Այս խաղից պետք է դասեր քաղեն և՛ լրագրողները, և՛ պատգամավորները

Այս խաղից պետք է դասեր քաղեն և՛ լրագրողները, և՛ պատգամավորները

Եկեք անկեղծ լինենք, կասեր Արմեն Դուլյանը։ Սպորտը այն եզակի հարթակն է, որտեղ իշխանությունները ի վիճակի են ազնիվ պայքարում և՛ հաղթել, և՛ պարտվել։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենց համար պատիվ կլիներ իր երկրի շահերը պաշտպանող լրագրողների թիմին պարտվել ֆուտբոլի դաշտում: Բայց հուլիսի 4-ի հանդիպմանը նրանք հաղթեցին։ Եվ լրագրողներից ոչ ոք չասաց՝ մեզ համար էլ պատիվ է մեր երկրի իշխանություններին, մեր երկրի Ազգային ժողովի թիմին պարտվելը։ Այս իմաստով, վստահաբար, նրանք՝ ԱԺ-ականները, պարտություն կրեցին, քանզի բոլորը ցավ ապրեցին լրագրողների պարտության համար, նույնիսկ ամոթանք տվին մեզ, թե «բա ամո՞թ չէր, չկարողացաք գոնե մի գոլ խփել էդ դեպուտատներին, խայտառակ եղանք»։ Եվ ոչ ոք լիաթոք չուրախացավ ԱԺ-ի թիմի հաղթանակով։ Նրանց ուղղված շնորհավորանքները դիվանագիտական էթիկետից այն կողմ չանցան։



Սա, իրականում, տհաճ ու ցավալի իրողություն է։ Մենք նույնիսկ սպորտում, հասարակ մի ընկերական խաղում ասես լատենտ կամ անթաքույց թշնամանք ենք տածում մեր երկրի իշխանությունների նկատմամբ, անպատվաբեր և խայտառակ որակում մեր պարտությունը նրանց թիմին։ Սա պետք է մտորելու և վերլուծելու տեղիք տա ազնիվ, թե անազնիվ պայքարներում մշտապես հաղթող մեր իշխանություններին, թե ինչու է այդպես։ Ի դեպ, երբ ընտրություններին այդ նույն իշխանություններից փող ենք վերցնում ու գնում ընտրում նրանց, որ նրանք էլի հաղթեն ու մեզ կառավարեն, այդ ժամանակ ոչ մեկս ամոթի զգացում չենք ունենում։



Եվ եկեք այստեղ ոչ միայն անկեղծ, նաև ազնիվ լինենք։



Խաղից առաջ մենք՝ լրագրողներս, այդ թվում և մի քիչ ես՝ բառի բուն իմաստով մեծ-մեծ խոսեցինք, հարցազրույցներ տվինք, թե «կջախջախենք, կոչնչացնենք, շնչելու տեղ չենք թողնի»։ Խոսում էինք խոշոր հաշվով նրանց պարտության մատնելու մասին ու խոստանում վերջում մեծահոգաբար թողնել գոնե հեղինակության գնդակ խփեն, որ շատ չնեղվեն։ Մինչդեռ խաղի վերջում մենք էինք փափագում գոնե այդ մի գնդակը խփել, որ պարտությունն այդքան ցավոտ ու այդքան ամոթալի չլիներ։ 



Մենք լրագրողներ ենք՝ հանրության կարծիքը ներկայացնողներ, և մենք հաճախ այնքան դաժան ենք գտնվում, որ չենք ներում դիմացինի ամենաչնչին լեզվական սայթաքումն անգամ։ Պակերացնու՞մ եք՝ հակառակորդ թիմն այդքան մեծ-մեծ խոսեր ու հետո պարտվեր, մենք ինչ աղմուկ կբարձրացնեինք, ինչ բացահայտ հրճվանքի մեջ կլինեինք։



Հիմա մենք գլուխներս կախ ենք, և մեզ ջախջախած պատգամավորներն էին այդ օրը փորձում բարեկամական ժեստերով մեզ մանթրաժից հանել։ Թեպետ ակնհայտ էր նաև պատգամավորների թիմի լուռ հրճվանքը, հատկապես այն պատգամավորների, որոնք հաճախ են ընկնում մեր՝ լրագրողներիս «դռբի» տակ։ Մեր թիմակիցներից ոմանք նույնիսկ որոշակի միտում էին նկատել նրանց խաղում, որ որոշ պատգամավորներ փորձում էին կոշտ միջոցներով գնդակը խլել՝ «լրիվ միամտաբար» լրագրողներին ցավ պատճառելով կամ վնասվածք հասցնելու ռիսկի տակ դնելով։ Նույնիսկ դրա վերաբերյալ բացահայտ ակնարկներ եղան նրանց կողմից։ Ինչևէ, նրանք էլ այդպես էին ուզում իրենց «մուռը» հանել մեզանից։ Ներելի է։ Եվ թեպետ մեր թիմի ավագ, «Արմենպրեսի» լրագրող Շանթ Խլղաթյանը հատուկ նշեց, որ սա ֆուտբոլ է, ընտրություն չէ, որ իշխանությունները կեղծեին հաշիվը, այդուհանդերձ մեր մեջ դեռ կասկած կար, որ իշխանական պատգամավորները կարող էին անգամ սպորտում կեղծիքներ անել։ Վկա՝ «Պատգամավոր, չկեղծե՛ս» գրությամբ պաստառը դահլիճում։ Սա էլ է նրանց՝ մեզ հաղթած պատգամավորների պարտության մասին խոսում։ Սրանից էլ նրանք պետք է դասեր քաղեն՝ իրենց ֆիզիկական հաղթանակն ու բարոյական պարտությունը նժարի վրա դնելով։



Իրականում լրագրողները լավ էին խաղում, մեր թիմում կան հիանալի ֆուտբոլիստներ, բայց անկազմակերպ էինք ու իրար լավ չէինք հասկանում։ Մեր մեջ շատերը փորձառու ֆուբոլիստներ էլ չէին, այդ թվում՝ ես։ Սիրողական մակարդակի էր ավելի շատ։ Թեպետ, լավ մարզումների դեպքում մեծ խնդիր չէր ԱԺ-ի թիմին հաղթելը։ Մեր պարտության պատճառները խաղից հետո հիանալի ներկայացրեց մեր թիմի ավագ Շանթը, որի խոսքը փոքր-ինչ «ջրեց» խաղից առաջ մեր մեծախոսությունները։ Հանուն արդարության պետք է նշենք, որ պատգամավորների թիմը, իրականում, բավականին պատրաստված ու լավ թիմ էր։ Նրանք նաև իրար հետ խաղալու, թիմով իրար հասկանալու փորձ ունեին։ Հատկապես լավ էր խաղում դաշնակցական մի անհայտ պատգամավոր՝ Արմեն Բաբայանը, որի անունն ու ոչ քաղաքական տաղանդը շատերը բացահայտեցին հենց ֆուտբոլի դաշտում։ Մինչդեռ ԱԺ-ում նա լուռ է, աչքի չընկնող։ Լավ էր խաղում նաև իրենց թիմի ավագ Էդուարդ Շարմազանովը։ Բայց ամենաակտիվ ու ճարպիկ խաղացողը թերևս Շարմազանովի օգնական Սարգիսն էր։ Նրանք նաև շատ լավ դարպասապահ ունեին՝ Արմեն Նասլյանը, ով ԱԺ գործերի կառավարչությունից է։



Հ.Գ. Ինչևէ, ինչպես նշվեց խաղի վերջում, հաղթեց բարեկամությունը, և երկու թիմերին էլ հավասարապես հանձվեց մեդալ ու պատվոգիր։ Թեպետ՝ պատգամավոր-լրագրող բարեկամությունը մի փոքր հարաբերական և անկեղծության լուրջ խնդիր ունեցող երևույթ է։ Այս հարցում անկեղծության կարիք ունենք և՛ մենք, և՛ պատգամավորները։ Հատկապես այն պատգամավորները, որոնք պատգամավոր դառնալու համար անկեղծորեն անցել են ամեն տեսակի կեղծիքների միջով։ Ամեն դեպքում՝ այս խաղը մեզ համար փորձություն էր և պետք է դաս լինի նախևառաջ ինքներս մեզ հաշիվ տալու, սեփական խոսքն ու միտքը չափ ու ձև անելու, մարդկայնորեն ավելի բարձր դիրքերից հանդես գալու համար։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ