10 տարի կառուցեցին, սակայն մեկ տարի անց պուրակը քանդվում է (ֆոտոշարք)

10 տարի կառուցեցին, սակայն մեկ տարի անց պուրակը քանդվում է (ֆոտոշարք)

2008թ. նոյեմբեր ամսին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ազդարարեց Հրազդան քաղաքի «Բարության» պուրակի բացման հանդիսավոր արարողությունը: Այս յուրահատուկ նախաձեռնությունն իրագործելու համար ընկերությունը հատկացրել էր 43.5 մլն դրամ: 2008թ. կառուցվեց պուրակի առաջին հատվածը: Հրազդան քաղաքում մոտ 10 տարի ձգձգվող «Բարության» պուրակի կառուցման աշխատանքները ավարտվեցին 2015թ.-ի տարեվերջին: Այդ տարիների ընթացքում քաղաքապետ Արամ Դանիելյանին միշտ հարց է ուղղվել, երբ կավարտվեն շինարարական աշխատանքները, ամեն անգամ ասել է. «Շինարարական աշխատանքները մի փոքր դանդաղ են ընթանում՝ ֆինանսի սուղ լինելու պատճառով, հուսանք, այս տարի կավարտենք բարեկարգման և կառուցման աշխատանքները»: Եվ այսպես տարիներ շարունակ:



2016թ. ուզած-չուզած պետք է ավարտին հասցնեին շինարարական եւ բարեկարգման աշխատանքները, քանի որ առջեւում ընտրություններն էին: 2015թ. աշնանը վերջապես քաղաքային իշխանությունները մի լավ շունչ քաշեցին եւ ասացին. «Мы строили, строили и наконец построили»: Շինարարության ավարտից հետո, ավաղ պուրակը այս անգամ էլ արդեն վերանորոգման կարիք ունի, քանի որ պուրակի սալիկները այնքան անորակ գտնվեցին, որ դեռ շինարարությունը չավարտած` փշրվեցին՝ ավազ դարձան, եւ այսօր արդեն քայլել փշրված սալիկների միջով մարդկանց տհաճություն է պատճառում: Վերջերս գրավոր հարցումներ ենք ուղարկել Հրազդանի քաղաքապետարան եւ պատասխաններ չենք ստացել: Այժմ էլ մեզ հետաքրքրում է.



1. Համայնքի բյուջեից, որքա՞ն գումար է ծախսվել պուրակի շինարարական եւ բարեկարգման աշխատանքների համար:
2. Ո՞ր կազմակերպությունից եւ ի՞նչ արժեքով են ձեռք բերվել շինարարական սալիկները:
3. Կփորարինվեն արդյո՞ք փշրված սալիկները նորերով:



Հուսանք, որ այս անգամ Հրազդանի քաղաքապետարանը մեր գրավոր հարցմանը կպատասխանի հավուր պատշաճի, հակառակ դեպքում ստիպված ենք մտածել, որ քաղաքապետ Արամ Դանիելյանի նախընտրական ծրագրում գրված «Քաղաքապետն ու իր թիմը պետք է հաշվետու լինեն հասարակության առաջ, աշխատեն բաց եւ թափանցիկ», այդպես էլ կմնա թղթի վրա գրված:



Նելլի Կարապետյան