով գործ սարքեցին ինձ վրա՝ օգտագործելով նաև դպրոցի պնակալեզ, խամաճիկ ու անդեմ ուսուցիչներին։



Առաջին անգամ, երբ ներկա եղա կրթության վարչության պետի դատական նիստին, ում մեղադրում եմ չարաշահումների մեջ, եւ ով կալանավորված է, նույնիսկ աչքերս արցունքոտվեցին, երբ շղթաները հանեցին ձեռքերից։ Իսկ երբ հետագայում լսեցի նրա՝ սեռական բնույթի հայհոյանքներն ու մարդկանց նվաստացնելը, ցավ ապրեցի, որ նրա նմանները շատ են մեր երկրում, ովքեր արժանի չեն, բայց ղեկավար պոստեր են գրավում։ Այո, մեր երկրում շատ չինովնիկներ արժանի չեն իրենց պաշտոններին։ Պետությունն ուշադրություն դարձնելու կարիք ունի կառավարման ոլորտում պատասխանատուներ նշանակելու գործում։



2011թ.-ի մայիսի 16-ին աննախադեպ գործողություն ծավալեցին իմ դեմ, քրեական գործ հարուցեցին ինձ վրա, իբր ես սեռական բնույթի հայհոյանք եմ տվել դպրոցում: Սկզբից ծիծաղ հարուցեց ինձ այդ երևույթը. Չեղած բանը ինչպես կարող են ապացուցել: Զարմանքս, խղճահարությունն ու նողկանքս սահման չուներ, երբ դպրոցի 16 ուսուցիչ, ներքաշելով ևս 5 անչափահաս երեխայի, ստիպեցին ցուցմունք տալ, թե իբր լսել են իմ հայհոյանքները: Ուզում եմ թվարկել այդ ուսուցիչների անունները, նրանցից մի մասին տնօրեն Աստղիկ Մկրտչյանն «օգտագործելուց» հետո դուրս շպրտեց, իսկ մի մասը մինչ օրս աշխատում է.



Աստղիկ Իշխանի Մկրտչյան, տնօրեն
Սաթիկ Արամի Սիմոնյան
Ալվարդ Հարությունի Գրիգորյան
Ալլա Աշոտի Ինջիղուլյան
Հասմիկ Նիկոլայի Թադևոսյան
Զարինե Սերգեյի Սարկիսովա
Ալվինա Վարդգեսի Նավասարդյան
Ռուզան Գևորգի Գևորգյան
Ազնիվ Հովհաննեսի Ղափանցյան
Ազնիվ Էդիկի Պետրոսյան
Ժասմենա Էդուարդի Հայրապետյան
Գայանե Միշայի Փիլումյան
Հասմիկ Հարությունի Վահանյան
Գայանե Կարապետի Երիցյան
Գոհար Մնացականի Պապյան
Աննա Մանուկի Ստեփանյան



Անչափահաս վկաներ՝



Ռուբեն Աղասիի Ավետիսյան
Սոնա Հարությունի Հարությունյան
Քրիստինե Կարենի Մանուկյան
Հասմիկ Համլետի Ավետիսյան
Օվսաննա Սամվելի Ստեփանյան



Արագածոտն մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 24.05.2012թ.-ի թիվ ԱՐԱԴ1/0036/01/12 դատավճռով դատարանն ինձ ճանաչեց անմեղ: Որքան խղճուկ կարող են լինել մեր ուսուցիչները, անպաշտպան ու ողորմելի բառիս ուղիղ ու լայն իմաստով, որ իրենց աշխատանքը չկորցնելու համար դիմում են նման ստոր, նողկալի և անբարոյական քայլի: Ինչպես կարող են նման ուսուցիչները դաստիարակել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայող սերունդ: Տնօրեն Աստղիկ Մկրտչյանի ընչաքաղցությունը սահման չունի, և ինքն էլ անմասն չէր հանցավոր գործունեությանը, բայց արի ու տես, որ նախկին մարզպետ Ս. Սահակյանի ամենամտերիմներից էր, տնօրենի քույրն էլ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է մինչ այսօր, այդ իսկ պատճառով էլ մինչ այսօր պատասխանատվություն չեն կրում:



Ես բաց նամակ էի գրել նախկին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և նախագահ Սերժ Սարգսյանին: Գրել էի մարզում տեղի ունեցող բազմածավալ կոռուպցիայի և կաշառակերության մասին: Ցավոք, ոչ ոք չարձագանքեց իմ տառապանքին: Եթե իշխանությունների արձագանքը լիներ, գուցե այսօր Պարգև Համբարձումյանը 21 ամբաստանյալների հետ չկանգներ դատարանի առջև: Նա 2010-2013թթ.-ի ընթացքում դպրոցներում ուսուցիչներին աշխատանքի ընդունելու համար դպրոցի տնօրեններից և տարբեր քաղաքացիներից, դպրոցի դրամական միջոցներից չէր յուրացնի ու հափշտակի առանձնապես խոշոր չափերի գումար:
Հաճախ էի ներկա լինում դատավարությանը, երբ դատախազը կարդում էր պարոն Համբարձումյանի հեռախոսազրույցների վերծանումները, ապշել էի նրա խոսելաձևից: Տնօրենների և աշխատակիցների հետ խոսել էր սեռական բնույթի ամենավերջին հայհոյանքներով:



Հիմա եմ հասկանում թե ինչպես կարող էին նման բան մտածել: Երբ քննվում էր դատարանում «21»-ի գործը՝ գլխավորությամբ մարզի նախկին «դպրապետի», զարմանքս սահման չուներ, թե բարոյականությունից դուրս այս մարդուն ինչպես էին վստահել այդ պաշտոնը, երբ նա իր ենթակաների հետ խոսում էր ամենավերջին հայհոյանքներով, երբ ենթակաները փորձել էին փողերը ուշացնել: Դատախազը մեկ առ մեկ վերծանել էր այդ խոսակցությունները ու ֆիքսել բոլոր լկտի արտահայտությունները:



2011թ.-ին «Հրապարակ» թերթով բաց նամակ հղեցի նախագահ Ս. Սարգսյանին և կրթության ու գիտության նախկին նախարար Ա.Աշոտյանին: Խնդրում էի ստեղծել հատուկ հանձնաժողով՝ ստուգելու փաստերը և համարժեք գնահատական տալու քրեածին մարզպետի և նրա նշանակած քրեածին կրթության վարչության պետի ու տնօրենի գործողություններին և վերականգնել ինձ իմ աշխատանքում: Այդպես էլ մնաց անպատասխան ու անհետեւանք:
Եթե լսեիք ինձ՝ 46 տարվա ստաժ ունեցող մանկավարժիս, գուցե այսօր չէր լինի «21»-ի գործն՝ իր 89 վկաներով ու ամբաստանյալներով:
Խնդրում եմ, գոնե այս անգամ հետեւություն արեք և կայացրեք համապատասխան որոշումներ:

Վաստակաշատ մանկավարժ
Մարդու իրավունքների պաշտպանության «Իրավագետ սերունդ» ՀԿ-ի նախագահ
Հայրենուհի Գևորգյան