Թուրքի պատասխանն Ադրբեջանին, Ազնավուրը՝ Պուտինին, անհայտ կորածի հայտնաբերումը, Լիլիթի նամակը. Ապրիլի 20-ը՝ ֆեյսբուքում

Թուրքի պատասխանն Ադրբեջանին, Ազնավուրը՝ Պուտինին, անհայտ կորածի հայտնաբերումը, Լիլիթի նամակը. Ապրիլի 20-ը՝ ֆեյսբուքում

Ինչպես վերջին շրջանում ամեն օր, այնպես էլ այս անգամ օրը սկսվեց գիշերվա սահմանային իրադրության մասին հրապարակումներով: Ղարաբաղա-ադրբեջանական զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել էր անփոփոխ: Առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից և 60 միլիմետրանոց ականանետից կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել էր ավելի քան 50 անգամ:



Կեսօրից սկսած ու ողջ ցերեկվա ընթացքում, ֆեյսբուքյան գրեթե բոլոր խմբերը տեղադրում էին հրապարակումներ, գրառումներ՝ թուրք երգչուհու՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված պատասխանից: Հիշեցնենք, որ թուրք երգչուհի և հաղորդավարուհի Հադիսե Աչքըգյոզի՝ Թուրքիայում ընթացող «Մանկական ձայն» երաժշտական մրցույթի ժամանակ կրած զգեստի նարնջագույն, կապույտ, կարմիր գունային հորիզոնական շերտերը ադրբեջանցիները նմանեցրել էին հայկական եռագույնին ու մեծ աղմուկ բարձրացրել՝ համացանցը ողողելով նրա հասցեին հնչեցրած մեղադրանքներով. «Դուք չեք կարող մեկնաբանել իմ հագած զգեստը ձեր անմիտ, անմարդկային, հիվանդագին երևակայության ուժով... մի՛ խաբվեք այդ տգետների դատարկ խոսքերին, հետամնացը տեղով կեղծիք է»,-ֆեյսբուքում պատասխանել էր երգչուհին:



Հաջորդ համացանցային նամակ-գրառումը երեկ գիշերվանից էր տեղադրվում խմբերում: Հայ հայտնիների՝ տարբեր կառույցներին ու կազմակերպություններին ուղղված կոչերին է միացել նաև երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը: Նրա ֆեյսբուքյան նամակն ուղղված էր ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքին եւ Մարդու Իրավունքների գրասենյակին:



Օրվա ընթացքում համացանցում հայտնվեց ևս մեկ նամակ՝ ավելի հնչեղ, քան նախորդները: Խոսքը հայ ազգի լավագույն զավակներից մեկի՝ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին է: Այդ նամակով, որին միացել են տասնյակ այլ մարդիկ՝ «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունից, խնդրում են նախագահին վերանայել գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը: Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, ու չնայած այս հանգամանքին, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ խիստ կասկածելի ու թերի քննված գործի շրջանակներում:



Ֆեյսբուքյան ու լրատվական վերջին նորությունը, որը նաև ամենամեծ դիտումներն ու մեկնաբանությունները հավաքեց, արդեն շուրջ 20 օր անհայտ կորած համարվող զինծառայող Արգիշտի Գաբոյանի հայտնաբերման մասին էր:
Ամբողջ օրվա ընթացքում համացանցում պարբերաբար տեղադրվում էին հրապարակումներ այն մասին, որ այսօր, Կարմիր Խաչ միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանական կողմը ժամը 16:00-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնելու զոհված զինծառայողի մարմին: Քանի որ միակ զինծառայողը, ով մինչ այս պահը համարվում էր անհայտ կորած 23-ամյա կապիտան Արգիշտի Գաբոյանն էր, նրա հարզատները Արցախում էին՝ դին ճանաչելու համար: Ուշ երեկոյան հայտնվեցին հրապարակումներն ու գրառումները՝ հարազատները ճանաչել էին Արգիշտի Գաբոյանի մարմինը:



Շուշաննա Գրիգորյան