Ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը դուրս է գրվել հիվանդանոցից. նրան կազատեն աշխատանքից (ֆոտո)

Ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը դուրս է գրվել հիվանդանոցից. նրան կազատեն աշխատանքից (ֆոտո)

Օգոստոսի 2-ին ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակից 54-ամյա Հարություն Հ.-ն երեկ դուրս է գրվել Վանաձորի բժշական կենտրոնից: Այս մասին hraparak.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից՝ նշելով, որ տղամարդու վիճակն արդեն լավ է:



Հիշեցնենք, որ 54-ամյա Հարությունին կիսակառույցում արնաշաղախ վիճակում հայտնաբերել էին ՔԿՀ-ի իր գործընկերները, ովքեր, տեսնելով, որ Հարությունը առավոտյան չի ներկայացել աշխատանքի, այցելել էին բնակարան, հրելով բացել դուռն ու հատակին գտել գրություն, որտեղ նշված է եղել, թե որտեղ է ինքնասպան լինում: Աշխատակիցներն անմիջապես շտապել էին ՔԿՀ-ի և Հարությունի բնակարանի հարևանությամբ գտնվող կիսակառույց ու այնտեղ հայտնաբերել նրան ու տեղափոխել հիվանդանոց:



54-ամյա տղամարդը բնակարանում բազմաթիվ գրություններ էր թողել, որոնցում խնդրել էր որևէ մեկին չմեղադրել կատարվածի մեջ՝ միակ մեղավոր ճանաչելով պետությանը, որի մեղքով էլ բազմաթիվ վարկեր է կուտակել:
Տղամարդը ամուսնալուծված է, երեխաներ չունի:



ՔԿՀ-ի աշխատակիցներն ասում են, որ Հարությունին հաճախ են տեսել ալկոհոլ օգտագործած վիճակում:



Ի դեպ, Hraparak.am-ին հայտնի դարձավ, որ օգոստոսի երկուսին՝ դեպքի օրը, Հարությունը պետք է աշխատանքի չլիներ, քանի որ իր հերթափոխի օրը չէր, Հարությունը հերթափոխի մեջ փոփոխություն է արել ու խնդրել իրեն ծառայության նշանակեն օգոստոսի երկուսին, սակայն այդպես էլ չի գնացել աշխատանքի՝ կատարելով ինքնասպանության փորձ:
Ասում են՝ տղամարդու նպատակը ոչ թե կյանքին վերջ տալն է եղել, այլ ուշադրություն գրավելը իր խնդրին:



Մեր տեղեկություններով՝ ՔԿՀ վարչությունը նրան ազատելու է աշխատանքից: Այդ տեղեկությունը մեզ չհաջողվեց պաշտոնապես ճշտել:



Ալեն Գրգորյան