Վարչապետը խոտանել է Արծվիկ Մինասյանի «հակամենաշնորհային» զեկույցը

Վարչապետը խոտանել է Արծվիկ Մինասյանի «հակամենաշնորհային» զեկույցը

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստին պետք է ներկայացներ մենաշնորհների բացահայտման եւ դրանց դեմ պայքարի իր առաջարկները։ Վարչապետի համապատասխան հանձնարարականի ժամկետը լրացել էր դեռ երեքշաբթի։ Սպասվում էր, որ կառավարության հունիսի 2-ի նիստում նախարար Մինասյանը ելույթ կունենա հանրապետությունում առկա մենաշնորհների, մրցակցային միջավայր ձեւավորելու վրա դրանց ազդեցության վերաբերյալ եւ հստակ առաջարկներ կանի։ Սակայն դա տեղի չունեցավ։ Ինչո՞ւ։



Կառավարության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին խոստացված զեկույցը, այնուամենայնիվ, ներկայացվել է վարչապետին այս թեմայով քննարկման ժամանակ։ Արծվիկ Մինասյանը կարդացել է մի քանի տասնյակ էջից բաղկացած տնտեսագիտական դասախոսություն, տնտեսության մեջ մոնոպոլ դիրքի տեսակների եւ չափերի վերաբերյալ, որը լսելով, վարչապետը բռնել է գլուխը։ Հովիկ Աբրահամյանին փաստաթուղթը չի գոհացրել, եւ կառավարության նիստին Արծվիկ Մինասյանը ոչ մի զեկույց էլ չներկայացրեց։ Իրավիճակը փրկեց վարչապետը։ Հանրությանը չհիասթափեցնելու համար նա հերթական ճառն ասաց մենաշնորհների դեմ։ Հովիկ Աբրահամյանի ելույթի ընթացքում մենք ոչ մի մոնոպոլիստի անուն չլսեցինք, խնդիրը լուծելու սխեմայի մասին չտեղեկացանք։ Նա ընդամենը ասաց այն, ինչ հանրությունն առանց վարչապետի էլ գիտեր՝ որ «սոցիալական նշանակություն ունեցող կարեւորագույն ապրանքային շուկաները»՝ շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի եւ դիզելային վառելիքի, հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ: Հպանցիկ նշելով իր մոտ կայացած քննարկումների մասին, վարչապետը կրկին նշեց, որ տարբեր հանձնարարականներ է տվել գերատեսչությունների ղեկավարներին, իսկ կոնկրետ Արծվիկ Մինասյանին՝ մշակել հստակ ուղեցույցներ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ, եւ այս անգամ մեկ ամիս ժամանակ տվեց դրա կատարման համար։



Մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանին բարկացրել է նաեւ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանին օրենքով մենաշնորհային դիրք տալու մասին, որը տարակուսանք ու աղմուկ էր առաջացրել։ Վարչապետը հանձնարարել էր նախարարին ասուլիս տալ եւ հերքել շաքարավազի մենաշնորհի մասով արված հայտարարությունները, ինչն Արծվիկ Մինասյանը երեկ երեկոյան իրագործել է՝ հավաքել է մի քանի հավատարիմ լրատվամիջոցների եւ «սխալների ուղղում» կատարել, ասելով, որ չի ցանկացել քննարկել կոնկրետ շաքարավազի շուկան, այլ դրա օրինակով փորձել է ներկայացնել մենաշնորհների կարգավորման միջազգային փորձը եւ ներքին արտադրությունը պաշտպանել: Մենք մանրամասներին չենք տիրապետում, քանի որ չէինք հրավիրվել, միայն «հավատարիմ» լրատվամիջոցներն են ներկա եղել։ Արծվիկ Մինասյանն այս ասուլիսի ժամանակ չի բացատրել, թե ինչու ժամանակին չի կատարվել վարչապետի հանձնարարականը, եւ ինչ բարդություններ կան դրա հետ կապված։ Ուստի փորձեցինք պատասխաններն ստանալ հենց իրենից։ Սակայն նա այլեւս հասանելի չէ, ինչպես պատգամավոր եղած ժամանակ, եւ չի պատասխանում բջջայինին։



Դիմեցինք Արծվիկ Մինասյանի մամուլի քարտուղարին՝ Մարինե Կարապետյանին։ Հարցին, թե ինչու կառավարության նիստին Արծվիկ Մինասյանը չներկայացրեց իր զեկույցը վարչապետի հանձնարարականի կատարման մասին, նա ասաց․ «Եվ էկոնոմիկայի նախարարը, եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը ներկայացրել են զեկույցները վարչապետին, եւ վարչապետն իր խոսքում ասել է սրա մասին»։ Ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանը դժգոհ է եղել Մինասյանի ներկայացրած զեկույցից, խոսնակը չգիտեր։ «Նախարար Մինասյանը ներկայացրել է զեկույցը, իսկ գոհ են, թե դժգոհ՝ իրենց հարցրեք»,- ասաց նա։ Վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանն էլ ասաց, որ տեղյակ չէ՝ նման քննարկումներ եղել են, թե ոչ, եւ եթե եղել են, ապա միայն նեղ շրջանակում եղած կլինեն։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ