Մայր Աթոռում ընթանում է Հայրապետական Ս. Պատարագը (ուղիղ եթեր)

Մայր Աթոռում ընթանում է Հայրապետական Ս. Պատարագը (ուղիղ եթեր)

Այս պահին մեկնարկում է Մայր Աթոռի Բաց խորանին Հայրապետական Ս. Պատարագը, որը մատուցում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատարագը հայածես է:



Ամենայն Հայոց Կաթողիկոսը մինչ Սուրբ Սեղան բարձրանալը մեղքերի ծիսական խոստովանություն է կատարում եւ արժանանում արձակման երիցագույն եպիսկոպոսի կողմից, որը ներկա դեպքում Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանն է:



Ամենայն Հայոց Կաթողիկոսի առընթերակա եպիսկոպոսներն են Ամերիկայի Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: 



Հիշատակությունների շարքում աղոթք հնչեցվեց նաեւ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի կենաց արեւշատության համար:



Օրվա Աստվածաշնչական Ճաշու ընթերցումը կարդում է Մայր Աթոռի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնի ղեկավար Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:
Ավետարանը կընթերցի Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:



Ավետարանի ընթերցումից հետո արդեն կատարվում է Հավատո Հանգանակի արտասանումը: Այն ավելի հայտնի է «Հավատամք» անունով: Իրենից ներկայացնում է դավանանքի խոստովանություն: Այս Հանգանակն ընդունվել է Նիկիայի Առաջին Տիեզերական ժողովի ժամանակ: Բաղկացած է բուն դավանական խոստովանությունից, վերջում ունի նզվոքներ ինչպես նաեւ «Իսկ մեք փառավորեսցու» հավելումից, որն, ըստ Հայ եկեղեցու ավանդության, ավելացրել է Ս. Գրիգոր Լուսավորիչը, երբ ստացել է Նիկիո Հանգանակը: Հայ եկեղեցուց Նիկիայի Ժողովին մասնակցել է Ս. Արիստակես Հայրապետը:



Հավատո Հանգանակի արտասանությունից հետո արդեն սկսվում է Պատարագի խորհրդի այն հատվածը, որի ընթացքում Ս. Ընծաները նվիրագործվում են եւ դառնում Տերունական Մարմին եւ Արյուն:



Ս. Պատարագը շարունակվում է: Այս պահին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց նաեւ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների համար:



Սրբազան Պապն իր քարոզում համամիութենական համահավասարության սկզբունք առաջարկեց: Համաքրիստոնեական միության նոր սկզբունք, որը չի ենթադրում ենթարկում կամ կլանում, այլ շնորհների առավել ամբողջական ընկալում: 



Այս այցը կարելի է համարել դեպի համաքրիստոնեական միություն առաջնային հանգրվանը Հայ եւ Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցիների միջեւ: 



«Պահպանիչ» աղոթքով Ամենայն Հայոց Կաթողիկոսն ավարտում է Ս. Պատարագի արարողությունը: Ապա Սրբազան Պապն արձակման կարճ աղոթքով փակում է արարողությունն ու թափորը «Ամեն Հայի» շարականի երգեցողությամբ իջնում է Սուրբ Սեղանից եւ մեկնում Վեհարան: