Ինչո՞ւ հենց իմ որդին

Ինչո՞ւ հենց իմ որդին

Հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանի որդին՝ Արեգ Սադոյանը, որը ձերբակալվել, այնուհետ նաեւ կալանավորվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող զանգվածային անկարգությունների գործով (խոսքը հուլիսի 28-ի լույս 29-ի հայտնի դեպքերի մասին է), շարունակում է անազատության մեջ մնալ: Մեզ հասած տեղեկություններով՝ իշխանությունները, երբ իմացել են Սադոյանի որդու՝ Խորենացի փողոցում տեղի ունեցող հավաքներին մասնակցելու մասին, խիստ վրդովվել են նման դավաճանական պահվածքից, ու ամենավերին մակարդակով որոշում է կայացվել պատժել «ուտող-ուրացող» ու «թիկունքից խփող» «Բրուտոսին»: Որքան էլ Սերժ Սարգսյանին ծառայող «մասլահաթական մարմնի» անդամը փորձել է օգտագործել իր կապերն իշխանական վերին օղակների ներկայացուցիչների հետ, ընդհուպ՝ կոնսպիրատիվ ֆորմատով սրճել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Գառնիկիչի՝ իր վաղեմի բարեկամի հետ, որը խոստացել է «մի բան անել» երիտասարդ ակտիվիստ Սադոյանին ազատ արձակելու համար, սակայն ջանքերն ապարդյուն են անցել: Անգամ մերժվել է պատգամավորի որդուն գրավի դիմաց ազատելու առաջարկությունը: Եվ բնական է, որ պարոն Սադոյանը, որի որդին մեղադրվում է ոստիկանի վահանից քաշելու մեջ (ինչի համար կարող է դատապարտվել 3-7 տարի ժամկետով), այս օրերին ընկճված է ու վատ տրամադրություն ունի:



Նա մեզ հետ զրույցում անկեղծացավ, թե միայն այն բանից հետո, երբ փոխվի որդու խափանման միջոց կալանքը, ինքը կարող է որոշակիորեն լիցքաթափվել ու «հանգիստ խղճով վերադառնալ քաղաքական գործունեություն»: Վաղը վերաքննիչ դատարանը կլսի Սադոյանի որդու փաստաբանի՝ Վարդան Զուռնաչյանի բերած բողոքը՝ փոխել Արեգ Սադոյանի խափանման միջոց կալանքը: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, նախկին պատգամավորը կանխատեսել չցանկացավ, միայն նշեց, որ հավատում է Հայաստանի արդարադատությանը: Սադոյանը պնդում է, որ որդուն անհիմն ու ապօրինի են կալանքի վերցրել, այն դեպքում, երբ հուլիսի 28-ի հայտնի դեպքերի ժամանակ իր որդու պես ոստիկանական ուժերի հետ շփման առաջին գծում կանգնած են եղել բազմաթիվ այլ քաղաքացիներ, ու, չգիտես ինչու, թիրախավորվել է հենց իր որդին: «Գուցե հենց այն բանի համար, որ իմ որդին է»,-տարակուսեց Սադոյանը՝ հավելելով. «Ենթադրենք՝ կա նաեւ համապատասխան տեսագրություն, որում երեւում է իմ որդին, բայց բնական հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց նա»: Նկատեցինք, որ ինքն արդեն քանի տարի է՝ Հանրային խորհրդում է, պրոիշխանական կեցվածք ունի, ասել է թե՝ ընդդիմադիր դաշտի «շառից-փորձանքից հեռու», գլուխը դինջ՝ իր գործին է, ինչո՞ւ պիտի իր որդին իրավապահների նշանառության տակ հայտնվեր։ Նախկին պատգամավորն արձագանքեց. «Կան որոշ մարդիկ, որոնք շահագրգռված են, որ հասարակական լարվածությունն անընդհատ մնա ուժի մեջ, քանի որ դա ոնց որ թե իրենց բիզնեսն է, իրենց կորպորատիվ շահերն են, եւ այդ ուժերը հակառակն են փորձում անել ամեն ինչ… լա՜վ, հասկացաք, երեւի»: «Այսինքն՝ իրավապահ համակա՞րգն է շահագրգռված Ձեր դեմ կամպանիա իրականացնել՝ օգտագործելով Ձեր որդու հանգամանքը»՝ մեր ճշտմանը պարոն Սադոյանը պատասխանեց. «Կան մարդիկ, որոնք շահագրգռված չեն, որպեսզի, այսպես ասած, փոխհամաձայնեցված ընդհանուր համագործակցության ընդհանուր քաղաքականություն գնա, ընդհակառակը՝ նրանք ավելի շահագրգռված են երբեմն ավելի ու ավելի սրելու լարումները: Համենայնդեպս, ինձ շատերը գիտեն որպես Արշակ Սադոյան՝ իր բոլոր, այսպես ասած, անզիջում քաղաքականությամբ, եւ բնական է, որ շատերը փորձում են ճնշում գործադրել, որ այդ անզիջումային պահը ջարդվի»: Մեր մյուս հարցը՝ Ձեր որդու հետ տեղի ունեցածի հետ կապված, հանդիպե՞լ եք Սերժ Սարգսյանին, քննարկե՞լ եք Արեգին ազատ արձակելու թեման, նյարդայնացրեց պարոն Սադոյանին: Նա բարկացավ ու առաջարկեց որդու հետ կապված բոլոր հարցերին պատասխանել վաղը, օրվա երկրորդ կեսին, երբ պարզ կլինի դատարանի որոշումը:



ՀԳ. Մենք արդեն հայտնել ենք, որ Արշակ Սադոյանը նոր քաղաքական ֆորմատ ձեւավորելու պլան է մշակել, ինչի մասին տեղյակ է նաեւ Սերժ Սարգսյանը եւ ընդհանուր գծերով հավանության է արժանացրել գաղափարը: Հայտնել էինք նաեւ, որ Սադոյանն ստեղծվելիք քաղաքական նոր՝ վիրտուալ ֆորմատի՝ «Համագործակցության եւ փոխօգնության համազգային կառույցի» մասին ստվար տեղեկանք է ներկայացրել նախարարություններ՝ ակնկալելով նրանց արձագանքը: Նախարարություններից մի քանիսը, ինչպես հավաստիացրեց նախաձեռնողը, արդեն իսկ դրական են արձագանքել, նաեւ որոշակի պարզաբանումներ խնդրել: «Մասնավորապես՝ առաջարկել են սխեմատիկ, դիդակտիկ ընկալման համար հարմար տեսքով ներկայացնել ստեղծվելիք կառույցը, եւ հիմա մենք այդ սխեման ենք կազմում: Մոտ օրերս գործարկվելու է նաեւ կառույցի պաշտոնական կայքը: Կայքի նկարագրությունն ու սխեմաները ես հիմա ուզում եմ ավելացնել ու ուղարկել բոլոր այն նախարարություններին, որոնք որ պարզաբանումներ էին խնդրել»,-մեզ հետ զրույցում ասաց Սադոյանը: Իսկ հատկապես ո՞ր նախարարություններն են դրական արձագանքել: Սադոյանն ասաց. «Երկու նախարարություն», սակայն հիշեց միայն մեկի անունը՝ տարածքային կառավարման: Ի դեպ, նախկին պատգամավորի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ որոշ «պռադվինուտի» նախարարություններ, որոնց կառույցի մասին տեղեկանքը Սադոյանն ուղարկել էր էլեկտրոնային փոստով, առաջարկել են փաստաթուղթն իրենց ուղարկել համապատասխան էլեկտրոնային ստորագրությամբ, ինչը եւ պատրաստվում է անել ՀԽ անդամն առաջիկա օրերին: Սեպտեմբերի 21-ին՝ անկախության 25-ամյակին ընդառաջ, պլանավորված է հրավիրել նորաստեղծ կառույցի համագումարը, որը նախատեսված է նաեւ օնլայն հեռարձակելի տես համայն հայության: Եթե, իհարկե, այս ընթացքում նոր ֆորսմաժորային իրավիճակներ չպատուհասեն Հայաստանին:



Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ