Վ. Աճեմյանի արձանի տեղադրումը հետաձգվեց, հայտարարվել է նոր մրցույթ

Վ. Աճեմյանի արձանի տեղադրումը հետաձգվեց, հայտարարվել է նոր մրցույթ

Դեռևս այս տարվա փետրվար ամսից ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրու քաղաքապետարանի հետ հայտարարել էր հայ անվանի թատերական ռեժիսոր, Լենինականում պետական թատրոնի հիմնադիր Վարդան Աճեմյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին մրցութային հանձնաժողովին ներկայացվել է 9 աշխատանք, բայց վերջնական արդյունքում դրանցից և ոչ մեկին հանձնաժողովն իր հավանությունը չի տվել: Առաջիկայում նոր մրցույթ կհայտարարվի, որում ներկայացված աշխատանքները կրկին կհանձնվի մրցութային հանձնաժողովի քննարկմանը:



Ի դեպ ներկայացված արձանները եղել են ե՛ւ բրոնզից ե՛ւ քարից: Իսկ 13 անդամից կազմված հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ, քանդակագործներ, այդ թվում՝ մեծանուն ռեժիսորի թոռը՝ Վարդան Աճեմյանը:Աճեմյանի արձանը պետք է կանգնեցվի նրա անունը կրող Գյումրու դրամատիկական թատրոնի հրապարակում, որտեղ արդեն իսկ տեղադրված են երեք տաղանդավոր գյումրեցի մեծանունների քանդակները: Գյումրեցիների կարծիքով Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի եւ Մհեր Մկրտչյանի արձանների կողքին քանդակը տեղավորելն այնքան էլ հեշտ չի լինի:



Մեջբերում ենք արվեստաբան Արաքս Մարգարյանի արտահայտած կարծիքը. «Չվիճարկելով Վարդան Աճեմյանի կատարած դերը հայ թատրոնի զարգացման գործում` չեմ կարող համաձայնվել նոր արձանի տեղադրման վայրի հետ: Թատերական հրապարակը առանց այն էլ ծանրաբեռնված է: Սխալ կլինի ևս մի արձան տեղադրել.... օտարի աչքին Գյումրու թատերական հրապարակը հիշեցնում է պանթեոն»: Իսկ ահա երիտասարդ նկարիչ-քանդակագործ Հովհաննեսը մեզ հետ զրույցում ասաց. «Ըստ իս արվեստի յուրաքանչյուր գործ միշտ էլ ակնահաճո է, եթե այն ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին է ներկայացվում: Մեծանուն ռեժիսորի քանդակի տեղադրման վայրը ճիշտ է ընտրված, բայց կարծում եմ ժամանակի առումով այն շատ ուշացած է»:



Ինչևէ, ուշացած է, թե ժամանակին, այնուամենայնիվ արձանի տեղադրումը հետաձգված է, քանի որ ամենայն հավանականությամբ հանձնաժողովին լիովին չի բավարարել ներկայացված 9 աշխատանքներից որևէ մեկը: Գուցե սպասելիքներն են ավելին….



Արևիկ Հակոբյան, Գյումրի