Մեր պաշտպանությունը շատ հուսալի ձեռքերում է կամ՝ փողին մուննաթ

Մեր պաշտպանությունը շատ հուսալի ձեռքերում է կամ՝ փողին մուննաթ

Սա մի երկար պատմություն է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի, ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հ. Մուրադյանի, Չարենցավանի զինվորական կոմիսար, գնդապետ Ա. Հովհաննիսյանի, տարբեր ԲԿ-ների բժիշկների, զանազան անմարդկային կերպարների, մեր պետության ու մեր հասարակության տանջված վիճակի մասին: Ես կփորձեմ հնարավորինս կարճ պատմել, իսկ ամենակարճ տարբերակը, թերեւս, կլիներ այն, որ ուղղակի ասեի՝ վերը նշվածներն ուզում են զինծառայության տանել մի երիտասարդի, որը ոչ միայն պիտանի չէ զինծառայության, այլեւ նրա տեղը, գոնե իմ համոզմամբ, վանքն է:



Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ լրացել է Հայաստան վերադարձած ընտանիքի միակ արու զավակի՝ Արամայիս Սամվելի Խաչատրյանի զորակոչային տարիքը: Իսկ մինչ այդ՝ 2009-ին, սրտի կաթվածից անժամանակ մահացել էր Արամայիսի հայրը՝ կնոջ՝ Անժելայի հույսին թողնելով երկու զավակներին՝ որդուն եւ դստերը: «Արամայիսը դեռ փոքրուց վատառողջ էր, -պատմում է մայրը, -վտիտ երեխա էր, հիմա էլ, երբ արդեն 21 տարեկան է, կշռում է ընդամենը 48 կգ: Այս պահին Մուրացանի հոսպիտալում է, օրը 7 անգամ կերակրում եմ, կաշին ու ոսկորն է մնացել, հիվանդությունների մի ամբողջ փունջ են հայտնաբերել: Նա չի կարող ծառայել բանակում, նրան խնամող է պետք: 3 տարի եղավ՝ տանում-բերում են, էս ԲԿ-ից էն ԲԿ-ն են ուղարկում, նույնիսկ սահմանափակումներով ծառայության վայրից ազատեցին, որ շարունակի հետազոտվել: Հիմա էլ թուղթ են քաշել տվել, ու որոշվել է, որ պետք է ծառայի Ղարաբաղում: Ինչի՞ համար է այս ամենը, մի՞թե հիվանդ մարդը ծաղրի առարկա է մեր երկրում»:



Մոր պատմածները հաստատվում են ՀՀ Պնախարարի խորհրդական Գ. Հարությունյանի՝ ՀՀ զինկոմ Հ. Մուրադյանին եւ Չարենցավանի զինկոմ Ա. Հովհաննիսյանին գրած նամակով (26.07.2016): Կարդում եմ. «Ա. Խաչատրյանին 2014 եւ 2015 ամառային զորակոչերին սրտի եւ երիկամների խնդիրների պատճառով տրվել է տարկետում՝ 10 ամիս ժամանակով: Ընթացիկ զորակոչին հետազոտվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» եւ «Արմենիա» ԲԿ-ներում, Մաշկաբանության եւ սեռավարակների ԳԲԿ-ում: Ախտորոշվել է «Նեֆրոպտոզ աջից: Իզոլացված միզային սինդրոմ (պրտեինուրիա)», «Միտրալ համակարգի զարգացման արատ, աջ երիկամի գոտկային դիստոպիա», «Գլխի մազածածկ հատվածի սեբորեային դերմատիտ, դեմոդիկոզ»: ԿԲՀ-ի որոշմամբ, ՊՆ 410 հրամանի 54 գ. հոդվածով ճանաչվել է զինծառայությանը պիտանի՝ սահմանափակումով:



Հանձնաժողովը (զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի մասին է խոսքը՝ Էդ. Ա.) միջնորդում է՝ կատարել սրտաբանական հետազոտություն եւ փորձաքննություն, քանի որ 2014թ. ամառային զորակոչին տրվել է տարկետում՝ սրտի խնդիրների պատճառով, իսկ հետագա երկու զորակոչերին (2015-2016) սրտի առնչությամբ հետազոտություն եւ փորձաքննություն չի կատարվել»:



Հիվանդությունների այն փունջը, որ իր նամակում ներկայացրել է ՀՀ Պնախարարի խորհրդականը, հաստատվել է տարիներ շարունակ կատարված հետազոտություններով, ամեն հետազոտությունից հետո էլ նորանոր խնդիրներ են ի հայտ եկել, որոնց համադրումն էլ ավելի պարզ է դարձնում, որ այդ երիտասարդը պարզապես պիտանի չէ զինծառայության:



Դեռեւս 2014թ. ապրիլին կատարված մի հետազոտությամբ (չափումներ) պարզվել է, որ զինակոչիկի կրծքավանդակի վրա նկատվում է առաջնային պատի խելանման դեֆորմացիա, ստորին վերջույթների O-անման ծռվածություն (տարածությունը միջին կոճերի միջեւ՝ 11 սմ), կոնքի դեֆորմացիա, ձախ ստորին վերջույթի կարճացում 1,5 սմ՝ ֆունկցիայի խանգարումով:



Հետագա հետազոտություններով հայ բժիշկներն սկսել են տարբեր պարբերականությամբ հաստատել ու հերքել միմյանց ախտորոշումները: Մի ԲԿ-ում գրում են, որ սրտի աջ փորոքում խուլ աղմուկներ կան, մյուսում գրում են, որ ոչ մի աղմուկ էլ չկա, մի տեղ գրում են՝ մաշկը նորմալ գույնի է, մյուսում գրում են՝ մեջքին, բազուկներին եւ որովայնին առկա են թարախաբշտիկներ, հանգուցիկաթարախաբշտիկներ եւ արյունային կեղեւիկներ, ճակատի հատվածում առկա է մաշկից քիչ բարձր, հիպերեմիկ եւ թեփուկներով ծածկված օջախ, գլխի մազածածկ մասում նույնպես առկա են նմանատիպ օջախներ: Մի տեղ գրում են, որ երիկամն իջած է, մյուսում՝ ոչ մի խանգարում չկա: Մի բժիշկ էլ, սա արդեն վերջն է, կարդալով Արամայիսին տրված նախորդ ախտորոշումները եւ չիմանալով, որ երիտասարդի հայրը մահացած է, էշ-էշ հարց է տվել՝ տղա ջան, հերդ էս ինչքա՞ն փող է տվել, որ այսպիսի դիագնոզներ եք առել:



Արամայիսի մոր՝ Անժելայի հետ մեր զրույցը կարող էր ժամեր տեւել, բայց նա շտապում էր Մուրացանի հոսպիտալ՝ որդուն հաց տանելու եւ հերթական անգամ ՊՆ-ի եւ հայ բժիշկների անտարբերությանն ու անմարդկային վերաբերմունքին բախվելու: «Կերազեի, որ որդիս առողջ լիներ եւ ողջ կյանքը ծառայեր բանակում, բայց…»,- սրանք վերջին խոսքերն էին, որ ասաց նա՝ չկարողանալով զսպել արցունքները:



Հրապարակելով այս ամենը՝ ակնկալում ենք, որ ՊՆ-ն կփորձի որեւէ կերպ մեկնաբանել, թե ինչն է պատճառը, որ ամեն գնով ցանկանում է զորակոչել Արամայիսին եւ այն էլ՝ Ղարաբաղ, որտեղ պարզապես չի կարող ծառայել մի մարդ, որին մեկ անգամ արդեն սահմանափակումներով ծառայության են տարել եւ կրկին հետ ուղարկել բժշկական զննությունների: Խելամի՞տ է, արդյոք, բանակի վրա բեռ դարձնել ի ծնե եւ ձեռքբերովի ակնհայտ հիվանդություններով երիտասարդին: Եվ սա այն դեպքում, երբ շատ առողջ երիտասարդներ, ինչ է թե պապան շիշկա է, պարապ-սարապ թրեւ են գալիս Երեւանում: Մտահոգիչ է նաեւ այն, որ ՀՀ ՊՆ-ն 3 տարի շարունակ չի կարողանում կողմնորոշվել Արամայիս Խաչատրյանի զինակոչման անհնարինության հարցում: Պատճառը, ըստ երեւույթին, զորակոչից խուսափելու զանգվածային ձգտումն է եւ ԲԿ-ների հետ գզվռտոցը: Մինչեւ ողնուղեղը կոռուպցիայի մեջ թաթախված ՊՆ-ն եւ ԲԿ-ները չեն կարողանում ընկալել, որ արդեն Աստծո կողմից «պատժված» մարդը պետք է առանց փողի ազատվի գոնե իրենց պատիժներից:



Ապրիլյան պատերազմ եղավ, զինված անհնազանդություն… էլի ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասկանանք վերջապես՝ հասարակության հանդեպ անտարբերությունն ու նրան կողոպտելու, հաշմելու այս վերաբերմունքը դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ է:



ՀԳ. ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանին կոչ եմ անում ձեռքը հավաքել իր ենթակաների սանձերը եւ անձնական ուշադրության կենտրոնում պահել Արամայիս Սամվելի Խաչատրյանի (զորակոչված Չարենցավանի զինկոմիսարիատի կողմից) գործը: Կարող եմ վստահեցնել, որ ավելորդ տեղը լայն հնչեղություն ստանալուց հետո այն կարող է էլի մի խումբ հաստագլուխ գեներալների ուսադիր արժենալ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ