Հայ պաշտոնյաների մտքի «գոհարները»՝ Ծիծեռնակաբերդում

Հայ պաշտոնյաների մտքի «գոհարները»՝ Ծիծեռնակաբերդում

Մեր պետական այրերն այսօր Ծիծեռնակաբերդում հերթական անգամ «փայլեցին» իրենց մտքի «գոհարներով»։ Ուժայինների մոտ դա առանձնակի ցայտուն ընդգծվեց։



Նախ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վրդովվեց, երբ նրան հարցրինք իր ունեցվածքի, դղյակի և կուտակած միլիոնների մասին։ Վարչապետին թվում էր, թե մենք նրան մեղադրում ենք անօրինական ճանապարհով հարստանալու մեջ, ուստի նեղացավ, թե առանց փաստերի ենք դա անում։ Մինչդեռ մենք ընդամենը արձանագրում էինք նրա ունեցվածքի չափը։ Հովիկ Աբրահամյանը, մանիպուլացնելով և սխալ ներկայացնելով մեր հարցերը, հակադարձեց, թե մենք զբաղված ենք հերյուրանքներ ու սուտ տեղեկատվություն տարածելով։ Նա, այդուհանդերձ, խոստացավ վաճառել իր շքեղ առանձնատաունը բանակի կարիքների համար, եթե, իհարկե, դրա կարիքը լինի։



«Եթե անհրաժեշտություն լինի, միշտ պատրաստ ենք, բայց մեր պետությունը որևէ նման ֆինանսական խնդիր չունի: Դուք հերիք է ժողովրդին թյուրիմացության մեջ գցեք: Դուք ձեր քայլերով, ձեր սուտ տեղեկատվությամբ մարդկանց, հասարակությանը, քաղաքական ուժերին տանում եք դեպի անկում։ Եվ Ձեր պահվածքը հենց բերում է մի երևույթի, որ դառնում է անկառավարելի»,-նեղսրտեց վարչապետը՝ մեր հարցը իրեն ցանկալի տհաճությամբ ներկայացնելով։



Հետո եկավ Աբրահամյանի «ոխերիմ բարեկամ» Վլադիմիր Գասպարյանը՝ Հայաստանի թիվ մեկ կապույտ համազգեստավորը։ Նա էլ լրագրողներին անվանեց դեղնած ու հին։ «Բարեփոխվե՛ք, սիրելիներս, բարեփոխվե՛ք, դուք շատ հին եք, դուք դեղնում եք, գունաթափվում եք»,-իր բառապաշարի հարուստ ներկապնակից սոսկ դեղինն ընտրելով՝ «նախշեց» մեզ ամենայն հայոց ոստիկանապետը։ Իսկ երբ կին լրագրողներից մեկը նկատեց, թե «Ձեր խոսքից այն կողմ գործողություններ չեն լինում», Վլադիմիր Գասպարյանն այսպես հակադարձեց. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»։



Հերթը հասավ երկրի նախկին գլխավոր դատախազ, այժմ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին։ Եթե Վլադիմիր Գասպարյանն իր առջև բացահայտ կանգնած կնոջ մեջ կին չէր տեսնում, ապա նախկին դատախազը բառացիորեն դատարկ երկնքում, որտեղ ընդամենը մի անօդաչու նկարող սարք էր սավառնում, հանկարծ հրեշտակներ հայտնաբերեց։



«Այ, ես ուզում եմ նայեք երկնքին, տեսեք՝ ինչքան հրեշտակներ կան, ոչ մի երկնքում այդքան հրեշտակներ չկան, ինչքան հայ երկնքում։ Եվ դրանք բոլորը մեզ պահապան են»,- «հայ» երկնքի աներևույթ հրեշտակների արժեքը գնահատեց պարոն Հովսեփյանը։



Իսկ, ահա, Հովսեփյանի իրավահաջորդ, գործող դատախազ Գևորգ Կոստանյանն այս անգամ հրաժարվեց մեզ հիացնել իր մտքերով։ Մշտապես բոցաշունչ ելույթներով ու «աչք ծակող» հռետորաբանությամբ աչքի ընկած Կոստանյանի լռությունն էլ իր տեսակի մեջ էր թերևս մի «գոհար»։ Ի վերջո, նրան այսօր Ցեղասպանության ճանաչումից զատ հարցնելու էինք նաև օֆշորային սկանդալում հայտնված Միհրան Պողոսյանի, այս հարցով գործ հարուցել-չհարուցելու մասին։ Մինչդեռ, ի պաշտոնե երկրի գլխավոր մեղադրողը նախընտրեց լռել. կարևոր հարցերի շուրջ լռությունը ևս որոշակի պատասխան և իմաստ է պարունակում։ 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ