Պատերազմ էր էդ օրը ստեղ, շունը տիրոջը չէր ճանաչում. Սարի թաղը` բախումների կիզակետում

Պատերազմ էր էդ օրը ստեղ, շունը տիրոջը չէր ճանաչում. Սարի թաղը` բախումների կիզակետում

Հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրավեցին Երեւանի ՊՊԾ գունդը։ Շուրջ կես ամիս իրենց ենթակայության տակ գնդի տարածքը պահելուց հետո հուլիսի 31-ին վայր դրեցին զենքերը։ «Սասնա Ծռեր»-ի քայլերին աջակցելու համար հարյուրավոր քաղաքացիներ ելան ոտքի, ստեղծվեց հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդ՝ հանրահավաքները, երթերը, գործողությունները կազմակերպելու համար։ 15 օրերի ընթացքում իրավիճակը որքան լարված էր Ազատության հրապարակում, Խորենացի փողոցում, այնքան էլ Սարի թաղում։ Սարի թաղը ակամայից հայտնվեց բախումների կիզակետում:



Բախումներ Սարի թաղում



Առաջին բախումը Սարի թաղցիների և ոստիկանների միջև տեղի ունեցավ հուլիսի 19-ին, ոստիկանների և քաղաքացիների միջև բախման հետևանքով 3 ոստիկան վիրավորվել էր, քաղաքացիները քարեր էի նետել նրանց ուղղությամբ: Այս ամենի հետևանքով ձերբակալվել էր Երևանի բնակիչ, 1978թ. ծնված Հ.Թորոսյանը։ Երկրորդ բախումը տեղի ունեցավ հուլիսի 30-ին լույս 31-ի գիշերը, այն թերևս անցած 15 օրերի ընթացքում ամենամեծ բախումն էր: Տուժեցին տասնյակ քաղաքացիներ ու ոստիկաններ: Ծխային նռնակները, պայթուցիկները և այլ հատուկ միջոցները, որոնք ոստիկանությունը Սարի թաղում կիրառել էր բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ, ընկել էին բնակելի տների վրա։ Առաջացած հրդեհի հեռտևանքով մեկ տան ցանկապատի կանաչ հատվածն ամբողջությամբ այրվել էր, տան ներսում` պատերը և այլ առարկաներ վնասվել էին: Այսօր մեր թղթակիցը եղավ դեպքի վայրում, բայց տան տերերը չցանկացան խոսել տեսախցիկի առաջ կամ էլ ցույց տալ իրենց տան ներսի վնասները: 



Ի՞նչ են պատմում սարիթաղցիները



«Մեր տունը մի քիչ հեռու ա, բայց իհարկե ձայները լսում էինք, չէինք տեսնում էդ ամենը բայց պատկերացնում էինք: Ձայները ամբողջ գիշեր իմ ականջներում ա եղել. Ոնց բացատրեմ` էդ պահին ինչ ենք զգացել, քեզ թվում ա, թե կռվի դաշտում ես ու հեսա հարձակվելու են քեզ վրա»,-պատմում է Գագիկ պապին:



«Ես փողոց դուրս չեկա, ուզում էի` տեսնել ինչ է կատարվում, բայց տղաս ասաց, որ տանը մնանք: Ինքը գնաց դուրս, բայց էլի վերադարձավ ու տանից դուրս չենք եկել: Իհարկե, բոլոր ձայները լսել ենք, ինչ եղել ա` մեր քթի տակ ա եղել, փառք Աստծո ոչ մի վնասվածք չունենք, տունը չի վնասվել», հիշում է տիկին Մետաքսյան:



«Վախեցել էինք, կյանքներումս նման բան չէինք տեսել, չէինք լսել. Մի քաոսային վիճակ, պատերազմ էր էդ օրը ստեղ, շունը տիրոջը չէր ճանաչում: Սենց չպիտի լիներ, մարդիկ հելել էինք պայքարի, ոչ ոք արյուն չէր ուզում, ոչ մեկ չէր ուզում մարդիկ տուժեին: Քո համար հանգիստ տունդ նստում ես ու մեկ էլ նռնակներ կամ շատ իմանամ ինչեր. Նշանակում ա ` հանգիստ չեն կարա էլի ապրենք»,-ասում է բնակիչներից Լարիսան:



Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Սարի թաղ, հանդիպել բնակիչների հետ և տեղում ծանոթացել վերջին օրերի իրադարձությունների հետևանքով բնակիչների կրած վնասներին: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը սեղմ ժամկետում կգույքագրի առկա վնասները, որից հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն դրանց վերականգնման ուղղությամբ: