Ինչու անհրաժեշտություն առաջացավ շփվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ. ադրբեջանական մամուլը շարունակում է քննարկել Առաջին նախագահի այցը ԼՂՀ

Ինչու անհրաժեշտություն առաջացավ շփվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ. ադրբեջանական մամուլը շարունակում է քննարկել Առաջին նախագահի այցը ԼՂՀ

Ինչպես հայտնի է, ՀՀ առաջին նախագահի այցը ԼՂՀ մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ Ադրբեջանում եւ բուռն քննարկումների առիթ տվել: Իհարկե, ադրբեջանական կողմի վերլուծաբանների եւ փորձագետների կարծիքների մեջ ուշագրավ է այն ուղղվածությունը, որով փորձում են իրենց դիտարկումները կառուցել Բաքվի քաղաքական մտքի ներկայացուցիչները: Կարեւոր է նաեւ, որ մեզ մոտ եւս անհրաժեշտ հետեւություններ արվեն ռազմավարություն եւ մարտավարություն մշակելիս: Թարգմանության մեջ մենք փորձել ենք որոշակիորեն զերծ մնալ ոչ հրապարակախոսական բառապաշարից եւ էպիտետներից, որոնցով «համեմված են» ադրբեջանական հրապարակումները:



Հերթական մեկնաբանությունն այս այցի հետ կապված Vesti.az-ի էջերում գրել է Նամիկ Իբրահիմովը: Ըստ վերջինիս վերլուծական հոդվածի՝ Հայաստանի իշխանությունները ներկայումս տենդի մեջ են քառօրյա պատերազմից հետո, ինչը երեւում է նաեւ երկրի խորհրդարանական քննարկումների ժամանակ: Ադրբեջանցի լրագրողը նկատում է, որ այստեղ կան նաեւ խելացիներ, ովքեր պարզապես իրենց գլխի ճարն են տեսնում, ինչպես, օրինակ, Աբրահամ Մանուկյանը, ով ԲՀԿ դրամարկղից վերցրել է հարյուր հազար դոլար եւ անհետացել: Իհարկե, անդրադառնում է Իբրահիմովը, գումարը մեծ չէ, սակայն ավելի վաղ թալանածի հետ միասին ապահով ծերության հարցը կլուծի: Սակայն առավել ուշագրավը վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերն են, թե նրանք մոռանում են անցյալն ու նայում ապագային: Այստեղ, եզրակացնում է ազերի լրագրողը, խոսքը, անշուշտ, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին է:



«Սերժ Սարգսյանը հիանալի հասկանում է, որ Սահմանադրական փոփոխությունները, որոնք կոչված էին հավերժացնելու ներկայիս իշխանություններին, դատապարտված են, եթե ընդդիմության հավանությունը չլինի գոնե լռության տեսքով: Եվ հետաքրքրական է, թե ինչու է Սերժ Սարգսյանը կարիք ունեցել դիմելու կամ խոսելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, եթե մինչ այդ նույնիսկ սեփական ժողովրդի հետ երբեք հաշվի չի նստել: Երեւի հասկացել է, որ սպանել չի կարող, շատ թանկ եւ ծանր կնստի, միաժամանակ նաեւ՝ վերջինիս համարելը քաղաքական դիակ նույնպես անիրական է, քանի որ առաջին նախագահն ունի իր հստակ համախոհների բանակը: Ուրեմն՝ մնում է մի ճանապարհ` պայմանավորվել նրա հետ: Հատկապես, որ Տեր-Պետրոսյանը բազմակողմանի զարգացած գիտնական մարդ է, ծնունդով՝ Սիրիայից: Դժվար է ասել, թե առաջին եւ երրորդ նախագահների միջեւ ինչ պայմանավորվածություններ կան, սակայն ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանն իր օգուտներն է քաղում ստեղծված իրավիճակում եւ լուրջ քաղաքական տեղեր ապահովում երկրի խորհրդարանում, որը արդեն լիովին կանցնի Սերժ Սարգսյանի իշխանության ներքո Սահմանադրական նոր փոփոխություններով, երբ սկսի գործել նոր ԸՕ-ն:



Իհարկե, սպասվում է նաեւ, որ տեղեր կստանա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հատկապես, որ Հայաստանում, կարծես թե, չի գործում ռոտացիոն այն սկզբունքը, որն աշխատեց Ռուսաստանում՝ Պուտին-Մեդվեդեւ փոխատեղումներում: Բացի այդ՝ Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի հետ վերադառնա մի այնպիսի մարդասպան, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանն է, ով բացի զենքից՝ այլ բան ձեռքում պահելու ունակ չէ»,- եզրակացնում է Նամիկ Իբրահիմովը: