Մարդկանց ներս չէին թողնում վերնաշապիկների գրության պատճառով

Մարդկանց ներս չէին թողնում վերնաշապիկների գրության պատճառով

Քաղաքացիական ակտիվիստներին այսօր Հանրապետության հրապարակի անցակետից ներս չթողեցին՝ տեսնելու Հռոմի պապին։ Պատճառաբանում էին, որ նրանք այլ նպատակներ ունեն։



Դավիթ Սանասարյանին ներս չթողեցին, իսկ ֆոտոլրագրողներից մեկին էլ դուրս հանեցին՝ վերնաշապիկի պատճառով, որի վրա խոսքեր էին գրված՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Մեկ այլ աղջկա էլ դուրս հանեցին՝ շապիկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի նկարով։



Իհարկե այս ամենը առանց միջադեպերի չանցավ։ Իսկ անցակետում իրավիճակը այնքան լարված էր, որ մինչև ոտքից գլուխ չէին զննում, ներս չէին թողնում։ Երբ մի քանի ակտիվիստներ արդեն Հանրապետության հրապարակում էին, որոշել էին պաստառների միջոցով տեղյակ պահել Պապին հայաստանյան քաղբանտարկյալների մասին, սակայն նրանց դա չհաջողված. չորս կողմից հետևող աչքեր կային։ Պապի ելույթից հետո ակտիվիստները հեռացան Հանրապետության հրապարակից:



Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ «Ազատություն Հայաստանի քաղաքական բանտարկյալներին» « FREE POLITICAL PRISONERS IN ARMENIA» կարգախոսներով այսօր՝ հունիսի 25-ին, Հանրապետության հրապարակում էին լինելու մի շարք ակտիվիստներ, քաղաքացիներ: Նպատակը՝ Ֆլեշմոբի միջոցով Հռոմի պապին և միջազգային հանրությանը հաղորդագրություն փոխանցելն էր՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներին ազատելու պահանջով ։



Կազմակերպիչները ֆլեշմոբին մասնակցել ցանկացողներին կոչ էին արել շորի տակ կամ այլ թաքցված վիճակում բերել «FREE POLITICAL PRISONERS IN ARMENIA» տեքստով թղթե կամ կտորից պաստառ, որը բոլոր մասնակիցները միաժամանակ բարձրացնելու էին հրապարակում՝ Հռոմի Պապի հետ հանդիպման ժամանակ։ Նրանք նաև հորդորել էին, որ պաստառ բռնած մասնակիցը նստած լինի ընկերոջ ուսերին, որպեսզի ավելի տեսանելի լինի այն։