Ինչպես ուռին ու բարդին

Ինչպես ուռին ու բարդին

Անշուշտ, իրավացի են նրանք, ովքեր հայտարարում են, որ պատերազմի ժամանակ զոհերն անխուսափելի են։ Թեեւ, իհարկե, մենք իրավունք ունեինք պահանջել, որ ոչ պատերազմ լինի, ոչ էլ զոհեր։ Անշուշտ, իրավացի են նաեւ նրանք, ովքեր հայտարարում են, որ վերջին մի քանի հազար տարում մենք եզակի անգամ հող ենք գրավել, եւ պետք է այդ իրողությունը բարձր գնահատել։ Թեեւ, իհարկե, 21-րդ դարում ազգերը ոչ թե հող են գրավում, այլ տնտեսական նվաճումներով են հաղթում։ Իրավացի են նաեւ նրանք, ովքեր կարծում են, որ զոհվածների վրա ոչ թե պետք է ողբ ու կական անել, այլ հիշատակը հարգել, հերոսացնել։ Թեեւ նախընտրելի է, որ մեր երիտասարդները հերոսանան ոչ թե մեռնելով, այլ տարբեր բնագավառներում արձանագրած հաջողություններով։ Բայց միեւնույն է՝ այս պատերազմի անհեթեթությունը եւ այսքան անմեղ զոհերը չեն կարող ցավի, կսկիծի, ափսոսանքի զգացում չառաջացնել։ Թերեւս դա է պատճառը, որ ամենուրեք մարդիկ ոչ միայն քննարկում են կատարվածը, այլեւ այս օրերին տառապանքի մի ուրույն դրոշմ կամ դաջված յուրաքանչյուր հայի դեմքին։ Բայց այստեղ էլ կան բացառություններ։ Այս օրերին հեռուստատեսությամբ հանդես եկող մեր պաշտոնյաներից շատերի դեմքին ոչ միայն տառապանք չկա, անգամ անհանգստության, տագնապի, տխրության հետքն է բացակայում։ Արտաքին գործերի նախարար Էդիկ Նալբանդյանին լսելիս մտածում ես՝ առնվազն մի ապահով ու բարեկեցիկ եվրոպական երկրի նախարար է խոսողը։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մեղմ ու անխռով ձայնը ոչինչ չի ասում 100-ի հասնող զոհերի մասին։ Իսկ Մոսկվայի վերջին գագաթնաժողովի լուսանկարներում լայնորեն ժպտացող Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը կարծես անդարդ երկվորյակ եղբայրներ լինեն, որոնք ոչ թե երկրի հոգսով են տարված, այլ իրար դեմ պայքարելով։